Այսօր ողջ աշխարհը նշում է սիրահարների օրը /վիդեո/
Այսօր ողջ աշխարհը նշում է սբ. Վալենտինի տոնը: Սիրահարների տոնն այսպես է կոչվել քրիստոնեական տառապյալ Սուրբ Վալենտինի պատվին:
Հռոմեացի դաժան կայսր Կլավդիոս 2-րդը, կարծելով, որ միայնակ տղամարդիկ ավելի լավ կկռվեն մարտի դաշտում, արգելում էր նրանց ամուսնանալ:
Իսկ Վալենտինը քահանա էր, որը խղճում էր սիրահարներին եւ գաղտնի պսակադրում նրանց: Շուտով այդ մասին հայտնի է դառնում, Վալենտինին բանտարկում են եւ մահվան դատապարտում: Բանտում նա սիրահարվում է հսկիչի աղջկան` գեղեցկուհի Ջուլիային: Մահապատժից առաջ սիրահարը սիրո խոստովանությամբ նամակ է գրում աղջկան: Նրա մահապատիժը տեղի է ունեցել մեր թվարկության 269 թվականի փետրվարի 14-ին:
Սբ. Վալենտինի տոնը ունի իր ավանդույթները: Որոշ երկրներում սիրահարները որպես ամուսնության օր ընտրում են հենց այս օրը: Գրեթե բոլոր երկրներում ընդունված է այս օրը նվերներ տալ միմյանց կամ պարզապես “վալենտինկաներ”, որոնք իրենցից ներկայացնում են սիրո խոստովանությամբ բացիկներ: Դրանք հիմնականում անանուն են լինում:
Որոշ երկրներում սբ. Վալենտինի օրը կինը խնդրում է իր սիրելիին ամուսնանալ իր հետ: Եթե տղամարդը դեռեւս պատրաստ չէ նման լուրջ քայլի, շնորհակալություն է հայտնում նման պատվի համար եւ նվիրում է նրան մետաքսե զգեստ:
Օրինակ` Գերմանիայում սբ. Վալենտինը համարվում է հոգեկան հիվանդների հովանավորը: Այս օրը գերմանացիները զարդարում են հոգեբուժարանները կարմիր ժապավեններով, իսկ եկեղեցիներում պատարագ է մատուցվում:
Մեր երկրում սբ. Վալենտինն սկսել են նշել վերջին տարիներին, սակայն մեզ համար առաջնային է մնում սբ. Սարգսի տոնը կամ Երիտասարդների օրհնության օրը: Սբ. Սարգիսը ամենասիրված սրբերից է, որը սիրո երազանքներն իրականցնող սուրբն է: Տոնին նախորդող գիշերը երիտասարդները աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց ապագա հարսանացուի կամ փեսացուի երազահայտնությունը: