Սիրուշոն բացահայտում է իրեն /ֆոտո/
Երգչուհի Սիրուշոն Ֆեյսբուքյան իր էջում պատմել է, որ իր նոր` ”Pregomesh” երգի տեսահոլովակում տեղ գտած հագուստների պատրաստման մասին` ասելով, որ ինքն է դրանց հեղինակը:
“Հագուստների հեղինակը ինքս եմ: Ստեղծելիս ցանկանում էի զուգահեռներ անցկացնել ժամանակակից նորաձևության և ազգային հագուստի մեջ: Ազգայինը հնարավորինս գրագետ ներկայացնելու համար սկսեցի ուսումնասիրել տարազը: Առաջին հանդիպումը կայացավ շատ հաճելի մի կնոջ հետ` տարազագետ Սվետլանա Պողոսյանի, իմ անթիվ հարցերով փորձեցի գտնել հետաքրքրող պատասխաններ, նշանակություններ, պատմություն, տարածաշրջանային տարբերություններ, ձեռք բերեցի գրքեր, այցելեցի թանգարաններ:
Սարդարապատի թանգարանում գտա առաջին հագուստիս ոգեշնչման աղբյուրը, որն ուղիղ առնչություն ունի երգիս հետ՝ գոմշապահի հագուստը:
Ինձ հիացրել էր Սուրբ Գևորգ (Մուղնի) եկեղեցու գեղեցկությունը և հասկացա, որ տեսահոլովակս հենց այստեղ պետք է սկսվի. այն իր մեջ մեծ խորհուրդ ունի…
Ուսումնասիրություններիս ընթացքում առիթ ունեցա հանդիպելու նաև մարդկանց, ում հետ այս գործի շուրջ չաշխատեցինք, սակայն նրանց աշխատանքից շատ ոգևորվեցի. նկարիչ Արմեն Ղազարյան, առիթ ունեցա լինելու Արծրուն Բերբերյանի արվեստանոցում և ծանոթացա նրա դստեր` Անահիտ Բերբերյանի աշխատանքներին:
Անդրադառնալով տարազին` չէի կարող չհանդիպել Լուսիկ Ագուլեցուն, ինձ ծանոթ միակ մարդը, ով մինչ օրս քաղաքում շրջում է տարազով: Այս ընթացքում արդեն սկսեցի աշխատել կարմիր զգեստի վրա: Ագուլեցու մեծ հավաքածուից մանրամասնորեն ընտրեցինք այն զարդերը, որոնք կրելու եմ, ինձ համար հատկապես թանկ է գոտին, որն ինձ փոխանցվել է տատիկիցս:
Ինձ շատ է ոգևորել Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուն: Տեսահոլովակում ժամանակահատվածի ոգին ու տրամադրությունը հաղորդելու համար հորս խորհուրդով նկարահանվեց տղամարդկանց հին հայկական խաղ, որը կոչվում է <<ղայիշ լախթի>>: Իմ պարային հագուստը ստեղծելու համար անդրադարձա Վասպուրականի տարազին` փորձելով ցույց տալ այն, որ աշխարհում արդեն բավական ժամանակ նորաձև դարձած ացտեկների հագուստի փոխարեն կարող էր մեծ ճանաչում ունենալ հայկականը”,-գրել է Սիրուշոն: