25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀ իշխանությունը ԶՈՒ-ի հետ կապված մեկ նպատակ ունի՝ ամբողջությամբ պահել իր կուսակցական վերահսկողության ներքո․ Տիգրան Աբրահամյան

Մեր գլխավոր խնդիրն է հասկանալ, թե հետպատերազմյա ժամանակահատվածում ինչ է արել Հայաստանը ու ինչ է արել Ադրբեջանը, «Բերձորի հանձնում ու պատերազմ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Հասկանալու համար, թե ռազմաքաղաքական, ուժերի հավասարակշության առումով Հայաստանն ինչ իրավիճակում է, պետք է վերլուծել կողմերի ծավալած գործունեությունը, նշեց պատգամավորը։  

«Հետպատերազմյան ժամանակահատվածում Ադրբեջանը հայտարարեց, որ իր ճանապարհը իր զինված ուժերի բարեփոխումն է՝ թուրքական մոդելով։ Դրանից կարճ ժամանակ հետո սկսվեց Ադրբեջանի ԶՈՒ-ի պատրաստության գործընթացը թուրքական պոլիգոններում։ Ընդ որում, այս պահի դրությամբ արդեն գոյություն ունի ադրբեջանական հինգ զորամաս, որոնք ամբողջությամբ՝ սպայական կազմն՝ առանձին, շարքային անձնակազմն՝ առանձին, պատրաստություն են անցել Թուրքիայում ։ Դրանք, ըստ էության, հատուկ նշանակության խնդիրներ լուծող ստորաբաժանումներ են , որոնք արդեն տեղակայված են թե՛ Քարվաճառի, թե՛ Քաշաթաղի, թե՛ Հադրութի հատվածում։ Ադրբեջանն այսօր ոչ միայն ապահովել է տեղակայումները՝ առաջին գծի մակարդակով, այլև սկսել է զորամասերի վերակազմավորումները, որոնք ընթանում են Թուրքիայի անմիջական հսկողությամբ ու մասնակցությամբ»,- ընգծեց Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը լուծել է նաև կարևորագույն մարտավարական ու ռազմավարական բարձունքներում տեղակայվելու խնդիրը, առաջին գիծն ամբողջությամբ բերել է համապատասխան վիճակի։ Տեղեկություններ կան նաև տարբեր հատվածներում ծանր տեխնիկայի տեղակայման մասին։

«Ծանր տեխնիկայի տեղակայման մասին չեմ խոսում նրա համար, որ ցույց տամ, թե առաջիկա ժամանակահատվածում գործողություններ են տեղի ունենալու, սակայն Ադրբեջանում, համենայն դեպս, սահմանագծի ենթակառուցվածքների տեղակայման հարցն արդեն մի քանի էտապ անցել է»,- հավելեց Աբրահամյանը։

Մեկ այլ կարևոր գործոն էլ, պատգամավորի խոսքով, Ադրբեջանի զենքի մատակարարումներն են․ նրանք համալրում են պատերազմի ժամանակ կորցրածը, ձեռք են բերում նոր պայմանավորվածություններ, որոնցից մեկն էլ ԱԹՍ-երի հավելյալ խմբաքանակին է վերաբերում։ Իսկ Հայաստանում, անվտանգային այն իրավիճակում, որն ունենք, «ձեռքբերում» է համարվում առաջնագծում վրանները տնակներով փոխելը։

«Հայաստանում պատերազմի ավարտից երկու ամիս անց առաջին հայտարարությունը հնչեց Զինված ուժերում բերեփոխումներ սկսելու մասին։ Այդ ձևակերպումից, 1,5 տարի անց իրական բարեփոխում մեր ԶՈՒ-ում որևէ մեկը չի տեսնում։ Հայաստանում քաղաքական ղեկավարությունը խոսում է բարեփոխումների մասին, բայց իրականում առարկայական որևէ բան չկա։ Վերջին բանը, որը մեզ մոտ քննարկվել է ԶՈՒ-ում բարեփոխումների շրջանակում, Գլխավոր շտաբում ու ՊՆ-ում կառուցվածքային փոփոխություններն են, որոնք ներկայացվում են որպես բարեփոխում, բայց իրական նպատակը Գլխավոր շտաբի պետին կուսակցական ֆունկցիոներների ենթակայության տակ պահելն է։

ՀՀ իշխանությունը ԶՈՒ-ի հետ կապված ունի մեկ նպատակ՝ ամբողջությամբ պահել իր կուսակցական վերահսկողության ներքո։ Որևէ այլ ֆունկցիա, որի իրականացվելու մասին հայտարարվել է, ուղղակի չեմ տեսնում։ Մինչ մենք խոսում ենք ադրբեջանական զինտեխնիկայի ձեռքբերումների, տեղակայումների մասին, ՀՀ-ում դեռևս քննարկվում է առաջնագծում վրանները տնակներով փոխարինելու հարցը»,- ընդգծեց Տիգրան Աբրահամյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ