23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մենք ահավոր ատում ենք իրար. Վարդան Պետրոսյանի մոնոլոգը

չվիրավորել
Իմ ներկայացումներով երբեք անձնական վիրավորանք չեմ հասցնում մարդուն, չունեմ այդպիսի խնդիր: Արվեստի խնդիրն ուրիշ է. կարող ես քննադատել երևույթը, կառուցվածքը, մարդուն` երևույթի մեջ և ոչ թե մարդու անձնական ինչ-ինչ բաները: Պետք չէ այնպես նմանակել, պետք չէ ծաղրել այնպես, որ նրա բարեկամը կամ երեխան դրանից վիրավորվի:

ատում ենք իրար
Մենք պետք է մեր ներսը նայենք և փորձենք ազնվանալ: Մենք չար ենք: Բոլորս: Մենք ահավոր ատում ենք իրար: Սուտ ենք ասում, թե իրար սիրում ենք: Մեր դարդերում, մեր պրոբլեմներում ուզբեկները մեղք չունեն, ոչ էլ ղազախները, մեր պրոբլեմները մենք ենք ստեղծել մեր ձեռքով: Ինչպես ուզում եք, նայեք, ուզում եք փիլիսոփայաբար, պատմականորեն, հոգեբանորեն. մարդու պրոբլեմն իր մեջ է:

չեմ սիրում
Չեմ սիրում բոլշևիկներին` այդ հրեշներին, չեմ սիրում ֆաշիստներին, չեմ սիրում երիտթուրքերին: Չեմ սիրում մարդկանց, որոնք կոտորել են, մորթել են, փրթել են, բռնացել են, ի՞նչ սիրելու բան կա այդտեղ: Այդ շարքից, եթե խոսում ենք կոմունիստների մասին, շատ համակրում եմ, օրինակ, Բրեժնևին: Շատ եմ սիրում այդ մարդուն, խեղճն արդեն ծերուկ էր, ուզում էր գնալ թոշակի, չէին թողնում: Վերջին շքերթին խեղճ մարդն արդեն կիսամեռ կանգնած էր, ձեռքը, երևի, դոմկրատով էին բարձրացնում, հետևից էլ թաքուն սրսկում:

սխալները
88 թվականին Լենինականում երկրաշարժ եղավ, և փլվեց ամբողջ քաղաքը, փլվեցին սոցիալիստական ռեալիզմի ժամանակահատվածի մեր շենքերը, մեր հերոսական այդ ժամանակահատվածի, որ մինչև այսօր գովերգում ենք: Փլվեցին, որովհետև հիմքերը խորը փորած չէին, որովհետև արմատուրաները «պրովուլկեքից» էին, բետոնն էլ ավազ էր: Փլվեցին, որովհետև գողանում էինք, ծախում էինք բենզինը, ամեն ինչը, ալան-թալանի երկիր էր: 50 հազար մարդ կորցրինք: Խելք հավաքեցի՞նք դրանից: Ո՛չ: Այսօր սարքել ենք մեծ շենքեր: Աստված չանի` վաղը մի երկրաշարժ այստեղ լինի, հիմա կես միլիոն կկորցնենք` 500 հազար: Ի՞նչ ենք ասելու: «Ուր էիր, Աստվա՞ծ»: Աստված կասի. «Թանկագի’նս, 10-20 տարի առաջ եղավ այդ բանը, դու խելք չհավաքեցիր, ես ի՞նչ կարող եմ անել»: Խելոք ժողովուրդ ենք, ով ասես ունենք` Փարաջանով, Վիկտոր Համբարձումյան, դարի 5-6 դարակազմիկ, հզոր անձինք հայ են, մարդիկ, որոնք կարողացել են դարի մտածողության մեջ փոփոխություններ մտցնել: Կատակ ազգ չենք մենք` Խաչատրյան, Կոմիտաս, Սարյան, Փելեշյան: Բա այդքան խելք ունենալով` մենք չե՞նք մտածում, որ այդպիսի շենք պետք չէ սարքել:

սերը
Ես հավատում եմ մայրական սիրուն, ես հավատում եմ եղբայրական սիրուն, երբ եղբայրը մարդ է սպանում, գնում, նստում է բանտ, մյուս եղբայրը, իմանալով, որ լավ բան չի արել իր հարազատը, կյանքը դնում է, որ եղբորը բանտից ազատի, տունն է ծախում, այս անում, այն անում, բանտարկման ժամկետն է պակասեցնում: Դա է սերը: Ես այդ սերն եմ փորձում քարոզել:

դժոխք/դրախտ
Մարդ իր ներսում ապրում է և դժոխքը, և դրախտը: Յուրաքանչյուր մեծահարուստ մարդու ներսը դժոխք է: Դա ապացուցելու կարիք էլ չկա: Ինչքան փողը շատ է, այնքան դժոխքն` ուժեղ: Յուրաքանչյուր սիրահարված մարդու ներսում դրախտային վիճակ է: Երբ մարդ սիրահարված է, նրա համար ամենամութ զնդանը լուսավոր տիեզերք է: Սիրահարի կողքին լինելն արդեն ամեն ինչ է, ամեն մի զրկանք դառնում է ամենաքաղցր պարգևը, միայն թե նա կողքիդ լինի: Դե տեսեք` ոնց է լինում, որ այդ մութը, աղբը, ցուրտը սիրած էակի կողքին դառնում է դրախտ, իսկ այդ լիությունը, եթե սրտումդ սեր չկա, դառնում է դժոխք:

ընտանիքը
Ես տանը միշտ խենթություններ եմ անում, որ երեխաներս տեսնեն, որ իրենց պապան մի քիչ գիժ է, խենթ մարդ է: Օրինակ` եթե խոհանոցից հյուրասենյակ գնալիս տեսնեմ, որ երեխաները նվագում են, անպայման պարելով կանցնեմ: Եվ դրանից իրենք էլ են սկսում գժվել, զարգացնել իրենց միջի գժուկներին, և տանը ստեղծվում է խենթուկ մթնոլորտ, որը ես միշտ սիրել եմ: Չեմ սիրում լուրջ մթնոլորտ: Մեր տանն էլ է այդպես եղել` երգող, պարող, ուրախ: Ես միշտ աշխատում եմ երեխաների հետ ինչ-որ բան անել, երաժշտական խմբի պես մի գործ անել, որովհետև դա շատ կապում է: Ծնողը և երեխան պետք է ընկերներ լինեն:

իմ զրկանքներն ու ծնողները
Ես շատ զրկանքներ եմ ունեցել, փոքր հասակում էլ, մեծ հասակում էլ, ուսանողական տարիներին էլ: Եվ ես ուրախ եմ, որ այդ զրկանքների մեջ եմ մեծացել: Որովհետև դրանք են ինձ մարդ սարքել, դրանք են ինձ ստիպել երազել: Զրկանքները մարդուն պետք են: Եվ, ի վերջո, այդ զրկանքները ես ունեցել եմ իմ ծնողների ազնվության շնորհիվ: Նրանք ապրել են շատ դժվար ժամանակներում և ապացուցել են, որ կարելի է լինել ազատ և մաքուր: Ամեն ամսվա վերջին հարևանից մի ռուբլի պարտք էինք վերցնում` հաց առնելու համար: Երեք հացը 90 կոպեկ էր: Կամ մածունի շշերն էինք հանձնում, որ հաց առնեինք: Ալան-թալան էր, բայց իմ ծնողներն այդպիսին չէին, ապրում էին աշխատավարձով: Այդպիսի մարդկանց մասին ասում էին «հիմար», բայց ես գոհ եմ, որ նրանք էին իմ ծնողները:

ամենամեծ ցնցումները
7 տարեկանում ինձ համար մեծ ցնցում էր կույր աղիքի վիրահատությունը: Սարսափելի ցավերով էին ինձ բերել հիվանդանոց, ու չէի հասկանում, թե ոնց կարողացան այնպես վիրահատել, որ միանգամից այդ ցավերն անցան: Ես հիշում եմ ինձ վիրահատող բժշկի աչքերը. կապույտ էին, երեսը փակած էր, գլխին էլ գլխարկ կար: Բժիշկը վիրահատեց, հետո տարան պալատ, որտեղ ուրիշն ինձ հսկեց, և ես այդ վիրաբույժին այլևս չտեսա:

Ցնցում էր 10 տարեկանում Մինասի ցուցահանդեսը տեսնելը: Ես շատ էի նկարում: Բոլորն ասում էին` «Այս տղան նկարիչ պետք է դառնա»: Եվ հանկարծ ցուցահանդեսը տեսա ու մեծ ցնցում ապրեցի:

Հիվանդանոցում սիրահարված էի մի աղջկա: Ժաննա էր անունը, պեպենոտ, սիրունիկ աղջիկ էր: Ես ինը տարեկան էի, նա` ութ: Թվում է` փոքր երեխա է, այդքան սիրելու «ռեզերվ» որտեղի՞ց ունի, բայց պարզվում է, որ կա: Ես հոգեկան հիվանդության աստիճան սիրահարված էի: Տևեց 14 օր (այդքան մնացի հիվանդանոցում):

Երբ նրան տեսնում էի, փախչում էի, չէի կարող դիմանալ: Մի անգամ նույնիսկ հաց չկարողացա ուտել, որովհետև նրա դիմաց էին նստեցրել ինձ: Երբ դուրս էի գրվում, մտածում էի` կմահանամ… Բայց սկսվեց դպրոցը, և մեր դասարանի Արմինեն, որը նույնպես պեպենոտ էր, մազերը շատ կարճ էր կտրել և այնպես էր նմանվել Ժաննային, որ ասացի` վա~յ, էս ինչ լավ էր… Եվ այսպես փրկվեցի:

Աղբյուրը` newmag.am

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ