Այսօր Կուրտ Քոբեյնը կդառնար 45 տարեկան /վիդեո/
Այսօր կլրանար “Nirvana” խմբի հիմնադիր եւ վոկալիստ Կուրտ Քոբեյնի ծննդյան 45-ամյակը: Քոբեյնը ամենահայտնիներից մեկն է “27-ի ակումբ” կոչվող երաժիշտների խմբից, որոնք մահացել են 27 տարեկանում:
Կուրտ Քոբեյնը ծնվել է 1967-ին: Նա իր առաջին երգը գրել է 4 տարեկանում: Չնայած ծանր մանկությանը` Կուրտն իր մանկությունը միշտ հրճվանքով է հիշել:
1985-ին նա ստեղծում է իր առաջին խումբը` “Fecal Matter”-ը, որը կարճ կյանք է ունենում: Մեկ տարի անց ստեղծվում է “Nirvana”-ն, որն աներեւակայելի հռչակ է ձեռք բերում հենց առաջին` “Bleach” ալբոմի թողարկումից հետո: 2 տարի անց թողարկվում է 2-րդ սկավառակը, որը նույնիսկ երաժիշտների համար անսպասելիորեն դառնում է ադամանդե:
Այդ ընթացքում էլ Կուրտը ծանոթանում է դերասանուհի Քորտնի Լավի հետ: 1992-ին նրանք ամուսնանում են, մեկ ու կես տարի անց ծնվում է նրանց դուստրը` Ֆրենսիս Բին Քոբեյնը: Չնայած ոչ ոք նրան հոգատար հոր կերպարում չէր պատկերացնում, Կուրտը հենց այդպիսին է դառնում:
Թվում էր, թե նա ամեն ինչ ունի` ընտանիք, երկրպագուներ, փող, փառք, բայց ինչ-որ բացակայում էր: 1994-ի ապրիլի 5-ին Կուրտը սեփական հրացանով կրակեց ինքն իրեն: Նրան գտան միայն 3 օր անց: Մահից առաջ գրած նամակից երկրպագուներն առանձնացրեցին մեկ նախադասություն, որն էլ դարձավ նրանց նշանաբանը` “ավելի լավ է այրվել կրակի մեջ, քանի դանդաղ մարել”: