Որտե՞ղ փնտրել կորած իրերը
Ավստրալացի ֆերմեր Ուիլ Ջելբարտը մորթված կովի փորում գտել է ամուսնական մատանի, որը կորել էր դեռեւս 2009-ին: Մատանին պատկանել է ֆերմերի մոտ էքսկուրսիայի եկած զբոսաշրջիկին, գրում է “Herald Sun”-ը:
Ֆերմերը պատմել է, որ 2009-ին այցելուներից մեկը դժգոհել է, որ հորթերից մեկը կուլ է տվել իր ամուսնական մատանին: Այժմ պարզվել է, որ Յոգի անունով կովը ոչ միայն կուլ է տվել մատանին, այլեւ 3 տարի “պահել” է այն իր փորում:
Ջելբարտը մատանին գտել է Յոգիի ներքին օրգանների մեջ: Նա եւ կենդանուն մորթած մսագործը զարմացել են` տեսնելով մատանին, քանի որ սկզբում իրենք էլ են փորձել գտնել այն, ընդ որում` համոզված չեն եղել, որ Յոգին է այն կուլ տվել:
Ավստալացիները նշել են, որ մատանին կարգին վիճակում է, կենդանու փորում նրան ոչինչ չի եղել: Զարդի վրա փորագրված է հարսանիքի ամսաթիվը: Այժմ ֆերմերը փորձում է գտնել մատանու տիրոջը` “Herald Sun”-ի միջոցով: