“Թագավորական” խաղի պատճառով բրիտանացի բուժքույրն ինքնասպան է եղել
Լոնդոնյան հիվանդանոցի բուժքրոջը, ով ավստրալացի հաղորդավարների խաղի զոհն էր դարձել, մահացած են գտել: Ոստիկանները կարծում են, որ Ջասինտա Սալդանյան, ով սխալմամբ նպաստել էր հղի Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնի առողջական վիճակի մասին ինֆորմացիայի տարածմանը, ինքնասպան է եղել:
Բուժքրոջ դին գտել են իր տանը` Էդվարդ 7-րդի անվան հիվանդանոցից ոչ հեռու, որտեղ նա աշխատում էր 4 տարի: Հիվանդանոցի անձնակազմի հավաստմամբ` նա հիանալի բուժքույր էր, ով իր գործընկների կողմից մեծապես հարգված է եղել:
Դեկտեմբերի 4-ի առավոտյան Ջասինտան հեռախոսազանգ է ընդունել “2Day FM” ռադիոկայանի հաղորդավարներ Մել Գրեյգից եւ Մայքլ Քրիստիանից, ովքեր ներկայացել են որպես Մեծ Բրիտանաիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդ եւ նրա ամուսին Ֆիլիպ: Նրանք խնդրել են բուժքրոջը կապվել այն հիվանդասենյակի հետ, որում իրենց թոռան` արքայազն Ուիլյամի կին Քեյթ Միդլթոնն էր գտնվում եւ հարցրել են նրա առողջական վիճակի մասին:
Քեյթին հոսպիտալացրել էին սրտխառնոցների նոպայի պատճառով: Դեկտեմբերի 3-ին պաշտոնապես հայտարարվեց, որ նա երեխայի է սպասում:
Հիվանադանոցի անձնակազմը, ինչպես նաեւ հաղորդավարները, ներողություն են խնդրել կատարվածի համար: