Ծխախոտը զրկել է ատամներից եւ լեզվից
Ֆլորիդայում բնակվող Վիետնամի 57-ամյա վետերան Թոմ Հոլոուեյը ծանր վնասվածքներ եւ այրվածքներ է ստացել` էլեկտրոնային ծխախոտի` բերանում պայթելու հետեւանքով: Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ թափվել են նրա բոլոր ատամները եւ պոկվել է լեզվի մի մասը:
Կինը հարեւան սենյակից լսելով ուժեղ ձայնը, իսկ հետո ամուսնու ճիչը` շտապել է օգնության եւ ամուսնուն գտել արնաթաթախ: Բացի շտապ օգնությունից, նա կանչել է նաեւ հրշեջներին, քանի որ ծխախոտից նետված մարտկոցն այրել է պահարանը:
Հրշեջ ծառայության ղեկավարը հայտնել է, որ պայթյունի պատճառը կարող էր լինել խոտանված մարտկոցը:
Թոմ Հոլոուեյն սկսել է էլեկտրոնային ծխախոտներ ծխել 2 տարի առաջ` սովորական ծխախոտներից հրաժարվելու նպատակով: Այժմ նա գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
Էլեկտրոնային ծխախոտ արտադրող ասոցացիայի ղեկավարը հայտնել է, որ նախորդ տարվա ընթացքում գրեթե 2,5 մլն ամերիկացիներ են օգտվել այդ տեսակի ծխախոտներից, սակայն նմանատիպ միջադեպեր կամ բողոքներ չեն եղել, միայն` դրական արձագանքներ: