Վիկտոր Ցոյի արձանի նոր նախագիծ է առաջարկվել Պետերբուրգի իշխանություններին /վիդեո/
Սանկտ Պետերբուրգի քաղաքաշինության խորհուրդ են ներկայացրել Վիկտոր Ցոյին նվիրված արձանի նոր նախագիծ:
Քաղաքային իշխանությունները դեռեւս 2008-ին էին հավանություն տվել արձանի նախագծին: 2009-ին մրցույթ էր հայտարարվել արձանի լավագույն նախագծի համար: Ներկայացվել էր 24 էսքիզ: Մրցույթն արդեն ավարտվել է, ժյուրին ընտրել է ֆինալիստներին եւ նրանց խորհուրդ է տվել ավարտել նախագծերը, մինչ կհայտարարեն հաղթողի անունը:
Արձանի այն նախագիծը, որը հիմա է ներկայացվել քաղաքաշինության խորհուրդ, ֆինալիստների ցանկում չի հայտնվել: Սակայն այս տարբերակն արժանացել է “Վիկտոր Ցոյի հիշատակի հիմնադրամի” անդամների հավանությանը, ինչպես նաեւ դուր է եկել երաժշտի ընկերներին եւ հարազատներին: Հիմնադրամը պատրաստ է ինքը ֆինանսավորել արձանի տեղադրումը: Ապրիլի 19-ին հայտարարվել են լսումներ, որոնց ընթացքում կորոշվի արձանի հետագա ճակատագիրը:
Ավելի վաղ ենթադրվում էր, որ Վիկտոր Ցոյին նվիրված արձանը կտեղադրվի 2012-ի հունիսի 21-ին: Այդ օրը կլրանա երաժշտի 50-ամյակը: Վիկտոր Ցոյը զոհվել է Լատվիայում` ավտովթարի արդյունքում 1990-ի օգոստոսի 15-ին: