09 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արտաքինի դերը սիրային հարաբերություններում

Արտաքնապես իրար չհամապատասխանող, բայց երջանիկ զույգերի հանդիպելիս մեզնից շատերը մտածում են. «Կարծես կույր լինի, կողակցի տգեղությունը մի՞թե չի նկատում»: Ու անմիջապես էլ եզրակացնում ենք՝ «Սերը կույր է»: Այնուամենայնիվ, տգեղ տղամարդու կողքին գեղեցիկ կին տեսնելու մտքին ավելի հեշտ ենք համակերպվում, քան հակառակին: Նման դեպքում նույնիսկ եզրակացնում ենք, որ իդեալական զույգ է. տղամարդը` քվազիմոդո, կինը` կույր: Այս մոդելն ավելի արդարացի է թվում: 
Կյանքի շարժիչ ուժը

Իրականում մենք բոլորս էլ ինչ-որ չափով կույր ենք: Դա տրամաբանական է, քանի որ առանց որոշակի կուրության շատ դժվար կլիներ ապրելը: Մենք աչք ենք փակում շատ թերությունների վրա, հակառակ դեպքում մարդկային ցեղը չէր կարող շարունակվել: Եթե նույնիսկ տեսականորեն փորձենք պատկերացնել մի հասարակություն, որտեղ բոլորը հավասար կլինեին, միևնույն է, իրենց արտաքինով մարդիկ չեն կարող նման լինել: 

Դե ինչ, մեզ մնում է հիանալ, որ գեղեցիկ մարդիկ ոչ միայն հեքիաթներում են պատահում, այլև` առօրյա կյանքում, և դա օրինաչափ է, որովհետև նրանց գոյությունը յուրօրինակ շարժիչ ուժ է, որը մյուսների մեջ ևս արթնացնում է նրանց նմանվելու, գեղեցիկ երևալու ձգտում: Եթե բոլորը հավասարապես գեղեցիկ լինեին, գեղեցիկի հասկացողությունն ընդհանրապես կվերանար: Համաձայնեք, որ տխուր պատկեր կստացվեր:

Բնական ցանկություն

Որքան էլ ընդունված լինի կարծել, թե գեղեցիկ երևալու ձգտումը միայն կանանց է բնորոշ, չենք կարող հերքել, որ տղամարդիկ ևս դրան դեմ չեն: Այնպես որ պետք է ըմբռնումով մոտենալ այն երևույթին, որ ուժեղ սեռի ներկայացուցիչները նույնպես սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել իրենց սանրվածքին, հագուստին, նույնիսկ բազմապատկվել է այն տղամարդկանց թիվը, ովքեր դիմում են պլաստիկ վիրահատությունների` շտկելու արտաքին որևէ թերություն: Դա տասնամյակներ առաջ մեզ` հայերիս, այնքան էլ հարիր չէր, բայց կարծես նաև այդ ոլորտում են տեղաշարժեր նկատվում: Իսկ ինչո՞ւ չպետք է Ձեր կողքի տղամարդը ձգտի գեղեցիկ լինել: 

Թերությո՞ւն, թե՞ առանձնահատկություն 

Եթե ավելի անկեղծ լինենք, իրականում կատարյալ գեղեցկություն չի էլ լինում: Օրինակ՝ գեղեցիկ տղամարդկանց կարելի է հանդիպել պաստառների վրա, հոլովակներում: Նրանք գովազդում են որևէ բջջային կապ, սիգարետներ և այլն: Բայց չէ՞ որ դրանք իրական մարդիկ չեն, այլ` նկարներ:

Իսկ ինչ վերաբերում է միս ու արյունից կազմված մարդկանց, նրանց, ովքեր մեր կողքին են, ում մենք հաճախ ենք տեսնում ու համոզված ենք, որ գոյություն ունեն և իրական մարդիկ են` իրենց բոլոր թերություններով, ապա նրանց հաստատ չենք կարող կատարյալ գեղեցիկ անվանել: Մեկը մի փոքր ճաղատ է, մյուսի մաշկն է անհարթ, երրորդի ականջներն են խանգարում: Էլ չխոսենք վերջին տասնամյակում հայ տղամարդկանց համար շատ բնութագրական թերությունների մասին, ինչպիսիք են հաստ պարանոցն ու մեծ որովայնը: 

Մի բան հաստատ է: Եթե դու սիրում ես նրան, ապա քեզ համար նրա թերությունները դադարում են այդպիսին լինելուց, և դու ոչ թե կույր ես ու դրանք չես նկատում, այլ պարզապես նրա թերությունները քեզ համար դառնում են առանձնահատկություններ, և դու սիրում ես նրան բոլոր իր այդ առանձնահատկություններով:

Երբ գալիս է «Նորին մեծություն» սերը…

Իսկ եթե ավելի լուրջ` սիրո արմատները, ի տարբերություն արտաքին գեղեցկության, շատ ավելի խորն են: Սերը ոչ թե միանգամից է գալիս, այլ աստիճանաբար, աննկատելի, տարիների ընթացքում: Այն քարը քարի վրա է դնում, ամրոց դառնում, որի կամարների տակ էլ հաստատվում է ընտանեկան երջանկությունը: 

Ի՞նչ է թաքնված սիրուն դիմակի տակ

Հակասական մի բան էլ կա: Եթե քեզ գրավում են գեղեցիկ տղամարդիկ, ուրեմն ինքդ դժգոհ ես քո արտաքինից և ենթագիտակցաբար փնտրում ես մեկին, ով կլրացնի այդ բացը: Իրականում ի՞նչ է գեղեցկությունը, որո՞նք են դրա չափանիշները, ո՞րն է դրա արժեքը: Գեղեցկությունն ինչ-որ անորսալի և անհասկանալի հասկացություն է: Դա այնպիսի մի երևույթ է, որը չես կարող սահմանել, նկարագրել, այն գրավում է առաջին հայացքից, իսկ մեկ ամիս անց արդեն չես էլ նկատում…

Երբ առաջին տպավորությունն անցնում է, արդեն սկսում ես նկատել, թե նա` քո զուգընկերը, ինչպիսին է ներքուստ, հոգում ինչ ունի ամբարած: 

Մի ծանոթ տղա կար, ում առաջին անգամ տեսնողները զմայլվում էին: Այնքան գեղեցիկ էր, որ դժվարանում էիր հայացքդ նրանից կտրել. անթերի դիմագծեր, ատլետիկ կազմվածք: Ամուսնացավ սովորական, կարելի է ասել, նույնիսկ տգեղ մի աղջկա հետ: Աղջիկը մինչև ականջների ծայրը սիրահարված էր, նրա սերը հերիք էր երկուսին էլ, իսկ տղայի համար աղջկա արտաքինը կարևոր չէր: Զարմանում եք: Հավատացեք, որ դա բոլորովին էլ տարօրինակ չէ, որովհետև գեղեցիկի համար գեղեցկությունն էական չէ, նա այդ առումով ոչ մի հիվանդագին բարդույթ չունի: Նրա համար գլխավորը ոչ թե գեղեցկությունն է, այլ մարդը: Եվ եթե նա նույնիսկ մի կնոջը լքի մեկ ուրիշի համար, ապա պատճառն արտաքինը չի լինի: Բայց վերը նշված պատմությունն այլ ավարտ ունեցավ: Շատ քիչ ժամանակ պահանջվեց, որ աղջիկը հասկանար` իր ընտրյալը միայն արտաքինով էր փայլում: Աստիճանաբար աղջկա սիրահարվածությունը հալվեց, գնաց, իսկ սերն այդպես էլ չեկավ լրացնելու այդ դատարկ տեղը… 

Դու գեղեցկուհի ես

Մի խոսքով, եթե դու տղամարդկանց սիրում ես իրենց գեղեցկության համար, հնարավոր է, որ դու ինքդ ես քեզ քվազիմոդո զգում: Քո մեջ տգեղությունն է խոսում: Հնարավոր է, որ դու երբեմն ապստամբում ես ու ցանկանում բղավել` «Հետո ինչ, որ ես տգեղ եմ, փոխարենը ես շատ խելացի եմ»: Մի շտապիր այդպիսի եզրակացություն անելու հարցում, քանի որ բոլոր կանայք էլ գեղեցիկ են: Իսկ այն, որ դու սիրահարվում ես գեղեցիկ տղամարդկանց, վկայում է այն մասին, որ դու անվերջ ձգտում ես կատարելության: Դու սխալվում ես, եթե կարծում ես, որ նա փոքր-ինչ կույր է, որ քո արտաքինը նրա համար կարևոր չէ, և որ սա այն դեպքն է, երբ կյանքի «անարդարությունը» քո օգտին է գործել: Ոչ, և հազար անգամ ոչ: Դու մոռանում ես մի մանրուք. դու գեղեցկուհի ես: Հենց դրա շնորհիվ է, որ դու հնարավորություն ունես նրա կողքին լինելու: Ձեզ մնում է լրացնել միմյանց, սիրո ձեր դղյակը կառուցել, ժառանգներ ունենալ ու երջանիկ լինել:

աղբյուրը` erkusov.com

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ