20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պահքի իմաստն ու անհրաժեշտությունը

«Եթե ըստ մարմնի ապրեք, կմեռնեք. իսկ եթե Հոգով մարմնի գործերը սպանեք, կապրեք»

Հռոմեացիներ 8.1

Ահա և սկսվել է Մեծ պահքի խորհրդավոր շրջանը. տրվել է խորհրդակիր կիրակիներից բաղկացած ոսկե շղթայով ճանապարհորդելու մեկնարկը, որի ավարտին տոնելու ենք  Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը։

Դեռևս դրախտում Տիրոջ կողմից առաջին պատվիրանը տրվեց Ադամին, որ չուտի արգելված պտուղը, ինչն էլ ժուժկալությամբ պահեցողության օրինադրությունն էր․ «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16-17)։

Արտաքսումից ի վեր մարդու կյանքը վայրիվերումներով լեցուն է դարձել: Նա հայտնվել է հոգևոր և նյութական աշխարհների խաչմերուկում, փորձում է գտնել իր տեղը, հարմարվել և առաջ ընթանալ` իմաստավորելով սեփական անձի գոյությունը, ինչը, սակայն, կատարելապես հնարավոր կլինի միայն Աստծուց բխող օրհնությամբ և լուսավորությամբ: Դա կհաջողվի հատկապես այն ժամանակ, երբ պահքի օգնությամբ բացվի սիրտն ու հոգին Աստծու առաջ, ու տեսանելի կդառնան բոլոր այն մեղքերը, որոնք տեսնել հնարավոր չէ մինչ այդ տիրող խավարի պատճառով, և մարդը կզգա սեփական անկատարությունն ու կփորձի դարմանել մեղքերից բազում վերքեր ստացած հոգին` պատրաստելով նրան Աստծու հետ հանդիպման:

Յուրաքանչյուր ոք որևէ կարևոր հանդիպումից առաջ հատուկ պատրաստություն է տեսնում, որպեսզի ավելի ներկայանալի և պատշաճ տեսք ունենա: Ահա և նույն կերպ էլ պետք է պատրաստվել Աստծուն հանդիպելուց առաջ: Մարդն իր հոգին կարող է ճիշտ կերպով նախապատրաստել Աստծու հետ հանդիպմանը հատկապես պահքի և ծոմապահության օգնությամբ: Երբ Հիսուս եկավ աշխարհ մարդու փրկության համար, մկրտությունից հետո մտավ ծոմապահության մեջ, որպեսզի ցույց տա մեղքերից ազատվելու և Աստծուն մոտենալու ճանապարհը: Անշուշտ, դժվար է պատկերացնել, որ մեկ անգամ պահեցողությամբ աշխարհիկ անձն ամբողջությամբ կմաքրվի և կարժանանա Երկնքի արքայությունը ժառանգելուն, սակայն ամեն տարի մի փոքր մաքրվելով՝ կհասնի կատարելության: Կարևոր է իմանալ, որ պահք պահողն իր ուժերի վրա չպետք է հույս դնի, այլ աղոթի և խնդրի Աստծո ողորմությունից բխող օգնականությունը, այլապես չի կարող հաղթահարել որևէ դժվարություն, ինչպես նաև չպետք է մտածի, թե. «Որևէ մեղք չեմ գործել, ինչո՞ւ պահք պահեմ», քանզի երբ մարդ ժխտում է իր մեղավոր լինելը, արդեն իսկ մեղք է գործում՝ նմանվելով փարիսեցուն (Ղուկաս 18․9-14): Չէ՞ որ քրիստոնեական բարեպաշտության և Աստծո առջև արդարանալու հիմքը խոնարհությունն է, իսկ խոնարհության բացակայությունը ծնունդն է հպարտության:

Պահքն օգնում է հոգուն իշխանություն ունենալ մարմնի վրա, քանզի այն ստիպում է հրաժարվել այն ամենից, ինչը մեզ վրա իշխանություն ունի, այն ամենից, ինչը մեզ գցում է կախվածության մեջ:

Չափազանց կարևոր է պահեցողության ամբողջականությունը, այսինքն՝ ոչ միայն կենդանական ծագում ունեցող սննդից հրաժարումը, այլ նաև վատ սովորություններից, յուրաքանչյուր դժվարության հաղթահարումը սիրո, առ Աստված աղոթքի, ողորմության ճանապարհով․ «…Եվ եթե իմ ամբողջ ունեցվածքը տամ աղքատներին և իմ այս մարմինը մատնեմ այրվելու, բայց սեր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենա» (Ա Կորնթացիներին 13:3), ինչպես նաև հանդուրժողականությամբ․ «Հակառակության և կռիվների մեջ ծոմ մի՛ պահեք, այլ քանդե՛ք անիրավության բոլոր կապանքները» (հմմտ. Եսայի 58․4-6)։ Եթե գիտակցենք, որ պահքն Աստծուն մոտենալու ճանապարհն է, ապա սիրով և ուրախությամբ կընդունենք այն բոլոր մարտահրավերները, որոնք անխուսափելիորեն նետվում են յուրաքանչյուր պահեցողի առաջ։ Եվ, ի վերջո, չպետք է մոռանալ, որ որևէ մեկը տրտմությամբ պսակի չի արժանանալու և որևէ մեկը տխրությամբ հաղթության չի հասնելու։ Ճշմարիտ, այսինքն՝ բոլոր զգայարանների և, հատկապես, լեզվի պահեցողության դեպքում հոգին անընդհատ կձգտի աղոթքի, իսկ այդ դեպքում մարդը տխրության մեջ հարատևելու առիթ էլ չի ունենա, չէ՞ որ անընդհատ խոսելիս կլինի իր Երկնավոր Հոր հետ՝ զգալով Նրանից բխող ջերմությունն ու սերը, ինչն էլ նրան կհասցնի հրաշափառ Հարության երանելի օրվան։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ