Անգլիան նշում է Դիքենսի 200-ամյակը

Մեծ Բրիտանիայում եւ աշխարհի մի շարք այլ երկրներում այսօր նշում են անգլիացի հայտնի գրող Չարլզ Դիքենսի ծննդյան 200-ամյակը:
Գլխավոր արարողությունը կկայանա Վեսմինսթերյան աբբայությունում, որտեղ 1870-ին թաղվել է մեծ գրողը: Տոնական միջոցառումներ կկայանան նաեւ Անգլիայի հարավային ափին գտնվող Պորտսմուդ քաղաքում, որտեղ ծնվել է մեծ գրողը:
Ծննդյան տարելիցի կապակցությամբ “BBC”-ն պատվիրել է մի հետազոտություն, որի արդյունքում պարզել են Դիքենսի կոմերցիոն պոտենցիալը: Պարզվում է, որ “Օլիվեր Թվիստի” հեղինակը ամեն տարի բրիտանական տնտեսությանը գրեթե 440 մլն դոլար է բերում:
Դիքենսի առաջին կարճ պատմությունները լույս տեսան, երբ նա դարձավ խորհրդարանի թղթակիցը: Այնուհետեւ մեկը մյուսի ետեւից հայտնվեցին նրա մյուս գործերը, որոնց թվում` “Օլիվեր Թվիստը”, “Դժվար ժամանակները”, “Նիքոլաս Նիքլբին”:
Դիքենսը ստիպեց աշխարհին ճանաչել նաեւ Անգլիայի ցածր խավի ներկայացուցիչներին: Ոչ մի ուրիշ գրող այդքան ուշադրություն չի դարձրել աղքատության պատճառած դժվարություններին եւ փողի “փոխակերպող ուժին”: