Ուկրաինացի պատգամավորը կարտոֆիլ է ուղարկել Մեծ Բրիտանիայի թագուհուն
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի պաշտոնական նստավայր Բուքինհեմյան պալատը պատասխանել է սկանդալային համբավ ունեցող ուկրաինացի պատգամավոր Օլեգ Լյաշկոյի հաղորդագրությանը: Պատասխան նամակ է եկել նրա կուսակցության հասցեով:Այդ մասին հայտնել է պատգամավորը` իր ֆեյսբուքյան էջում:
Մի քանի ամիս առաջ Լյաշկոն իր ծննդավայրում` Չեռնիգովսկի մարզում աճեցրած կարտոֆիլ է ուղարկել թագուհուն` հաղորդագրությամբ, որում ասել է, թե ցանկանում է, որ թագուհին փորձի այդ գյուղատնտեսական մթերքը, գնահատի նրա որակը եւ օգնի իրեն պաշտպանել ուկրաինցի գյուղացիներին:
“Ես իմացել եմ, որ Ձերդ Գերազանցությանը մատուցում են բացառապես Կիպրոսից բերված կարտոֆիլ, իսկ մերը` որակյալ ուկրաինական կարտոֆիլը, պահանջարկ չունի: Չեռնիգովսկի գյուղացիները չեն կարողանում վաճառել այն նույնիսկ շատ ցածր գնով”,-իր նամակում գրել է Լյաշկոն:
Նրան պատասխան նամակ է ուղարկել Բուքինհեմյան պալատի` նամակագրության գծով ծառայող Ջենի Վայնը: “Կարծում եմ` Դուք հասկանում եք, որ խոսք լինել անգամ չի կարող այն մասին, որպեսզի թագուհին միջամտի այլ ինքնիշխան պետության հարցերին”,-գրել է նա` հատուկ ընդգծելով, որ թագավորական սեղանի համար կարտոֆիլի միակ մատակարար երկրի մասին տեղեկությունը սխալ է:
Պատգամավորն այդ ամենից եզրակացրել է, որ թագուհու գրասենյակի աշխատակիցները նույնիսկ ցույց չեն տվել թագուհուն իր ուղարկած կարտոֆիլը, ինչի առթիվ նա ափսոսանք է հայտնել:
Սա Լյաշկոյի առաջին նմանատիպ ակցիան չէ` ի շահ ուկրաինացի գյուղատնտեսների: Անցյալ տարի նա կես տոննա կարտոֆիլ էր բեռնաթափել Գերագույն Ռադայի դիմաց: Գենադի Օնիշենկոյին նա փորձում էր պանրով կերակրել, իսկ խորհրդարանում ելույթ ունենալիս` հոտ էր քաշում իր հետ բերած հողի կտորից: