2016 թ-ին կավարտվի Ստեփանավանի օդանավակայանի վերանորոգումը
2016 թվականին կավարտվեն Ստեփանավանի օդանավակայանի վերանորոգման աշխատանքները: Այդ մասին 2016 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը` պատասխանելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հարցին, թե հնարավոր ինչ ներդրումներ կարող են լինել Ստեփանավանի օդանավակայանի գործարկման ուղղությամբ: Նախարարը մանրամասնեց, որ ռուս գործընկերների հետ արդեն կա պայմանավորվածություն:
«Կարիք ունենք ծանր ուղղաթիռների, մասնավորապես` Մի-24-ի և Կ-32-ի: Պայմանավորվել ենք, որ այդ ուղղաթիռները հերթապահություն են անելու այդտեղ, և կլինի ծառայությունը: Բացի այդ` աշխատանքներ ենք տանում թեթև ուղղաթիռների և ինքնաթիռների ձեռքբերման ուղղությամբ և՛ ռուս, և՛ շվեյցարիացի, և՛ ֆրանսիացի գործընկերների հետ»,- մանրամասնեց նախարարը:
Էդուարդ Շարմազանովն արձագանքեց, թե կարելի է լինել, որ լինելով ԵՏՄ անդամ երկիր` մեզ հաջողվում է զարգացնել հարաբերությունները միաժամանակ թե՛ ռուս գործընկերների հետ, թե՛ ԵՄ անդամ պետությունների այլ երկրների հետ: ԱԺ նախագահը նաև գոհունակությամբ նշեց, որ նախարարությունն իր աշխատանքներում լուրջ առաջընթաց է արձանագրել: