Հայերը չեն ցանկանում, որ աշխարհը մտածի, թե բոլոր հայուհիներն են Քիմի նման. BBC
Աշխարհահռչակ “BBC” կորպորացիան անդրադարձ է կատարել 32-ամյա հայուհի, ռեալիթի շոուների ամենահայտնի աստղերից մեկին` Քիմ Քարդաշյանին, եւ թե ինչպես են հայերը վերաբերվում ոչ ավանդական հայուհու փառքին:
“Քիմ Քարդաշյանի անունն ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում հայտնի է ռեալիթի շոուներով, ինչպես նաեւ սեքսուալ բնույթի տեսանյութով: Նրա հղիության մասին լուրը վերջերս հայտնվեց աշխարհի առաջնակարգ կայքերի եւ ամսագրերի` “BBC”-ի, “Washington Post”-ի եւ “Le Figaro”-ի առաջին էջերին: “Mail Online”-ի, “TMZ”-ի եւ “E Online”-ի նման կայքերում գրեթե օր չկա, որ Քիմի մասին որեւէ լուր չլինի:
Շատերը հետեւում են նրա կյանքի ամեն մի շրջադարձին, շատերն էլ անտարբեր են նրա կյանքում կատարվող իրադարձությունների նկատմամբ: Ոմանց համար էլ անհնարին է կարդալ նրա ազգանունը եւ չմտածել նրա հայկական ծագման մասին: Քիմն իսկական հայուհի է. նրա հայրը, պապը, ապուպապերը բոլորը հայ են եղել: Այսպիսիով, ինչ են զգում 3 մլն բնակչություն ունեցող երկրի բնակիչները` լսելով իրենց հայրենակցուհու փառքի մասին:
“BBC”-ի հայազգի լրագրող Արմեն Շահբազյանը նշում է, որ Քիմի հայտնի լինելու փաստը դեռեւս չի նշանակում, որ նրանք հպարտ են Քիմով: “Նա հայ է եւ հայտնի է ամբողջ աշխարհում. դա բավական է նրան սիրելու համար, սակայն որոշ մշակութային եւ ավանդական հարցեր կան, որոնց պատճառով հայերը չեն ցանկանում ընդունել, որ նա հայ է: Քարդաշյանին հաճախ համեմատում են Ազնավուրի հետ, ով հայերի ամենամեծ հպարտություններից է, սակայն Քիմն ավելի շատ բացասական ֆոնի վրա է դիտվում: Նրանք չեն ցանկանում, որ Քիմը ներկայացնի իրենց երկիրը, ինչի հիմնական պատճառը Քիմի բացահայտ սեքսուալ կյանքն է: Հայերը չեն ցանկանում, որ աշխարհում մտածեն, թե բոլոր հայուհիներն են այդպիսին “,-կարծիք է հայտնել Շահբազյանը: