19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Խնդրեմ՝ գեղեցի՜կ, էսթետի՜կ, աչք շոյող լուսանկարներ, մեր ծագումին համապատասխան լուսանկարներ. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մեր մեջ կան իրական էսթետներ, ովքեր խոցվում են հասարակ երեւույթներից՝ մեր սովորական քաղաքներից, մեր սովորական փողոցներից, մեր սովորական կարկանդակից, մեր սովորական եգիպտացորենից, մեր սովորական ռեստորաններից, մեր սովորական ձվածեղից։

Օ՜, ո՜չ։ Ինչպե՞ս կարելի է։ Այդ ամենի հետ իրենք ի՞նչ կապ ունենք։ Դրանք իրենցը չեն։ Իրենցը բա՜րձր ճաշակն է, ոստրենե՜րը, դասական երաժշտությո՜ւնը։

Իսկապես: Չէ՞ որ մեր ապուպապերի պորտալարը եվրոպական մայրաքաղաքներում են կտրել, մեր արյունն էլ դարերի ընթացքում կապույտ է դարձել։
Եւ խնդրեմ՝ գեղեցի՜կ, էսթետի՜կ, ա՜չք շոյող լուսանկարներ, մեր ծագումին համապատասխա՛ն լուսանկարներ։

Հ.Գ. Մի երկու երկիր եղած, մի երկու գիրք կարդացած, մի երկու անգամ օպերա լսած, մի երկու ոստրե կերած միջին վիճակագրական հայ «ուսյալ-մտավորականը» ոչ միայն չի՛ սիրում, այլեւ ամաչո՛ւմ է միջին վիճակագրական հայ մարդուց, նրա տնից, նրա խանութից, նրա կերածից, նրա լսածից, առհասարակ, Երեւանի փոքր կենտրոնից դուրս գտնվող ամեն ինչից։

Դրա համար էլ այն, ինչ մենք բնորոշում ենք որպես հայրենիքի հանդեպ սեր, ընդամենը նվնվոց է՝ ամբարտավանների՛, ինքնահավանների՛, ապրո՛ղ հայրենիքից, ապրո՛ղ քաղաքներից, ապրո՛ղ հայրենակիցներից, նրանց կենցաղից՝ կարկանդակից, եգիպտացորենից, ռեստորանների երաժշտությունից ամաչողների՛, այդ ամենը չսիրողների՛, այդ ամենից իրենց «հեռացնողների՛» անհոդաբաշխ նվնվոց։

Որովհետեւ, եթե այդ ամենը չես սիրում, բա ի՞նչն ես սիրում։
Ասեմ՝ ինչը․ քանդված եկեղեցիները, որովհետեւ ուրիշն է քանդել, կորցրած քաղաքները, որովհետեւ ուրիշներն են ապրում այնտեղ, Կոտորածի հուշարձանը, որովհետեւ ուրիշն է կոտորել, Մասիս սարը, որովհետեւ սահմանից անդին է։ Մի խոսքով՝ այն ամենը, ինչը սիրելը չի ենթադրում պատասխանատվություն, հոգատարություն, ջանք, քրտինք, աշխատանք։ Ընդամենը՝ նվնվոց»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ