Ինչպե՞ս պայքարել գրիպի դեմ
ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ավետիսյանը տեղեկացնում է, որ գրիպը և սուր շնչառական վարակները հնարավոր է մասամբ կանխարգելել` իմանալով դրանից պաշտպանվելու միջոցների մասին:
«Ցանկացած վարակիչ հիվանդության դեմ պայքարելու համար մենք պետք է իմանանք նրա տարածման մեխանիզմը: Այս պարագայում օդում տարածվող կաթիլների մասին է խոսքը: Երբ փակ տարածքում, որտեղ չկա օդափոխություն, մեկից ավելի մարդիկ են հավաքվում և նրանցից մեկը հիվանդ է, հազալու և փռշտալու միջոցով կարող է այդ վիրուսը տարածել մնացածին: Այդ պատճառով էլ հարկավոր է հազալու և փռշտալու հիգենա պահպանել»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց մասնագետը:
Լիլիթ Ավետիսյանը խորհուրդ է տալիս փռշտալիս ու հազալիս ձեռքով չփակել բերանը. այդ կերպ մենք նպաստում ենք օդակաթիլային վարակների տարածմանը: «Ցանկացած վարակիչ հիվանդության դեմ պայքարելու համար պետք է իմանալ տարածման ճանապարհը: Հազալու, փռշտալու հիգիենա պետք է իմանալ, ձեռքով փակելը չի խրախուսվում: Պետք է ձեռքով փակելու փոխարեն՝ թղթե բաց անձեռոցիկով փակել բերանը, ապա անձեռոցիկը փակած վիճակում նետել: Կարելի է նաև արմունկով փակել բերանը, որովհետև արմունկով քիչ է շփումը իրերի, մարդկանց հետ»,- նշում է ԱՆ աշխատակիցը:
Մասնագետը խորհուրդ է տալիս հիվանդ ժամանակ տնից դուրս չգալ ու հաճախակի օդափոխել սենյակը: