Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Թեմական ներկայացուցչական ժողովը
Նոյեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Թեմական ներկայացուցչական չորրորդ ժողովը, որին մասնակցում են Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչներ, Ամենայն Հայոց Կաթողիկոսության Հայաստանի և Սփյուռքի երեսուներկու թեմերի առաջնորդներ, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ և Հայրապետական պատվիրակությունների ու թեմերի աշխարհական ներկայացուցիչներ: Յոթանասուն մասնակիցներ երեք օրերի ընթացքում կքննարկեն եկեղեցական և ազգային կյանքին վերաբերող զանազան խնդիրներ:
Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո ժողովականներին ողջունեց Թեմական ներկայացուցչական ժողովի կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը` անդրադառնալով ժողովի կարևորությանն ու նպատակներին և հրավիրելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին հայրապետական իր պատգամն ուղղել ժողովին:
Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց հավաքի մասնակիցներին, որ նախանձախնդիր ու պատրաստակամ հոգով համախմբվել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Վեհափառ Հայրապետը աղոթքով հիշեց ի Տերն հանգուցյալ Երուսաղեմի Հայոց Ամենապատիվ Պատրիարք Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանին և Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի Հայրապետական Պատվիրակ, Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի Հայոց Առաջնորդ Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանին` հայցելով, որ Ողորմած Աստված երկնային երանության մեջ ընդունի նրանց հոգիները և Սուրբ Հոգու շնորհների ներքո պահպանի Հայոց Եկեղեցին:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց Թեմական ներկայացուցչական հերթական ժողովը, որը քննության պետք է առնի և բարվոք լուծման առաջնորդի եկեղեցական կյանքում առկա հարցերն ու խնդիրները` ի նպաստ Եկեղեցու տիրավանդ առաքելության զորացման: «Իրողություն է, որ եկեղեցական և ազգային մեր կյանքն այսօր ի սփյուռս աշխարհի դարձել է առավել փոխշաղկապված, քան տասը կամ նույնիսկ հինգ տարի առաջ էր: Ազատ և անկախ մեր պետականության պայմաններում շարունակ զորանում են Հայրենիք և Սփյուռք կապերը, արդյունավորվում համատեղ ծրագրերն ու միջոցառումները, ինչը նաև ենթադրում է, որ առավել դյուրին պիտի լինեն մեզ հուզող հարցերի և մեր առջև կանգնած հրամայականների կարգավորումները», – ասաց Վեհափառ Հայրապետը:
Անդրադառնալով եկեղեցական կյանքում նշմարելի բարեփոխումներին ու դրական տեղաշարժերին` Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծեց, որ հարկ է բարեպատեհ ժամանակը ծառայեցնել իր նպատակին: «Ժամանակն է, որ մեր եկեղեցական կյանքը մի նոր որակ ձեռք բերի` խարսխված եկեղեցական-կանոնական հիմքերի վրա, առաջնորդվելով կառուցվածքային և կազմակերպական հստակ մոտեցումներով ու դրույթներով: ժամանակն է իրականացնել կանոնական, ծիսական և վարչական բարեկարգությունները, որոշակիացնել և բանաձևել մեր օրերում բարձրացող հարցադրումների վերաբերյալ Հայ Եկեղեցու դիրքորոշումները, որպեսզի առավել արդյունավետ լինի մեր Եկեղեցու առաքելությունը և շարունակ աճող ու զարգացող` հավատավոր մեր զավակների հոգևոր կյանքը: Եկեղեցական և ազգային մեր կյանքի դրական զարգացումների ու ձեռքբերումների կողքին վճիռներ պահանջող շատ հրամայականներ ու մարտահրավերներ ունենք: Հայրենիքում և Սփյուռքի որոշ թեմերում լիովին կազմակերպված չեն ծխական համայնքները: Շատ համայնքներ, հատկապես եվրոպական երկրներում, որոնք առաջացել են մեր ժողովրդի տեղաշարժերի արդյունքում, չունեն կանոնադրություն, մնայուն քահանաներ, աղոթատեղիներ: Հայրենիքում նույնպես աղոթատեղիներ և մնայուն քահանաներ չունեն քաղաքային և գյուղական բազմաթիվ համայնքներ, իսկ մեծ թվով վանքեր ու սրբատեղիներ կարիք ունեն հիմնանորոգման: Այցելու հոգևորականի սպասավորությունը, որքան և ջանք ներդրվի, չի ապահովում ցանկալի արդյունք: Սփյուռքի համայնքներում շարունակում են օրախնդիր մնալ ազգային ինքնության, հայոց լեզվի ու հայկական դպրոցների պահպանության հրամայականները: Խնդիր ունենք երիտասարդությանը ավելիով ներգրավելու եկեղեցական ու ազգային կյանքի մեջ: Այսօր համընդհանուր աշխարհիկացման պայմաններում նահանջում է հոգևորի կարևորության գիտակցումը, բազում հավատացյալներ կապված են մնում եկեղեցուն ավելի ավանդույթի ուժով, քան` կրոնական խորը ապրումով ու գիտակցումով: Հայաստանում և Արցախում Ժողովուրդը ապրում է շարունակվող շրջափակման և պատերազմի վերսկսման վտանգի պայմաններում` դիմակայելով տնտեսական և սոցիալական լուրջ դժվարությունների, ինչպիսիք են աղքատությունը, գործազրկությունը, արդյունքում և` արտագաղթը: Օգտվելով ժողովրդի նեղյալ վիճակից, հոգեորսություն են իրականացնում աղանդավորական կազմակերպությունները», – նշեց Նորին Սրբությունը` շեշտելով, որ այս մարտահրավերներին պատասխաններ որոնելու նպատակին է կոչված Թեմական ներկայացուցչական ժողովը:
Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրատապ նկատեց սիրիահայությանն օգնելու հարցը: «Այսօր համայն մեր ժողովրդի հայացքը տագնապով ուղղված է դեպի Սիրիա, որտեղ պատերազմական իրավիճակի բոլոր դժվարությունները կրում է նաև հայ համայնքը: Սիրիաբնակ Մեր զավակները կարիք ունեն շտապ և մեծ օգնության ու սատարումի», – ասաց Նորին Սրբությունը` տեղեկացնելով, որ Մայր Աթոռի կողմից Դամասկոսի հայոց թեմին արդեն փոխանցվել է 200.000 ԱՄՆ դոլար և հույս հայտնելով, որ առաջիկային թեմերից ակնկալվող օժանդակությամբ Մայր Աթոռը կկարողանա ավելի մեծ գումար փոխանցել` սիրիահայության կարիքները հոգալու համար:
Ժողովի օրակարգային հարցերից է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպումը: «Տարելիցն առանձնահատուկ է, և այն պիտի ոգեկոչենք առանձնահատուկ հնչեղությամբ` հանգրվան դարձնելով մեր արդար դատի հաղթանակի ճանապարհին: Այսօր աշխարհի տարբեր պետություններ, միջազգային կազմակերպություններ, Քույր եկեղեցիներ` առաջնորդվելով ճշմարտության և արդարության սկզբունքներով` ճանաչել և դատապարտել են Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը: Բարեհույս այս ընթացքը զորացնում է մեր ժողովրդի լավատեսությունը, որ այն կգտնի համընդհանուր դատապարտում: …100-ամյա տարելիցը առիթ է նաև հոգևոր և ազգային մեր կյանքի զորացման, հերոսական մաքառումով ու ջանքերով վերածնված մեր կյանքի արժևորման և լուսավոր գալիքի հույսերի ամրապնդման, որոնց նույնպես պիտի ուղղված լինեն նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները», – ընդգծեց Նորին Սրբությունը` տեղեկացնելով, որ 100-ամյակին նվիրված Հայոց Եկեղեցու միջոցառումները համադրելու և կազմակերպելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով` Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ատենապետությամբ: Նորին Սրբությունը հորդորեց թեմական ներկայացուցիչներին համագործակցել հանձնաժողովի հետ, որպեսզի համայն մեր ժողովրդի և հայրենի պետության հետ Հայոց Եկեղեցին ամբողջական տարողությամբ հիշատակի 100-ամյա տարելիցը Հայոց ցեղասպանության:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կողմից համատեղ կազմված Սրբադասման և Ծիսական հանձնաժողովների կատարած աշխատանքներին, որոնց ներկայացվելու են Եպիսկոպոսաց ժողովի քննարկման: Սրբադասման հանձնաժողովն աշխատանքներ է իրականացրել սրբադասման սկզբունքների, կանոնի և ծեսի մշակման ուղղությամբ և ուսումնասիրել ցեղասպանության նահատակների սրբադասման խնդիրը: Ծիսական հանձնաժողովը կատարել է մկրտության ծեսի կանոնի մշակման աշխատանքը, ինչը հնարավորություն կտա, որ Եկեղեցու ծեսերն ամենուր կատարվեն առանց աղավաղումների, միակերպ ու անխաթար:
Խոսելով Եկեղեցու Սահմանադրության մշակման աշխատանքների և, ի մասնավորի, 2009 թ. թեմական ներկայացուցչական ժողովին ընդունված թեմական կանոնադրության ուղենիշի գործադրության մասին` Նորին Սրբությունը նշեց, որ թեմական տիպային կանոնադրության ուղենիշը թեմական ներկայացուցչական ժողովի կողմից մշակվել և թեմերին գործադրության է հրահանգվել եկեղեցական մեր կյանքը կանոնական հիմքերով կառուցելու, միասնական սկզբունքներով առավել ամուր կազմակերպելու, մեր սրբազան ավանդությամբ մեր Եկեղեցին զորացնելու նպատակով: Գարեգին Բ Հայրապետն անհրաժեշտ նկատեց նաև ձեռնամուխ լինել Սահմանադրության մյուս, ի մասնավորի` Ազգային եկեղեցական ժողովի, Գերագույն հոգևոր խորհրդի, Եպիսկոպոսաց ժողովի և Թեմական ներկայացուցչական ժողովի գլուխների մշակմանը, որպեսզի առանձին բաժինների մշակումով ամբողջանա Եկեղեցու Սահմանադրությունը:
Վեհափառ Հայրապետի խոսքում անդրադարձ եղավ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու Հայ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների և աշխարհասփյուռ թեմերի անխոչընդոտ և անկաշկանդ առնչություններին, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հետ գործակցային հարաբերություններին:
Վերջում արդյունավոր աշխատանք մաղթելով ժողովին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց աննվազ ջանքերով գործել` իրականացնելու անհրաժեշտ բարեկարգությունները, որպեսզի Եկեղեցին առավել արդյունավոր իրագործի տիրավանդ իր առաքելությունը և դյուրին կերպով կարողանա դիմագրավել դժվարություններին ու փորձություններին, որոնց առավել չափով ենթակա է աշխարհասփյուռ հայ ժողովուրդը:
Ժողովի բացմանը հետևեց դիվանի և հաշվիչ հանձնախմբի ընտրությունը: Քվեարկության արդյունքում ժողովի ատենապետերի պաշտոնը ստանձնեցին ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, փոխատենապետեր ընտրվեցին տիար Պատրիս Ջոլոլյանը (Ֆրանսիայի հայոց թեմ) և Ռաֆֆի Հովհաննիսյանը (ԱՄՆ Արևելյան հայոց թեմ):