Նախագահի տատիկը վթարի է ենթարկվել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի տատիկը Քենիայում ավտովթարի է ենթարկվել, հայտնում է “ABC News”-ը:
Միջադեպը տեղի է ունեցել, երբ 91-ամյա Սառա Օբաման ուղեւորվելիս է եղել Կոգելո գյուղ, որտեղ նա բնակվում է: Մեքենան, որում գտնվել է նախագահի տատիկը, փորձել է վազանց կատարել բեռնատարին, կորցրել է կառավարումը եւ ընկել առվակի մեջ:
Սառա Օբաման եւ մեքենայում գտնվող եւս 4 մարդ թեթեւ վնասվածքներ են ստացել եւ հոսպտալացվել, սակայն նրանց օգնություն ցուցաբերելուց հետո դուրս են գրել:
Սառա Օբաման Բարաք Օբամայի հայրական գծով պապի 2-րդ կինն է եւ նրա արյունակիցը չէ, սակայն 1995-ին հրատարակած “Հորս երազանքները” հուշագրություններում Սպիտակ տան ապագա ղեկավարը նրան “տատիկ” է անվանել: Օբաման 3 անգամ այցելել է Կոգելո գյուղը եւ հանդիպել ոչ միայն Սառային, այլեւ գյուղի մյուս բնակիչներին: