Յոթուկես տարի անց. Աստղիկի ու Նարբեի խորհրդանշական հարսանիքը` 12.12.12-ին /ֆոտո/
Դերասաններ Աստղիկ Ալավերդյանն ու Նարբեն սրտատրոփ սպասել են 12.12.12-ին, որ օրինականացնեն իրենց հարաբերությունները եւ Աստծո օրհնությամբ միմյանց հավերժ սիրելու խոստում տան:): “Ընտանեկան պատմություններ” հեռուստածրագրի դերասան-հաղորդավարներն երեկ պսակադրվել են Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում, որտեղ ամռանը մկրտվել է Աստղիկը:
26-ամյա դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ Նարբեն դեռ 17 տարեկանից որոշել էր, որ պետք է ամուսնանա հենց այս խորհրդանշական թվերով օրը. “Ես այդ ժամանակ իր կյանքում չեմ եղել, բայց նա արդեն որոշել էր, եւ չէի կարող չհամաձայնել: Մենք երկար ժամանակ է` միասին ենք` 7 տարի եւ 3 ամիս, անհամբեր սպասում էինք այս օրվան”:
Դերասանների հարսանիքը հայկական ստանդարտներից փոքր-ինչ դուրս է. չկա հարսնաքույր եւ խաչեղբայր, փեսան հարսին դիմավորել է գեղեցկության սրահում, միասին լուսանկարվել են Հանրապետության հրապարակի ժամացույցի տակ, մոտ երեք ժամ տրամադրել են հարսանեկան ֆոտոշարքի իրականացմանը, այնուհետեւ եկել եկեղեցի եւ այս պահին խնջույքը մոտ 280 հյուրի հետ շարունակում են “Լաթար” ռեստորանային համալիրում:
Ավանդական տարոսիկների փոխարեն էլ նորապսակներն իրենց ծաղրանկարներով հրավիրատոմս են նվիրել բոլոր հյուրերին. “Ում նվիրում էինք, առաջին պահին փայլող աչքերով նայում էին ու հավանում: Ոչ ոքի ձեռքը չի գնա հրավիրատոմսը դեն նետել. որպես մեր հարսանիքի հուշ տարոսիկի փոխարեն այն կպահեն”:
Աստղիկ Ալավերդյանը պատմել է, որ մոտ երկու տարի փորձել է տարբեր տեսակի հարսանեկան զգեստներ, մինչեւ գտել է իր ճաշակին համապատասխան զգեստը. “Վերջապես հագա իմ սրտի ուզած զգեստը, որը պատվիրել եմ Թեհրանում` Անգլիայից ժամանած մոդելավորողի մոտ”:
Աստղիկը տեղեկացրել է` քանի որ Նարբեն արմատներով Թեհրանից է, նրանց երկրորդ հարսանիքը հունվարին կկայանա այնտեղ. “Նրա ամենամոտ հարազատները եկել են, բայց բարեկամության մեծ մասն այնտեղ է, կրկին նույն զգեստով հարսանեկան խնջույք կանենք այնտեղ, բայց, իհարկե, առաջնայինը մեր ընկերների հետ այստեղ իսկական քեֆ անելն է”: