19 Սեպտեմբերի, Կիրակի, 2021
KFC

Կողոպուտն ու ծեծն անտանելի էին, բռնաբարությունները՝ անհաշվելի

image_24354

Եղիսաբեթ Մելոյանի պատմությունը

1916 թ.,Վան

Վանի նահանգի Արճակ գյուղից Եղիսաբեթ Մելոյանը պատմում է, որ Զատկի օրը 1000-հոգանոց թուրքերի մի խումբ մտել է գյուղ, հավաքել  բոլոր տղամարդկանց և անխնա կոտորել: Կանանց էլ մերկացրել են, որպեսզի համոզվեն, որ տղամարդ չկա ու այներեխաներին, ում մայրերը աղջկա շորերի տակ թաքցրել էին, նրանց էլ են սպանել:Կողոպուտն ու ծեծը անտանելի են եղել, բռնաբարությունները՝ անհաշվելի: Չարչարանքներից հետո նրանց ուղարկել են Այգեստան. 1915-ի հուլիսյան ընդհանուր գաղթի ժամանակ հասել են Բաքու, գրում է armeniangenocide100.org-ը:

Ես, Վանի նահանգի Արճակ գիւղացի Եզիսաբէթ Մելոյեանը, 22 տարու, այժմ ապրում եմ Բագուի Հայոց գիւղի 8 Նագորնայա N 51 տանը, ինձ օգնում է Գաղթ. մարմինը: 

Զատկի Շաբաթ օր երեկոյեան, մեր գիւղի զաբիթներէն մէկը իր հետ վերցուցած 1000 միլլիներ և զօրքեր գիւղը եկաւ: Արշալոյսը բացուելուն յիշեալ զօրքերը գիւղը պաշարեցին և այսպէս պաշարողական դրութեան մէջ մնացինք մինչև ցերեկուայ ժամի երկուքին, [երբ] եկաւ Սարայի գայմագամը 3000-է աւելի ձիաւոր և հետևակ զօրքերով և, առանց նեղացնելու, սպասեց մինչև յաջորդ օրը առաւօտեան: Արևածագից մի ժամ վերջ  գիւղին մէջ մտան և գնդակի տեղատարափով անխնայ սպաննեցին պատահած 5-100 տարու արու եղողները, չէին խնայեր ոչ մի խնդրողի: Չորս քիւրտերը մեր տունը եկան և քովս նստած ծերունի հօրէս դրամ պահանջեցին: Նա չունեցաւ դրամ տալու, իսկ անոնք բարկացած սպաննեցին հայրիկիս ճիշտ քովս նստած: Սպաննութիւնները կատարելէն յետոյ կողոպտող տարրն ալ իր գործը վերջացուց և այլևս տուները ինկած հաւաքեցին բոլոր կին և երեխաները և տարան լեցուցին Վանից Կարոի տունը և մարագը:

4 օր վերջ ոստիկաններէն Մէճիտ անունով մէկը, որ խառակոնիսցի Շիրինին ծանօթ էր, եկաւ մեզանից ջոկեց Շիրինի  կինը և երեխաները և իր մօտ տարաւ, մի քանի օր պահելէ ու չարչարելէ վերջ սպաննեցին բոլորին, ջրհորի մէջ ձգեցին և յետոյ գայմագամը հրամայեց, որ մեզ բոլորին մերկացուցած նային՝ չլինի թէ տղաներ լինեն մեր մէջ և ողջ մնան: Զօրքերը եկան և մեզ չափազանց չարչրկելով նայեցին բոլորին, և մեր մէջ եղող 10 տարեկանէ վեր տղաներն բոլորը կոտորեցին, սպաննեցին նաև 18 տարու եղբայրս՝ Ահարոնին, որ կնոջ հագուստ հագցուցած էինք: Պիտի սպաննէին նաև 1-է 5 տարու եղողները, ան ալ մօլլան (թիւրք կրօնական) արգելեց Կուրանին հակառակ կարծելով: Մեզ դէպի եկեղեցին քշեցին՝ այրելու: Վերոյիշեալ մօլլան՝ իր համախոհներով, հակառակեցին. «Օրէնքին դէմ է» առարկելով, բայց գիւղին տէրտէրը և ժամկոչը սիւնին կապած այրեցին եկեղեցու մէջ և յետոյ մեր քով եկած ծիծաղելով կ՚ըսէին. «Տեսէ՛ք տէրտէրը եկեղեցին պատարագ կ՚նէ և ժողովուրդ կ՚ուզէ հաղորդելու»:

Կողոպուտը և ծեծը անտանելի էր, իսկ բռնաբարութիւնը ծայրայեղութեան հասած, որուն ենթակայ էր նաև եղբօրս կին Ազնիւը: Մի երկու օր վերջ, գայմագամը գնաց իր զօրքերով, իսկ միւդիւրը մեզ 21 օր կոտորածէն յետոյ պահելով, երկու միլլիներու յանձնած, Վան ղրկեց, պատուիրելով, որ ոչ մի տեղ չնեղացնեն մեզի: Միլլիները, հակառակ պատուէրին, մեզ Այգեստանի Ակռբի կոչուած թիւրք թաղամասին մէջ տարան և զօրքերին յանձնեցին, ուր մի քանի օր ծեծելէ և չարչարելէ վերջ քաղաքը ղրկեցին: Մենք անօթութենէն գրեթէ բոլորս հիւանդ էինք, շատերը արդէն մեռան, իսկ ճանապարհին նետած երեխաները 100-է աւելի էին: 

Մեր մէջի եղած լացը և սուգը անպատմելի էին: Այս դժուարութիւններուն և թիւրք բռնաբարութիւններուն ենթակայ 3 օր մնալէ յետոյ մեզ քաղաք ղրկեցին և մէկ օրէ վերջ, անկէ ալ Այգեստան: Այգեստանը գտանք մեր տղամարդերուն, որոնք Խառակոնիսէն փախած էին և Աւերակիի գծով Վան եկած: Եղբայրս՝ Ասլանը, Վան եկած էր և վախէն մեռած էր, մեռան նոյնպէս իրար ետևէն Հրաչ, Արամ և Արմենակ: Այգեստանը մի քանի օր մնալէ յետոյ թիւրքերը փախան, ռուս զօրքը եկաւ, մենք անկէ յետոյ մեր գիւղը գացինք: 

1915 յուլիսեան ընդհանուր գաղթին գաղթեցինք մենք ևս և եկանք Բագու ու այժմ կապրինք Հայող Գիւղը: 

ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 437, թթ. 4 շրջ. – 17, բնագիր, ձեռագիր:

Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ,փաստաթղթերի ժողովածու, հ. 1, Վանի նահանգ, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 56 – 58:

Աղբյուր` armeniangenocide100.org

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ