17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչպե՞ս հաղթահարել ամաչկոտությունը, համեստությունն ու անվստահությունը

Հուզմունքը մարդու համար սովորական ռեակցիա (հակազդեցություն) է բազմաթիվ կենսական հանգամանքներում` անսովոր իրավիճակներում, անծանոթ մարդկանց հետ հանդիպելիս, իշխանության ներկայացուցիչների կամ բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ: Մարդը, ստանձնելով իր համար նոր մի դեր, անհանգստանում է` սպասելով իր հատկությունների գնահատականին շրջապատի կողմից, նոր ծանոթություն ստեղծելիս, ժամադրություն նշանակելիս, մերժում ստանալիս, սեռական մերձեցման պահին և այլն… 

Ըստ մի հետազոտության` հարցումների ենթարկված չափահաս մարդկանց 40 տոկոսը համարել է իրեն ամաչկոտ: Ավելորդ կամ հիվանդագին հուզմունքը, լարվածությունը շփվելիս այդ մարդիկ բնական են համարում, մինչդեռ մնացածները ոչ մի անհարմարություն կամ լարվածություն նշված պահերին չեն զգում:

Ընդհանրապես, թեթևակի հուզմունքը շփվելու ընթացքում լիովին նորմալ է: Այնուամենայնիվ, հասարակության մեջ գտնվելիս, օրինակ, խնջույքում ամաչկոտ մարդը հակված է մտածելու, որ հուզվում է միմիայն ինքը, թեև տարբեր աստիճանի հուզմունք տվյալ պահին զգում են երեկոյի բոլոր մասնակիցները:

Ամաչկոտությունը և «քաշվածությունը» կապված են բացասական մտածողության հետ. երբ տեսնում ու ընդունում ես միմիայն վատը, դա իր հետ բերում է մշտական լարվածություն: Շփումների ընթացքում սովորականից ավելի հուզվող մարդիկ շատ հաճախ ցուցաբերում են նյարդայնություն, սխալներ են կատարում… Զարմանալի չէ, որ նրանց բոլորից հաճախ են մերժում ամենատարբեր հարցերում:

Անաչկոտ մարդիկ հաճախ տառապում են ցածր ինքնագնահատականից, ինչը հիմնականում լինում է անհիմն: Հաղթահարելով այդ սովորությունը և բարձրացնելով ինքնահարգանքը` նրանք թեթևություն են ձեռք բերում շփվելու համար և ազատվում են լարված շարժուձևից:

Կարողանում եք դուք արտահայտել ջերմության, համակրանքի, բարեհամբության, սիրո զգացումները մարդկանց հանդեպ: Հեշտ է ձեզ համար հարցեր տալ: Որքանով է հեշտ ձեզ համար շրջապատի մարդկանց հանդեպ պահանջներ ներկայացնելը կամ պարզապես խոսելը նրանց միջավայրում: Սովորել եք դուք պնդել ձեր կարծիքը և հասնել նրան, որ դիմացինները հաշվի նստեն դրա հետ: Միշտ կարող եք արտահայտել ձեր անհամաձայնությունը դիմացինի կարծիքի վերաբերյալ, կարողանում եք ոչ լարված, բայց հստալ «ոչ» ասել, մերժել մարդուն, եթե դա անհրաժեշտ եք համարում: Կարող եք տեղ հասցնել ձեր խոսքը զրուցելիս: Չեք զգում արդյոք մշտական վախի զգացում, որ կվիրավորեք դիմացինին: Չեք վախենում, որ ձեր գործողությունները կարող են անխելամիտ, նույնիսկ անմիտ համարվել դիմացինի կողմից…

Բոլոր այս հարցերը կապված են սեփական արժանապատվության զգացման և ինքնավստահություն հասկացության հետ: Ինքնավստահությունն այնպիսի վարքն է, որի դեպքում մեր անձնական հետաքրքություններին տրվում է նույնքան տեղ, որքան մնացած մարդկանց հետաքրքություններին: Դա ենթադրում է զգացմունքների ուղղակի և անկեղծ արտահայտում, դատողություններ, նախապատվություններ, ինչպես նաև սեփական իրավունքների գիտակցում և ընդունակություն դրանք պաշտպանելու:

Սովորաբար, մարդիկ չեն զգում, որ իրենց գործողություններով, այսպես ասած, «խայթում», վիրավորում են մեզ, մինչև ինքներս չենք ասում նրանց այդ մասին: Սեփական արժանապատվության զգացումը պահանջում է, որ մենք արտահայտենք մեր բացասական զգացումները, չճնշենք դրանք մինչև հերթական պոռթկումն ու դեպրեսիան: 

Այն մարդիկ, ովքեր կարողանում են անել դա, ոչ ոքի թույլ չեն տալիս ծանրաբեռնել իրենց ավելորդ պարտականություններով ու պատասխանատվությամբ: Այդպիսի մարդը կարող է լինել վճռական, «չոր», համառ, բայց նրա պահվածքում չի նկատվում թժնամանք դեպի շրջապատը: Հակառակը, դա օգնում է նորմալ շփմանը և կոնֆլիկտային իրավիճակների հաղթահարմանը:

Ձեր անինքնավստահությունը և ամաչկոտությունը դիմացիններից ոմանց մոտ առաջ է բերում ձգտումը առավելություն ամրապնդելու ձեր հանդեպ, ենթարկելու ձեզ իրենց կամքին: Այդ ձգտումը նրանց մոտ ոչ միշտ կարող է լինել գիտակցված, այն կարող է լինել նույնիսկ ակամա: Ձեր ցածր ինքնագնահատականը և անինքնավստահությունը թույլ են տալիս նրանց արհամարհել ձեր զգացումները, մերժել որևէ օգնության կամ ծառայության հարցում, ստիպել որևէ արարք գործել ձեր կամքին հակառակ, կոպիտ ձևով խառնվել ձեր գործերին, ճնշել իրավունքները կամ ամեն կերպ ղեկավարել ձեզ:

Անինքնավստահ մարդիկ ոչ մի կերպ չեն արտահայտում իրենց զայրույթը, առանց պայքարի հանձնվում են, հաճախ կախման մեջ են ընկնում այլ մարդկանց կողմից, զոհաբերում են իրենց հետաքրքրությունները, չեն կարողանում կամ ամաչում են բաց արտահայտել իրենց զգացումները կամ կարծիքները: Նրանք ամեն կերպ փորձում են խուսափել կոնֆլիկտներից, վախենում են վիրավորել դիմացինին կամ նահանջում են իրենց իրավունքները, ցանկությունները, հետաքրքությունները պաշտպանելուց: Այսպիսի պահվածքի տիպը չի ենթադրում հարգանք դեպի սեփական անձը: 

Բացասական մտքերը, հավասարապես որոշ ներքին հակվածությունները խանգարում են ինքնավստահություն զարգացնել մեր մեջ: Անկախ նրանից` գիտակցում ենք դա հստակ, թե ենթագիտակցորեն, դրանք խանգարում են մեր սեփական արժանապատվության զգացմանը: Անդրադառնանք, օրինակ, ընդունված բացասական մտքերից մի քանիսին.

Մտքեր, որոնք խանգարում են ինքնավստահ պահվածքին

1. Որևէ մեկի խնդրանքը մերժելը եսասիրական քայլ է:

2. Ինչ էլ որ պատահի, առաջին հերթին պետք է մտածել այլ մարդկանց և նրանց օգտակար լինելու մասին:

3. Չի կարելի շրջապատին ինչ-որ բան պարտադրել կամ ինչ-որ բանով ծանրաբեռնել:

4. Պետք է միշտ գոհ երևալ և երբեք չդժգոհել:

5. Լավ ընկերոջը անտեղի է բացատրել սեփական ցանկություններն ու կարիքները. նա ինքը դա կհասկանա:

6. Բարձրաստիճան մարդկանց հետ ավելի լավ է համաձայնել:

7. Երբեք չպետք է ասել կամ անել բաներ, որոնք կանհանգստացնեն ուրիշներին:

8. Ես չեմ ուզում ագրեսիվ լինել:

9. Ես չեմ ուզում ոչ կանացի երևալ:

10. Կնոջ դժգոհությունները վանում են ամուսնուն:

11. Պետք է աշխատել լինել իդեալական հայր (մայր, աշխատակից և այլն):

12. Ես այնքան համառ ու ճարտարախոս չեմ, որ ապրանքը ետ տանեմ խանութ ու փոխհատուցում պահանջեմ:

13. Ես պարզապես չեմ կարող դա անել: Հո չե՞մ ասի, թե իրականում ինչ եմ մտածում:

Եթե այս պնդումների որոշ մասը կամ նմանատիպ այլ մտքեր խանգարում են ձեզ ցուցաբերել վճռականություն, գտեք համապատասխան դրական տարբերակները և օգտագործեք ամենօրյա կյանքում: Ահա, օրինակ, այդ տարբերակներից մի քանիսը.

1. Այս պահից սկսած ես կպնդեմ իմ իրավունքներն ու կարծիքները:

2. Ինձ համարձակ ու վստահ պահելով` ժամանակի հետ կդադարեմ անհարմարություն զգալ:

3. Անմիտ է միշտ արհամարհել սեփական հետաքրքությունները և հաշվի նստել միայն դիմացինների պահանջների հետ:

4. Եթե ես սովորեմ «ոչ» ասել, ինձ այդքան հաճախ մանրուքների համար չեն օգտագործի:

5. Ես արժանի եմ նրան, որ մարդիկ հաշվի նստեն իմ հակումների ու զգացմունքների հետ:

6.Կոնֆլիկտային վիճակները հաղթահարելու համար ես մարդկանց պետք է իմաց տամ իմ դիրքորոշման մասին:

7. Երբեմն պետք է դժգոհել և բողոքել օգնություն գտնելու համար:

8. Սեփական իրավունքները պաշտպանելու մեջ ոչ կանացի ոչինչ չկա:

9. Քաղաքավարի ու համառ սեփական իրավունքները պնդելն ամենևին էլ ագրեսիվ վարք չէ:

Շատ կարևոր է նաև ժեսիտիկուլյացիան, դիմախաղը. բարձր, հստակ, վճռական ձայնն ունի բոլորովին այլ հնչողություն, քան թույլ, ցածր, արդարացող կամ միապաղաղ ձայնը: Ավելի լավ է նայել ուղիղ զրուցակցի աչքերին և ոչ կողքերը կամ կոշիկների կապիչներին, օրինակ: Տրամադրող, բայց ոչ վուլգար դիրքը զրույցի ընթացքում նույնպես ձեզ համոզչություն կհաղորդի:

Տեսողական շփումից խուսափումը, գետնին ընկած հայացքը, դեմքին ջերմ, տրամադրող հայացք տալու անկարողությունը, լարված դիրքը կամ անհանգիստ շարժումները կարող են ցույց տալ ձեր հուզմունքը, ցածր ինքնակարծիքը կամ թողնել այն տպավորությունը, որ դուք, չգիտես ինչու, չեք ուզում շփվել շրջապատի մարդկանց հետ: Եթե որևէ կոնկրետ իրավիճակ մեծ հուզմունք է պատճառելու ձեզ, պատրաստվեք դրան նախօրոք, եթե պետք է` օգտագործեք անգամ որոշակի խաղ:

Աշխատանքը անինքնավստահությունը հաղթահարելու վրա պետք է սկսել խնդրի հստակ գիտակցումից: Ավելի հստակեցնելու համար մտաբերեք այն պահերն ու իրավիճակները, որոնց դեպքում ավելի ուժեղ, միջին կամ թույլ եք հուզվում և պարզեք` երբ է ավելի հաճախ խանգարում ձեզ անինքնավստահությունը, ամաչկոտությունը.

1. Ձեր ղեկավարության, պաշտոնյաների, բարձրաստիճան մարդկանց հետ շփվելիս:

2. Անծանոթների հետ:

3. Տարբեր ծառայությունների աշխատողների հետ (վաճառողներ, մատուցողներ և այլն):

4. Ձեր ծանոթների հետ:

5. Գործընկերների հետ:

6. Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ:

7. Ձեր սեռակիցների հետ:

8. Անսովոր իրավիճակներում:

Սկսեք ինքնավստահություն ցուցաբերել ամենատարրական իրավիճակներում, ապա անցեք ավելի բարդերին:

աղբյուրը` erkusov.com

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ