Իգդիրում շարունակվում է ադրբեջանամետ ուժերի արշավը՝ ընդդեմ հայալեզու ցուցանակի
«Թուրք-ադրբեջանական բարեկամական միությունների ֆեդերացիայի» նախագահ, «Իգդիրը Ադրբեջանի տուն» միության ղեկավար Սերդար Ունսալն արձագանքել է Իգդիր նահանգի համանուն գավառի կենտրոն հանդիսացող Թուզլուջա (պատմ. Կողբ) քաղաքի մուտքին ու ելքին փակցված ցուցանակների քառալեզու (այդ թվում հայերեն) գրությանը, որի վրա գրված էր բարի գալուստ և ցտեսություն, գրում է Ermenihaber.am-ը:
Ունսալը նշել է, որ Թուրքիայում հայասիրությունը գնալով աճում է և այն այժմ արդեն հասել է մինչև Իգդիր: Նա համոզմունքն է հայտնել, որ քաղաքապետը շատ լավ գիտի, որ ոչ մի հայ զբոսաշրջիկ Իգդիր չի այցելում: Իգդիր այցելողները, ըստ Ունսալի, հիմնականմում իրանցիներ են և Ադրբեջանի թուրքեր: Այդ առումով նա իր զարմանքն է հայտնում, թե ինչու է քաղաքային ցուցանակի վրա հայտնվել նաև հայատառ գրությունը: Ունսալը նաև ընդգծել է, որ նույն հաջողությամբ ցուցանակի վրա կարող էր պարսկերեն գրություն լինել, սակայն այն չկա:
Շարունակելով անհիմն հայտարարություններ անել՝ «Թուրք-ադրբեջանական բարեկամական միությունների ֆեդերացիայի» նախագահը թեման կապել է Խոջալուի դեպքերի հետ՝ հայտարարելով, թե հայատառ գրությունը անարգում է Լեռնային Ղարաբաղում հայերի կողմից սպանված թուրքերի հիշատակը:
Հիշեցնենք, որ թուրքական այսպես կոչված «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» (ASIMDER) կոչվող կազմակերպությունը ավելի վաղ պահանջել էր հեռացնել հայատառ գրությունը:
Աղբյուր` Ermenihaber.am