Ռուս հոգեւորականը վիրավորել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Օրերս Սոչիում տեղի վանական Լազարը, գտնվելով հարբած վիճակում, իր սեղանակիցների հետ միասին ծեծել է ազգությամբ ռուս մի երիտասարդի: Երբ վերջինին փորձել է պաշտպանել նրա հայ ընկերը, Լազարը վիրավորական արտահայտություններ է թույլ տվել հայ ազգի հասցեին՝ վիրավորելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, գրում է yerkramas.org-ը։ Վանականի նման անհարիր պահվածքին բազմաթիվ ականատեսներ են եղել:
Սոչում գործող «Ժողովրդական հիշողություն» կազմակերպությունը դեպքի կապակցությամբ իր վրդովմունքն է հայտնել:
«Վանական Լազարի գործողություններից տուժած 20-ամյա երիտասարդը դիմել է ոստիկանություն։ Նրա ցուցմունքը հաստատվել է բժշկական փորձագիտության տվյալներով, եւ մենք վստահ ենք, որ Արքայական Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգեւոր հայրը կկրի արժանի պատիժը։ Սակայն ինչպե՞ս է նա պատասխանելու հայ ժողովրդի հասցեին արած վիրավորանքների համար։ Ինչպե՞ս են հայերը այցելելու եկեղեցին, որի վանահայրը նա է, եւ ինչպես են լսելու նրա պատարագները»,- հայտարարել է «Ժողովրդական հիշողություն» Սոչիի քաղաքային կազմակերպությունը։