15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Եղեգնաձորի գործարանից շուտով տոլմա կարտահանվի

Մոտ չորս ամիս առաջ վերագործարկվեց Եղեգնաձորի պահածոների գործարանը, որը տասնամյակներ փակ էր։ Նոր սարքավորումներ, նոր մոտեցում աշխատանքին: Միացյալ նահանգներում կրթություն ստացած և բանվորից մինչև գործարար աշխատած Սարգիս Պողոսյանը հայրենի Եղեգնաձորում հիմնեց սեփական արտադրությունը։

«Կրթական ծրագրով գնացել էի ԱՄՆ։ Երբ ավարտեցի ուսումս, մնացի որոշ ժամանակ և այդ ընթացքում տարբեր աշխատանքներ եմ կատարել. բանվոր եմ եղել, հետո բիզնես սկսեցի այնտեղ։ Բայց որոշեցի վերադառնալ ու իմ ծննդավայրում մի գործ անել»,-պատմում է նա։

Ներկայումս գործարանում 63 տեսակի պահածո է պատրաստվում։ «Ուզում ենք  առաջիկայում շատացնել։ Հատկապես պետք է նշեմ, որ նախատեսում ենք տոլմա պատրաստել և տարաներով արտահանել»,-նշում է հիմնադիրը։

Հարցին, թե հարկային մարմինները չե՞ն խանգարում իր աշխատանքին, ասում է. «Ոչ ոք չի կարող խանգարել։ Կարող են դանդաղեցնել բիզնեսդ, բայց եթե լավ ես աշխատում, ձգտումներ ունես, ոչինչ չի կարող խանգարել»։

Գործարանն այժմ 120 աշխատակից ունի։ «Ես Ռուսաստանից վերադարձա, աշխատանք էի փնտրում։

Իմացա, որ գործարանը նոր է բացվել և դիմեցի։ Շատ կարևոր է մարզի համար այս արտադրությունը։ Մեկ ամիս է՝ ինչ աշխատում եմ։ Տարբեր աշխատանքներ եմ կատարում. լվանում եմ վարունգը, գազարը և այլ մթերքներ։ Պատրաստում ենք տարբեր պահածոներ։ Եթե գործդ սիրով ես անում, հեշտ է դառնում։

Եղանակը լավ է, բերքը շատ համեղ է և պահածոներն էլ լավն են ստացվում»,-նշում է աշխատակիցներից Սեդա Սարգսյանը։

«Ես խավիարի համար աղում եմ բանջարեղենը։ Կաթսայավարուհին տապակում է, հետո ես եմ անցնում գործի։ Եղեգնաձորի քոլեջում ծրագրավորում եմ սովորել, հետո վարսահարդարման դասընթացներ անցել։ Ու չնայած հիմա այլ աշխատանքով եմ զբաղվում, բայց գոհ եմ»,-ասում է 21-ամյա Հասմիկ Ավետիսյանը։

Աշխատողները միջինում 80.000 դրամ աշխատավարձ են ստանում։ Ղեկավարը վստահեցնում է, որ սա դեռ սկիզբն է.

«Մեծ պահանջարկ կա. ունենք գործընկերներ Ռուսաստանից։ Այնտեղ այս արտադրանքը «Հայաստանի համը» անվամբ է խանութներում վաճառվում։ Տեղի շուկայի համար դեռ անուն չենք որոշել, բայց շուտով դա էլ կլինի»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ