Ուրախությունը վերածվել է դժբախտության
Իտալիայում 5-ամյա երեխան սրտի կաթված է ստացել ընտանեկան տոնի ժամանակ, երբ տեսել է բարեկամներից մեկին` հայտնի Բեֆանա կախարդի կերպարով հագնված:
Ողբերգությունը տեղի է ունեցել Սիցիլիա կղզում հունվարի 6-ին` Աստվածահայտնության տոնի օրը, երբ Իտալիայում ընդունված է երեխաներին քաղցրավենիք եւ նվերներ տալ: Ըստ ավանդույթի` երեխաները հատուկ գուլպաներ են կախում, իսկ հեքիաթային Բեֆանան դրանց մեջ իբր թե կոնֆետներ եւ նվերներ է դնում բարի եւ խելոք երեխաների համար: Կախարդին, որը իր տեսքով հիշեցնում է Բաբա Յագային, ընդունված է կերպարանավորել ծեր, անճոռնի կնոջ տեսքով` պարկը ուսին: Նման սարսափելի հյուր իրենց տանը տեսնելով` աղջնակը վախից մահացել է:
Բժիշկների խոսքով` երեխան ուժեղ էմոցիոնալ սթրես է տարել, որը մահացու արդյունքի է հանգեցրել այն պատճառով, որ նա սրտանոթային համակարգի հիվանդությունով է տառապել: