Հարսանիք դիակի հետ
Թայլանդի բնակիչ Չադիլ Յունինգը ամուսնացել է իր ընկերուհու հետ, որը մահացել է հունվարի սկզբին ավտովթարից, գրում է “Bangkok Post”-ը: Հատուկ հարսանիքի համար հանգուցյալ հարսնացուին հագցրել են կարճ սպիտակ զգեստ, զուգագուլպաներ, քող եւ ձեռնոցներ:
Հրատարկչության տվյալներով` մահից կարճ ժամանակ առաջ աղջիկն ընկերոջը խնդրել է ամուսնանալ իր հետ, սակայն տղան մերժել է եւ խնդրել է նրան սպասել: Սակայն շուտով աղջիկը մահացել է, եւ տղան որոշել է ամուսնական արարողություն կազմակերպել հարսնացուի երազանքն իրագործելու համար: Հարսանիքը թեժ քննարկումների առիթ է դարձել:
Այն նույնիսկ հեռարձակվել է Թայլանդի հեռուստատեսությամբ: Շատերը կարծիք են հայտնել, որ Չադիլն այդ արարքով ինքնագովազդ է փորձել անել, սակայն “Bangkok Post”-ում տեղ գտած հոդվածի հեղինակը, որը տղայի մտերիմն է, գրել է, որ նա իսկապես սիրում էր հարսնացուին, եւ նրա ցանկությունն անկեղծ էր: Առայժմ հայտնի չէ` Չադիլի եւ նրա ընկերուհու հարսանիքը պաշտոնապես գրանցված ամուսնություն է համարվում, թե` պարզապես “ներկայացում”: