24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանի գրասենյակը պատասխանել է Լևոն-Տեր-Պետրոսյանին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որով պատասխանել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին.

«Վեհափառ Հայրապետի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՀՀ և ԼՂՀ նախկին նախագահների հանդիպման նախաձեռնության վերաբերյալ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքում ներկայացված գնահատականների, այդ թվում՝ հանդիպումների արդյունավետության վերաբերյալ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետը կհրապարակվի հանդիպման մասնակից շահագրգիռ մյուս կողմերի հետ քննարկումների արդյունքում:

Ինչ վերաբերում է Ցյուրիխյան արձանագրությունների և հայ-թուրքական հաշտության հնարավոր պայմանագրի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի դատողություններին, ապա դրանք անընդունելի են, իսկ այդ գործընթացների համեմատությունը բացարձակապես տեղին չէ:

Դրանում բոլորը կհամոզվեն, երբ պաշտոնապես կհրապարակվի թուրքական կողմի հետ ՀՀ գործող կառավարիչների բանակցած փաստաթուղթը»:

Հիշեցնենք, որ մինչ այդ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը ներկայացրել էր Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետ `ՀՀ նախկին երեք նախագահների և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիպումների մասին, որում ասվում է.

«Արձագանքը վերաբերում է ՀՀ վարչապետի անձնական/ընտանեկան լրատվամիջոցի այսօրվա հրապարակմանը, որն, ըստ էության, մերժողական պատասխան է ընդդիմության և իշխանության միջև երկխոսություն սկսելու առաջարկին:

Նախագահը գնահատում է այդ հրապարակումը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների ակնկալվող կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի պահանջների բացահայտման համար: Դա, ըստ էության, ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի տեքստի ադրբեջանական նախագիծը, որի մանրամասներին, ինչպես նշվել էր ՀՀ Առաջին նախագահի սեպտեմբերի 26-ի հարցազրույցում, մինչ այժմ տիրապետում էին միայն վարչապետը և իշխանության վերին էշելոնի մի նեղ շրջանակ: Նույնպիսի նախագիծ, բնականաբար, պատրաստել է նաև Հայաստանը, որի մանրամասները չեն բացահայտվում, և ճիշտ է, որ չեն բացահայտվում՝ ելնելով քաղաքական խորհրդապահության նկատառումներից:

Հասկանալի է, որ նմանատիպ նախագծեր երկուստեք պատրաստվում են նաև հայ-թուրքական հարաբերությունների հաշտությանն ուղղված դիվանագիտական շփումների հարթակում: Այս պարագայում, անշուշտ, մեծ անակնկալներ չեն սպասվում: Հայ-թուրքական հաշտության պայմանագիրն, ըստ էության, շատ չի տարբերվելու Դավութօղլուի և Նալբանդյանի միջև 2009թ. հոկտեմբերի 10-ին կնքված Ցյուրիխյան արձանագրություններից:

Այսպիսով, պետք է արձանագրել, որ իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել, ինչը, սակայն, ամենևին չի նսեմացնում Վեհափառի համառ ջանքերը, որոնք, սույն արձագանքի առիթը հանդիսացող հրապարակման փաստով, արդեն իսկ տվեցին իրենց արդյունքը: Ի դեպ, ՀՀ Առաջին նախագահը հարկ է համարում նաև ընդգծել, որ Վեհափառի նախաձեռնության շնորհիվ տեղի ունեցավ նշանակալից իրադարձություն. 1998 թվականից ի վեր՝ Հայաստանում կայացավ առաջին լուրջ քաղաքական բանավեճը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ