28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչո՞ւ է ծխելը դիտվում որպես մեղք

Ինչո՞ւ է ծխելը դիտվում որպես մեղք: Վնասո՞ւմ է արդյոք այդ սովորությունը հոգուն: Հոգու տարաբնույթ հիվանդությունները բնորոշվում են «կիրք» հասկացությամբ: Հայտնի են կրքերի մի շարք դասակարգումներ: Մարդու մեջ միավորված են մարմնավորն ու հոգևորը, հետևաբար կրքերը նույնպես լինում են և մարմնական և հոգեկան: Սակայն նրանց զատորոշելը դյուրին գործ չէ, քանի որ բոլոր կրքերի «էպիկենտրոնը» գտնվում է հոգում:

Առավել տարածված մարմնական կրքերն են. «որկրամոլությունը, շատակերությունը, ճոխությունը, շնությունը, հարբեցողությունը, գաղտնաբար ուտելը, մանկահասակների այլասերումը, հեշտասիրության զանազան դրսևորումները, անառակությունը, շվայտությունը, անմաքրությունը, արյունապղծությունը, անասնապղծությունը, վատ ցանկությունները և ամեն տեսակի հակաբնական և ամոթալի կրքերը»:

Ծխելը համարվում է հակաբնական կիրք, քանի որ շարունակական ինքնաթունավորումը չի բխում մարդու մարմնի բնական պահանջից: Բոլոր կրքերը գայթակղության քարեր են մեր փրկության ճանապարհին: Իր ծագմամբ մարդկային բնությունը, որպես Ամենագետ Աստծո ստեղծագործություն, որպես Նրա պատկեր ու նմանություն, ունի կատարելություն:

Մեր փրկությունը իրագործելով, մենք պետք է ձգտենք վերականգնել մեր մեջ Աստծո պատկերը, որը խեղաթյուրված է տարատեսակ մեղքերով, և ջանանք նմանվել մեր Երկնային Հորը: Քանի դեռ մարդը մնում է կրքի գերության մեջ, նրա հոգին անընդունակ է վերականգնել խեղաթյուրված պատկերը և վերադարձնել նախաստեղծ աստվածնմանությունը: Կրքերի կապանքներում գտնվող մարդու հոգին ապականվում է, միտքը՝ դառնում անկենդան, իսկ կամքը՝ թուլանում: Մարդը փաստորեն պաշտում է սեփական մոլությունները, ինչպես կուռքերի: «Կռապաշտը Աստծո թագավորության մեջ ժառանգություն չունի» (Եփես. 5:5):

«Առանց կրքերից մաքրվելու հոգին չի բժշկվում իր մեղսալից հիվանդություններից և չի հասնում այն փառքին, որը կորցրել է պատվիրանազանցությամբ» (Ս. Իսահակ Ասորի): Յուրաքանչյուր կիրք, որպես հոգու ախտ, աննշմարելի կերպով փոխշաղկապված է հոգու այլ հիվանդությունների հետ: Հոգում չկան անանցանելի պատնեշներ: Արմատացած կիրքը նպաստում է և այլ արատների ձևավորմանը: Ցայտուն կերպով արտահայտվում է եսասիրությունը:

Ծխելը մեղք է նաև այն պատճառով, որ քայքայում է առողջությունը:

Մարդն Աստծո օգնությամբ ի զորու է հաղթահարել ամեն մի կիրք ու մոլություն: Այն, ինչ անհնարին է թվում մարդուն, հնարավոր է դառնում Աստծո օգնությամբ, միայն պետք է հաստատ որոշում կայացնել, գիտակցելով հոգուն և մարմնին հասցվող վնասը, որովհետև ծխախոտը թմրեցնում է հոգին, բազմապատկում և զորացնում կրքերը, մթացնում գիտակցությունը, քայքայում մարմնի առողջությունը, դանդաղորեն տանելով դեպի մահ: Բարկացկոտությունը և տրտմությունը նույնպես հետևանք են հոգեկան տկարության, որ առաջանում է ծխելու սովորությունից: Նրանք, ովքեր բազմիցս ճիգեր են գործում թողնելու ծխելը, հոգու խորքում ընտելացած են այդ մոլությանը: Աստված միշտ էլ պատրաստ է օգնության հասնելու այդ փրկարար գործում, բայց սպասում է նրա կողմից սխրանքի:

Տկար գիտակցությունից նվազում է և համբերության զորությունը, իսկ հաստատուն միտքը իրեն հետևողին հաղորդում է գերբնական զորություն» (Ս. Իսահակ Ասորի):

Աղբյուրը՝ surbzoravor.am

Աննա Մուրադյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ