29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ազգային բանակը մեր պետականության անվտանգության և շարունակականության երաշխավորն է. Գլխավոր դատախազ

han.thumb

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձը է հղել ՀՀ զինված ուժերի 30-ամյակի առթիվ.

«Դատախազության ամբողջ անձնակազմի անունից շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ։

Ազգային բանակը մեր պետականության անվտանգության և շարունակականության երաշխավորն է, պետականակերտման գործընթացում մեր ժողովրդի ամենակարևոր նվաճումներից մեկը, որ կայացման իր անցած հերոսական ճանապարհով դարձել է մեր ազգային ինքնության անքակտելի մասնիկը:

Ինչպես արցախյան առաջին ազատամարտի ընթացքում, այնպես էլ 2016թ. քառօրյա և 2020թ. 44-օրյա պատերազմում մեր բանակի բազմաթիվ շարքային և պայմանագրային զինծառայողներ, սպաներ տվել են անձնազոհության ու սխրանքի, հայրենանվիրության, պետականասիրության և պարզապես մարդկային արժանապատվության այնպիսի դասեր, որոնք հպարտության և խոնարհումի խորը զգացումներ են հարուցում ցանկացած հայորդու հոգում, օրինակ ծառայում բանակի շարքերը համալրող նորակոչիկների համար և լրացնում են մեր ռազմի պատմության փառահեղ էջերը:

Հազարավոր նվիրյալ զավակների կողմից ներդրված ջանքերի, ժողովրդի կողմից զրկանքներով արված մեծ զոհողությունների գնով Հայոց բանակը շարունակում է իր ամրացման ընթացքը՝ պահպանելով նոր հաղթանակների մարտական ոգին, ամոքելով վերջին պատերազմում ստացած վերքերը, վերարժևորելով անցած ուղին, անհրաժեշտ բարեփոխումների միջոցով ամրապնդելով իր մարտունակությունը: Այն վերանվաճում է տարածաշրջանային անվտանգության առանցքային երաշխավոր գործոնի իր դիրքերը, իսկ տարբեր տարածաշրջաններում խաղաղապահ առաքելությունների շրջանակներում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմով, արագ արձագանքման կարողությամբ ապացուցում է որպես կուռ, մոբիլ համակարգ լինելու ներուժը:

Իբրև պետական մեծագույն արժեք՝ Ազգային բանակը Դատախազության հատուկ հոգածության ներքո է ներքին կարգուկանոնի, կանոնադրական հարաբերությունների, իրավակարգի անշեղ պահպանման, հանցավորության դեմ պայքարի, այս ամենով հանդերձ՝ զինվորի և սպայի համար ծառայության անվտանգ, բնականոն միջավայրի ապահովման տեսանկյունից: Զինված ուժերում արատավոր և հանցածին բարքերն արմատախիլ անելը, կոռուպցիայի դեմ պայքարը, պետական շահերի, զինծառայողների իրավունքների պաշտպանությունը, քրեական արդարադատության իրականացումը, մեզ համար մնում են այս ոլորտի լիարժեք առաջնայնություն՝ որպես բանակաշինության կարևոր բաղադրիչ: 

Հայոց բանակին մաղթում եմ հաջողություններ ռազմական ներուժի հզորացմանը, ժամանակակից տեխնոլոգիական հագեցվածության ապահովմանը, բովանդակային ու կառուցվածքային վերափոխումներին ուղղված բոլոր նախաձեռնություններում: Մեր զինծառայողներին՝ սկսած ժամկետայիններից մինչև բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, ցանկանում եմ անվրդով ծառայություն խաղաղ երկնքի ներքո:

Հավերժ հիշատակ հանուն մեր հայրենիքի ընկած բոլոր հայորդիներին:

Փա՜ռք մեր հերոսական բանակին», – նշված է ուղերձում։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ