Միլիարդատեր ամերիկացին Պուտինի հետ է
ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության հերթական բանավեճի ընթացքում առաջատար թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը կրկին անգամ առաջարկել է Մեքսիկայի սահմանի վրա պատ կառուցել, իսկ Միացյալ Նահանգներում գտնվող ապօրինի շուրջ 12 միլիոն ներգաղթյալներին՝ վտարել երկրից. «Մենք այլընտրանք չունենք, չունե՛նք»: Հանրապետական կուսակցության մյուս թեկնածուներին սակայն ապօրինի ներգաղթյալների խնդրի լուծման այդ ձեւը համոզիչ չի թվում:
«Տասներկու միլիոն ապօրինի ներգաղթյալ վտարելն անհնար է եւ դա դեմ է ամերիկյան արժեքներին», – պատասխանել է Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը:
Բանավեճի ամենասուր քննարկումներից մեկն առաջացավ Ֆլորիդայի սենատոր Մարքո Ռուբիոյի կողմից առաջարկված ռազմական ծախսերի ավելացման շուրջ, ինչը, մյուս թեկնածուների կարծիքով, սխալ է, հաշվի առնելով տնտեսության դեմ ծառացած մյուս մարտահրավերները: Ռուբիոն սակայն անկոտրուն էր.
«Մենք նույնիսկ տնտեսություն չենք ունենա, եթե չապահովենք անվտանգությունը: Մերձավոր Արեւելքում ծայրահեղականները գլխատում են քրիստոնյաներին, Իրանում այլ ծայրահեղականներ փորձում են միջուկային զենք ստեղծել, իսկ չինացիները մեզ Հարավչինական ծովից դուրս են հանում»:
Խոսվեց նաեւ Ռուսաստանի մասին: Ասելով, որ լավ ծանոթ է Վլադիմիր Պուտինին,Դոնալդ Թրամփն ավելացրեց.
«Եթե Պուտինը ցանկանում է գնալ եւ «Իսլամական պետություն» խմբավորման վերջը տալ, ես կողմ եմ, 100 տոկոսով»:
Հատկանշական է, որ վերջին շաբաթների ընթացքում Թրամփին աջակցող հանրապետականների թիվն իջել է եւ առաջին տեղը ներկայում նա գրեթե կիսում է մեկ այլ թեկնածու, նախկին նյարդավիրաբույժ Բեն Քարսոնի հետ, որը Թրամփից ընդամենը 0,4 տոկոսով է հետ: Երրորդ տեղում է հանրապետականների 12 տոկոսի աջակցությունը վայելող Մարքո Ռուբիոն: Հաղորդումը` «Ամերիկայի ձանի»-ի: