27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բացվելո՞ւ է դեկտեմբերի 21-ի առավոտը. Ազգ

Այնուամենայնիվ, ինչպես է բացվելու դեկտեմբերի 21-ի առավոտը. յուրաքանչյո՞ւր անգամվա պես, ինչպես սովոր ենք ձմռան այս ամսվա բնությանըՙ սառը լույսի աղոտ լուսավորությա՞մբ, թե՞… Հարցնում է “Ազգ”-ն ու պատասխանում.

“Բնության ներքին կյանքը ընթանում է անխաթար օրինաչափությամբ, հակառակըՙ մարդկային միտքն ու հոգին անկանխատեսելի փոփոխական են, օրինաչափության չենթարկվող: Հավատացյալներին, նաեւ սկեպտիկներին դաժան փորձություն է սպասվում այդ օրը, թեեւ տագնապը թերեւս սողոսկի ամենաանհավատի մեջ անգամ: Պատճառը լրատվամիջոցների էջերում, հեռուստահաղորդումներում, ինտերնետային կայքերում սփռված ամենատարբերՙ հաճախ պսեւդոգիտական հաղորդումներն ու ֆիլմերն են: Ամենաազդեցիկները հոլիվուդյան կինոարտադրողների հայտնի մի քանի ֆիլմերն են, որոնք որոշ դեպքերում նույնիսկ հոգեկան ցնցում առաջացրեցին: Վախի ու անորոշության զգացումներ ծնեց լայն շրջանառության մեջ դրված մայաների օրացույցիՙ աշխարհի վերջի կանխատեսման որոշակի տարեթիվը:

Մարդկանց մեջ կասկածի սերմերն ավելի խորացրին մի քանի հեղինակավոր հեռուստաընկերությունների (Discovery, HTB, REN TV եւ այլ) հաղորդումներըՙ լուրջ մասնագետների, գիտնականների, տիեզերագնացների, հոգեբանների, մտավորականների, անգամ շամանների մասնակցությամբ: Նման հաղորդումների ռեյտինգն ապահովում էին թեմայի խիստ հետաքրքրականությունը եւ մասնակիցներիՙ հաճախ համոզիչ, տրամաբանական փաստարկումները: Վերջերս Discovery հեռուստաալիքի հաղորդումներից մեկը ներկայացնում էր մեր մոլորակի կործանման հնարավոր 4 եղանակներըՙ գիտական հիմնավորումներով, մանրամասն մեկնաբանություններով, ուղեկցվող տեսանյութով: Նկարագրվում էին յուրաքանչյուրի (հզոր ցունամի, ահեղ երկրաշարժ, երկնային մարմնի բախում) բերած աղետի հավանական չափը եւ մարդկային կորուստների մոտավոր քանակը:

Մեկ այլ նմանաբնույթ ֆիլմՙ վերջին հարյուրամյակի բնության խոշորագույն աղետների ֆոնին, մարդկության վերջի սպառնալիքը կապում էր արեւի վրա կատարվող կատաստրոֆիկ երեւույթների հետ, որոնց ազդեցությամբ մոլորակը կործանման է ենթարկվելու: X կամ Նիբիրու մոլորակի լուրերն այնքան շրջանառվեցին, որ խեղճը երեւի մոլորվեց, անհետացավ: Մի երիտասարդ հեռուստատեսային այսպիսի հաղորդման ազդեցությամբ հուսահատ ու տագնապած եւ շատ լուրջ ասում էրՙ էլ ինչ իմաստ ունի որեւէ բան ձեռնարկել կամ անել, միեւնույն է, աշխարհի վերջը շուտով գալու է: «Հավատո՞ւմ ես», հարցրի: Հաստատեցՙ վկայելով դիտած հեռուստաֆիլմի կադրերն ու գիտնականների խոսքերը: Խեղճը առաջին անգամ էր լսում այս մասին: Կեսկատակ երբ Discovery-ի վերը ակնարկած ֆիլմի մասին գրեցի մանչեստրահայ բարեկամիս, հումորային մի երկտող ստացա, թեՙ մի՞թե դու էլ ես ամերիկյան այդ հիմարությունների ազդեցության տակ- փող են աշխատում:

(Աստվածաշնչյան թեմայով մուլտֆիլմերից մեկում նախաջրհեղեղային տեսարանում, երբ կյանքային խրախճանքներում բթացած եւ թոհուբոհներում խոնջացած մարդկանց զգուշացվում է վերահաս վտանգի մասին, անհավատ ամբոխի հեգնական քմծիծաղն ու հիստերիկ ծիծաղը խլացնում է ասվածը. քիչ անց ամենըՙ ծիծաղն ու քմծիծաղը, քեֆն ու ուրախությունը ջրամույն էին արդեն:

Մարդկային կյանքը շարունակվեց իհարկե, եւ Նոյի աղավնին վերադարձավ ձիթենու կանաչ շիվը կտուցին):

Վերոնշյալ ֆիլմերն ու հաղորդումներըՙ մանավանդ գիտական փաստարկների վրա կառուցված եւ գիտության լեզվով երեւույթները ներկայացնող, ամենաանհավատների վրա անգամ ներգործում են: Հաշվարկված էՙ մարդկային հոգեբանության վրա բոլորից շատ ազդեցություն ունենում են սուր-զգայական, էքզիստենցիալիստական, էքստրեմալ վիճակներ արտահայտող սյուժեներ, պատմություններ: Այսպիսի բովանդակությամբ գրքերը սովորաբար դառնում են բեսթսելլերներ, դրանց տպագրությունը տասնյակ, անգամ հարյուրավոր միլիոնների է հասնում: Նմանապես ամենադիտարկվող եւ եկամտաբեր ֆիլմերը հիմնականում ֆիլմ-կատաստրոֆա ժանրին են պատկանում (“Արմագեդոն”, “2012”, “Օրՙ վաղվան հաջորդող”- A Day after Tommorow” եւ այլն):

Այսբնույթ սցենարներին երբ նախորդում են կամ զուգահեռ ընթանում են գիտական փաստերով, նույնիսկ բացահայտ պսեւդոգիտական հաղորդումները, կրքերն ու հետաքրքրություններն ավելի բորբոքվում են, սրվում են նաեւ վախը, սպասումը, թեՙ տեսնես 2012-ի դեկտեմբերի 21-ի առավոտը ինչպե՞ս կբացվի, կամ կբացվի՞, թե՞ չէ: Այս մասին լուրջ մասնագետի, լուրջ գործունեություն ծավալող ֆիզիկոսի, աստրոֆիզիկոսի վարանում ես հարցնել, անհեթեթ վիճակի մեջ չհայտնվելու համար, որովհետեւ նույն Nibiru-ի “թունդ օրերին” մասնագետի հերքումից հետո, միեւնույն էՙ թեմայի հետաքրքրությունը շարունակվում էր գրավոր կամ բանավորՙ սերիալային խոսակցության պես:

Երբեմն մտածում եսՙ գուցե մարդ արարածը հոգնել է ինքն իրենից (իր հակասական բնույթիցՙ արարող-ստեղծող, ավերող-կործանող լինելուց), իր տեսակից, ինչպես Descovery-ի վերոնշյալ հաղորդման տեքստում ծեծված ճշմարտությունը հնչեց եւս մեկ անգամ, այսինքնՙ այն ինչ ունի սկիզբ, ունի նաեւ վախճան, եւ մենք էլ ինչպես, օրինակ, դինոզավրերը, անհետանալու ենք մի օր: Այս մեկ օրվա համար, անհիշելի ժամանակներից տարբեր տարեթվեր եկել ու անցել են – Աշխարհի վերջի այդ մեկ հատիկ օրը:

XXI դարի գիտական մտքի ընթացքը անկանխատեսելի է, բացահայտումները անսպասելի-անհավանական, սակայն բնության արհավիրքներըՙ երկրային թե երկնային ծագմանՙ կասեցնելու ռեսուրսները, ոչինչ են: Թեմայի, սյուժեի առումով սրանք, իհարկե, անսպառ ու գտնված նյութեր են, որովհետեւ միշտ են եղել գրավիչ եւ շարունակում են մնալ այդպիսին: 2012-ի դեկտեմբերը, ահավասիկ, ընթացքի մեջ է. հետաքրքրական էՙ ի՞նչ են զգում ու մտածում հարյուրավոր այսբնույթ հեռուստահաղորդումների, հոդվածների ու ֆիլմերի հեղինակները, ովքեր տագնապով համակեցին միլիոնավոր մարդկանց սրտերը: Իրոք, փո՞ղ էին աշխատում կամ ռեյտինգ սարքում: Իսկ ինչո՞ւ էին լռում աշխարհի հեղինակավոր գիտական կենտրոնները:

Այս ֆոնի վրա հետաքրքրական էր դեկտեմբերի նախօրեին “Արմենպրեսի” տարածած հաղորդագրությունըՙ ՆԱՍԱ-ի կայքի հղումով: Մեջբերենք.

“2012 թվականին աշխարհի վերջը չի լինի: Մեր մոլորակը միանգամայն կարգին վիճակում Է եղել ավելի քան 4 միլիարդ տարի, եւ այն պնդումները, թե շուտով վրա կհասնի աշխարհի վերջը, ոչ մի գիտական հիմք չունեն»:

“2012 թվականի դեկտեմբերի 21-ը չի դառնա մարդկության վերջին օրը, սակայն այդ օրը կսկսվի հերթական ձմեռային արեւադարձը”: Դեռ ավելին, ամերիկացի գիտնականները համոզված են, որ հին մայաներն ընդհանրապես աշխարհի վերջ չեն կանխագուշակել. “Ժամանակը չի վերջանում միայն այն պատճառով, որ ձեր խոհանոցում կախված օրացույցը դեկտեմբերի 31-ին ավարտվում Է: Այդպես Էլ մայաների օրացույցը 2012 թվականի դեկտեմբերի 21-ով չի ավարտվում… “:

Միեւնույն էՙ շատերը շարունակում են սպասել… մինչեւ այդ մեկ հատիկ օրն էլ կգա ու… կանցնի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ