Մահացել է աշխարհի ամենածեր ոչխարը
Մեծ Բրիտանիայում մահացել է մի ոչխար, որը ոչ պաշտոնապես համարվում էր աշխարհի ամենածեր ոչխարը:
Տվիգգի անունով ոչխարը, որին այդպես են անվանել 1960-ականներին հայտնի մի մոդելի անունով, մահացել է իր 26-ամյակից մեկ ամիս առաջ, գրում է “The Daily Mail”-ը:
Ոչխարը մահացել է ավելի քան 35 մետր բարձրությամբ քարափից ընկնելու արդյունքում: Մահացած Տվիգգիին քարերի վրա գտել է նրա տերը, ով խոստովանել է, որ այնքան էր սիրում իր ոչխարին, որ նույնիսկ նրա նկարը դրել էր իր համակարգչի էկրանին:
26 տարվա ընթացքում Տվիգգին շատ գառներ է լույս աշխարհ բերել, որոնցից վերջինները ծնվելե ն 2009-ին: Տերը 2 անգամ որոշել է վաճառել Տվիգգիին, սակայն առաջին անգամը նրանից հրաժարվել են, քանի որ նա շատ նիհար էր, իսկ 2-րդ անգամը նա է փախել նոր տերերից:
Տվիգգիից առաջ աշխարհի ամենածեր ոչխարի տիտղոսը պատկանում էր Լաքիին Ավստրալիայից: Նա ապրել է 23 տարի: Սակայն ամեներկար կյանք ունեցող ոչխարը գրանցվել է Ուելսում: Նա ապրել է 28 տարի 51 շաբաթ, մահացել է 1989-ին: