Ես, որ գամ Ձեր տուն, ինձ պիտի ասեք՝ խի՞ ես եկել, արա …
Վերջերս համացանցում աղմուկ բարձրացրած տեսանյութին է անդրադարձել esyes.am-ը` զրուցելով միջոցառման մասնակիցների հետ: Հիշեցնենք, Սպիտակցի Հայկոն եւ Կամո Սեյրանյանը քեֆ էին անում ադրբեջանցի Նասիբի հետ:
Սպիտակցի Հայկոյի մենեջեր Նորայր Ստեփանյանը հետևյալն է ասել. “Հայկոն չի ասել, որ Նասիբն իր եղբայրն է. նա երգել է, Հայկոն էլ մերն է երգել, ապացուցելով, որ նրանք ընդամենը հարյուր տարվա պատմություն ունեցող քոչվոր ազգ են, իսկ էդ երգերը, որ մենք ենք երգել, դեռևս 1800-ականնեի կեսին Կոմիտասն էլ է երգել: Թուրքն ու ադրբեջանցին միշտ եղել են ու մնալու են մեր ազգի դուշմանը:
Նույնիսկ արտերկրում, երբ մենք հանդիպում ենք թուրք երաժիշտների, միևնույնն է, նրանք բոլորը հասկանում են, որ մենք ատում ենք նրանց ամբողջ ազգին: Թուրքերը Հայկոյի և հայ ազգի բոլոր լավ տղաների դուշմանն են»: Նորայրը նշեց, որ սպիտակցի Հայկոն միջոցառմանը հրավիրված է եղել, ինչպես Նասիբը, սակայն նրա հետ ընդհանուր ոչինչ չունի:
Իսկ Կամո Սեյրանյանը, պարզվում է, ինտերնետային քննադատական մեկնաբանություններից շատ վրդովված է:
Երաժշտի պատասխանը ստորև. “Էս նյութը 5 տարի առաջվա նյութ էր, ուզում եմ իմանալ, էդ ո՞ր մի պարապն էր, որ հանեց մեյդան: Դեպքը եղել է 2007 թվականին Նոյեմբերյանում՝ ընկերոջս ծնունդին: Մենք ընկերներով գնացել էինք ծնունդի: Նասիբը ոչ հորս կողմից էր բարեկամ, ոչ մորս, ոչ էլ ինձ ընկեր էր: Նասիբին մենք հանդիպել ենք ևս մի անգամ Վրաստանում: Նա ազգությամբ կիսով վրացի է, կիսով ադրբեջանցի, ապրում է Վրաստանում, ինքը բաքվեցի կամ ադրբեջանցի չի: Ադրբեջանցին ո՞նց կարա սահմանն անցնի, գա Հայաստան, քեֆ անի:
Ես ի՞նչ վատ բան եմ արել, զե՞նք եմ ծախել, պետական գաղտնի՞ք եմ ասել, թե՞ ազգիս եմ դավաճանել: Կամո Սեյրանյանը մի անգամ ինչ-որ խնջույքի ժամանակ նվագել է մի հատ ադրբեջանցի երգչի հետ, դառավ ժողովրդի աչքի գրողը: Թող վերցնեն ձայնագրություններս լսեն, համերգներս, տեսահլովակներս նայեն: Ինչ-որ կայք գրել էր՝ “Ամոթ հայ դուդուկահարին”, բա որ ամոթ հայ դուդուկահարին, բա սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում աշխարհահռչակ երաժիշտների էի բերել Ամերիկայից, ովքեր նվագում են Յանիի, Շակիրայի, Ռիկի Մարտինի արկեստրում: Այդ նույն երաժիշտների հետ ես բեմ բարձրացա, համերգ տվեցի անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ, նույն ձևի լրագրողներից ինչ-որ մեկի մտքով չանցավ գրել՝ “Բրավո Կամո Սեյրանյանին”:
Ես, որ գամ Ձեր տուն, ինձ պիտի ասեք՝ խի՞ ես եկել, արա՛, պիտի ասեք՝ բարով ես եկել, մեր գլխի վրա էլ տեղ ունես, լավ եմ արել, ասել եմ: Իսկ ինչ վերաբերվում է հայրենասիրությանը, իմ եղբայրը ղարաբաղյան պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ է, դա մենք մեր ընտանիքով ենք տեսել: Երկրորդը՝ ես՝ 14 տարեկանում, 1994թ. զինադադարից 2 ամիս հետո պարի խմբով գնացել եմ ամբողջ Ղարաբաղի զորամասերում համերգ եմ տվել, ուրեմն ես էդքա՞ն անթասիբ տղա եմ, որ թուրքին կանչել եմ, դնում եմ գլխիս: Բացի էդ, մարդիկ ասում են՝ ադրբեջանական մուղամ, մուղամը ադրբեջանական չի, մուղամը պարսկական ծագում ունի, որը նվագում է ամբողջ արևելքի ժողովուրդը: Մեր “Զանգեզուր”, “Պեպո” ֆիլմերում լիքը հատվածներ կա, որտեղ դուդուկ են նվագում:
Ես երաժիշտ տղա եմ ու մենակ ես չէ, բոլոր հայտնի երգիչները Մոսկվայում ադրբեջանցի տղերքի հետ քեֆ էլ են անում, “ախպեր ջան” էլ են ասում: Պատերազմ հաղթած ժողովուրդ ենք, որ գնում ես Թուրքիա, թուրքը իմանում է՝ հայ ես, տեսնես, ոնց է փշի-փշի անում: Մենք վախենալու բան չունենք, մենք պատերազմ հաղթած ժողովուրդ ենք, որի ժամանակ եղբորս արյունն էլ է թափվել: Էդ վրդովվողները թող վրդովվեն, որ մեր աղջիկների կեսից շատը Թուրքիայում մարմնավաճառություն ա անում: Դրա մասին ինչի՞ չեն մտածում, կամ խի՞ են գնում Անթալիա՝ գիշեր-ցերեկ հանգստանում , ինչի՞ են թուրքական հագուստ հագնում:
Նույն հաջողությամբ, երկրի ղեկավարները, որ դրսում հանդիպում են թշնամուն, նստում են սեղանի շուրջ, ինչ-որ հարցի շուրջ խոսում: Հիմա ես շատ բան կարող եմ ասել. ամռանը ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարները եկել էին Հայաստան, որոնց մեջ Ադրբեջանի ՆՎԴ-ի նախարարն էլ էր, բա էդ բանկետի ժամանակ խի՞ չէին ասում՝ հեսա շշով կտամ գլխիդ, բա որովհետև հյուր ա:
Ես տեղյակ եմ, Երևանի ամենապրիստիժնի ռեստորանում պատիվ են տվել, թուրքերեն երգող էլ են բերել, թուրքական մուզիկա էլ ա եղել: Բոլոր հայ մեծանուն գործարար տղեքը դրսում շփվում են ադրբեջանցի լավ տղեքի հետ, բոլորի հետ էլ քեֆ են անում, իմ աչքի տեսածն եմ ասում: Ես երաժիշտ եմ, սաղ աշխարհը ման եմ գալիս, ամեն ինչ տեսնում եմ:
Մենք պատերազմ հաղթած ժողովուրդ ենք, պիտի մեծահոգի լինենք: Ես թուրքի վրա զենք չեմ ծախել, որ ամաչեմ ու մի բան էլ՝ արվեստն ազգություն չի ճանաչում: Ես շատ հաճախ եղել եմ միջազգային փառատոնների, որտեղ բոլոր ազգերը՝ ռումինացին, իտալացին, ուզբեկը, հայը, նույն ադրբեջանցին նստում են իրար հետ, նվագում են, մաստեր կլաս են անում, իրանց արվեստներն են ներկայացնում”: