Ֆրանսիայի սենատը կվավերացնի՞ Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը
Ինչպես տեղեկացնում է “Ամերիկայի Ձայնը”՝ վկայակոչելով “ԲԻ-Բի-Ս”ի լրատվական գործակալությանը, Ֆրանսիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի շուրջ քվեարկություն կանցկացնի մինչեւ այս ամսվա ավարտը:
Ըստ նույն աղբյուրի, չնայած օրինագծի ընդունումն առաջացրել է Անկարայի զայրույթը, Ֆրանսիայի օրենսդիրներն այնուամենայնիվ որոշում են ընդունել անցկացնել քվեարկություն երկրի խորհրդարանի ստորին պալատի կողմից ընդունված օրինագծի շուրջ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանը անցած տարվա դեկտեմբերի 22-ին կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծին՝ չնայած ՆԱՏՕ-ի իր հիմնական դաշնակից եւ Եվրոպայում ամենաարագ զարգացող տնտեսությունն ունեցող Թուրքիայի կողմից նման գործողության բացասական հետեւանքների մասին արված բազմաթիվ սպառնալիքների:
Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունվելու դեպքում օրինագիծը ներկայացվելու է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հաստատման:
“Բի-Բի-Սի”-ն նշել է, որ Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն “անմիտ եւ ոչ արդյունավետ” է անվանել Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի ընդունումը՝ զգուշացնելով, որ այն մեծ վնաս կհասցնի Թուրքիայի հետ հարաբերություններին:
Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծով նախատեսվում է ցեղասպանության փաստի հրապարակայնորեն հերքումը պատժել մեկ տարվա ազատազրկմամբ եւ մոտ 58 հազար դոլարի տուգանքով:
Նկատենք, որ օրեր առաջ Շառլ Ազնավուրը անվանի մի քանի գործիչների հետ ուղերձով դիմել է Ֆրանսիայի Սենատին՝ վավերացնել Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեորեն դատապարտելի արարք ճանաչելու մասին Ազգային ժողովի ընդունած օրինագիծը: