22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ադամն ու Եվան հայերեն են խոսել. մարգարեություններ Հայաստանի մասին

Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 7-ից սկսեց «Հայաստան. Արարչագործությունից մինչև Երկրորդ Գալուստ» խորագիրը կրող ամենշաբաթյա հանդիպումների շարքը: Երիտասարդների մեծ ցանկությունն էր առավել մանրամասնորեն ծանոթանալ օրերս հրատարակված «Հայաստան. Արարչագործությունից մինչև Երկրորդ Գալուստ» գրքի բովանդակությանը, որ հեղինակել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու սպասավոր Աշոտ դպիր Արևշատյանը:

Ըստ հեղինակի խոսքի՝ գիրքը հանրությանը ներկայացվելու է 4 հատորով, քանի որ անհրաժեշտություն կա բացահայտելու Հայոց պատմության այն էջերը, որոնց մասին շատ քիչ է խոսվել կամ էլ ընդհանրապես ծածկված է եղել անհայտության շղարշի ներքո: Այժմ ընթերցողը հնարավորություն կունենա ծանոթանալու 1-ին հատորում ներկայացված յոթհազարամյա պատմությանը՝ հիմքում ունենալով Հայաստանի և հայ ժողովրդին վերաբերող առանձնաշնորհները և վերելքները պայմանավորող զարմանահրաշ դեպքերը: Գիրքը ծավալուն գիտական աշխատություն է, յուրօրինակ տարեգրություն, գիտահետազոտական և մեկնողական գրականություն՝ հոգևոր և աշխարհիկ բազմաթիվ հեղինակների հիմնավորումներով:

«Այսօր ոչ միայն աշխարհը, այլև նույնիսկ հայերից շատերը պատկերացում չունեն իրենց իսկ պատմության մասին: Տարիներ առաջ մենք սկսեցինք ամբարել հայ ազգին տրված զարմանահրաշ շնորհների վերաբերյալ նյութեր, որոնք համաշխարհային և համաքրիստոնեական արժեքներ են, որ սկիզբ են առնում արարչագործության շրջանից և, որպես մի կուռ շղթա, առանց որևէ օղակի խաթարման կամ կորստի՝ հասնում է մինչև մեր օրերը: Մարգարեությունները Հայաստանի ապագայի մասին վկայում է, որ Հայոց պատմությունը, ներկա օրերի միջով անցնելով, շարունակվելու է՝ ընդհուպ աշխարհի վախճանը»,- ասաց Աշոտ դպիրը:

Բանախոսը երիտասարդներին մանրամասնորեն ներկայացրեց 1-ին հատորի վեց գրքերը: Հետաքրքրաշարժ այդ շղթան Հայոց երկիրն բացահայտում էր հետևյալ հերթականությամբ՝ Երկիր, որտեղ արարվեց Եդեմական Դրախտը, ուր հանգրվանեց փրկության տապանը, որին բախվելով սասանվեց համաշխարհային չարիքը, որտեղ գործածության մեջ է Դրախտի լեզուն, որի մշակույթը եղավ հին աշխարհի զարգացման մատակարարը և որին շնորհված է հինավուրց խորհուրդների բացահայտումները:

Ահա այս կուռ շղթայի վեց օղակներն ամփոփ կերպով՝

Հայաստանն է բուն արևածագի երկիրը՝ Արևելքը, որտեղից բխել է սկզբնական գետը՝ ճյուղավորվելով չորս գետերի՝ Փիսոն-Ճորոխի, Գեհոն-Արաքսի, Տիգրիսի և Եփրատի: Այստեղ էին Եդեմը, Դրախտը և կյանքի ծառը: Հայաստանն է առաջին մարդկանց՝ Ադամի և Եվայի բնակության վայրը: Այստեղ էր արտադրախտային կյանքը, այստեղ էր Երկրի վրա առաջին աստվածպաշտության վայրը, և Հայոց սուրբ հողն էր, որ ընդունեց առաջին սուրբ նահատակի՝ Աբելի արյունը: Եվ վերջապես՝ այստեղ կառուցվեց Նոյան տապանը՝ Քրիստոսի Եկեղեցու խորհրդանիշը և այստեղ էլ հանգրվանեց այն: Աստվածպաշտության այս առաջնեկ վայրում մատուցվեց առաջին զոհաբերությունը, երևաց ուխտի ծիածանը, տրվեցին նախնական պատվիրանները:

Արարատյան երկիրը, որ մինչ ջրհեղեղը կոչվում էր Արևելք և Եդեմ, Հայկ նահապետի անվամբ սկսեց անվանվել Հայք, Հայասա, Հայաստան: Ջրհեղեղից հետո մարդկության հայրենիք Հայաստանից Նոյի սերունդն իջավ Բաբելոն և ցրվեց աշխարհով մեկ: Հայոց հողի վրա էր, որ կռապաշտության համար տեղ չգտնվեց, և պահպանվեց Աստծո հանդեպ սուրբ հավատը: Այս երկրում էր, որ հնում եղավ առաջին համաշխարհային պատերազմը՝ բարու և չարի միջև, և այստեղ էր, որ հայոց բարեպաշտ նահապետ Հայկի կողմից արձակված նետից ընկավ առաջին նեռը՝ Նեբրովթ-Բելը:

Ինչպես Դրախտը և Նոյան տապանը գտնվել են Հայաստանում, այնպես էլ այստեղ պահպանվել է այն լեզուն՝ հայերենը, որով մինչ ջրհեղեղը խոսում էին Ադամն ու Եվան Դրախտում, իսկ հետջրհեղեղյան շրջանում, լեզուների խառնակումից հետո, միայն Արարատյան երկրում: Հայաստան աշխարհը Հայկ նահապետի տիրապետության շրջանում ապրում էր իր ոսկեդարերից մեկը:

Եվ վերջում, առեղծվածային Մելքիսեդեկը եղել է հենց հայոց մեծ նահապետ Հայկը, իսկ նրա հպատակներից Սաղեմի բարեպաշտ բնակիչները եղել են հայերը՝ նրա սերունդները:

Բանախոսությունն իրապես շարժել էր երիտասարդների հետաքրքրությունը, հիացմունքը և զարմանքը: Նրանց հարցերը վկայում էին այն մասին, որ գրքի բովանդակությունն իրենց առջև պատկերել էր անսպասելի, ցնցող և նոր բացահայտումներ իրենց իսկ երկրի մասին:

Նշենք նաև, որ «Հայաստան. Արարչագործությունից մինչև Երկրորդ Գալուստ» գրքի հեղինակն իր գրքում անդրադարձել է նաև Հայոց երկրի անկումային ժամանակաշրջանների պատճառներին՝ հետագայում կործանարար քայլերից խուսափելու նպատակադրումով:

Աղբյուրը` surbzoravor.am

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ