13 Օգոստոսի, Saturday, 2022
KFC

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել

22C4726A-FD3E-45C6-8058-6A6A02D2C902

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարները հրապարակել են համատեղ հայտարարություն ԼՂ հակամարտության վերաբերյալ:

Հայտարարությունում ասվում է.

«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, իրենց աջակցությունն են հայտնում Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսմանը: Համանախագահող երկրները կողմերին կոչ են անում շարունակել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև երկխոսությունը, որը սկսվել է սեպտեմբերին Նյու Յորքում և նոյեմբերին Փարիզում կայացած հանդիպումների ժամանակ, ինչպես նաև շարունակել շփումները ղեկավարության մակարդակով ՝ տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղությանը նպաստելու համար:

Համանախագահող երկրները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից և ամբողջ ծավալով կատարել այն պարտավորությունները, որոնք նրանք ստանձնել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին և վերահաստատել 2021 թվականի նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի, ինչպես նաև հրադադարի մասին համատեղ համաձայնեցված այլ պայմանավորվածությունների մեջ: Համանախագահող երկրները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել իրենց փոխգործակցությունը համանախագահների հովանու ներքո ՝ մարդասիրական հարցերում հստակ առաջընթացի հասնելու համար, ներառյալ, մասնավորապես, ձերբակալվածների, ականազերծման, անհայտ կորածների, տեղահանված անձանց կամավոր վերադարձի, պատմական ու մշակութային օբյեկտների պաշտպանության ուղղությամբ, և կառուցողական աշխատել այլ չլուծված հարցերի կարգավորամն համար, ինչպիսիք են սահմանագծման և սահմանազատման, տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ: Համանախագահող երկրները նաև մտահոգությամբ են նշում հայ-ադրբեջանական չսահմանազատված սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպերը և հաստատում, որ ուժի կիրառումը կամ ուժի սպառնալիքը սահմանային վեճերի լուծման համար անընդունելի է: Համանախագահ երկրները նաեւ հիշեցնում են Հայաստանին եւ Ադրբեջանին միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները պահպանելու իրենց պարտավորության մասին եւ կողմերին կոչ անում անհապաղ վերացնել հակամարտության հետեւանքով տուժած շրջաններին եւ բնակչությանը միջազգային մարդասիրական կազմակերպությունների հասանելիության բոլոր սահմանափակումները:

Համանախագահող երկրները կողմերին հորդորում են որքան հնարավոր է շուտ ողջունել համանախագահներին տարածաշրջանում, որպեսզի նրանք կարողանան տեղում անմիջապես գնահատել իրավիճակը, զգալի առաջընթացի հասնել վերոնշյալ հանդիպումներում քննարկված մարդասիրական նախաձեռնությունների իրականացման գործում և համաձայնության հասնել ապագա միջոցառումների օրակարգի շուրջ: Նրանք նաև հայտնում են տարածաշրջանում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (PRCIO) շարունակական աշխատանքին իրենց վճռական աջակցության մասին եւ կողմերին կոչ անում լիարժեք համագործակցել նրա ջանքերի հետ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները վերահաստատում են իրենց հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի համապարփակ լուծումներ գտնելու հարցում կողմերի հետ համագործակցությանը ՝ իրենց մանդատին համապատասխան ՝ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար անվտանգ, կայուն, բարգավաճ եւ խաղաղ ապագային աջակցելու նպատակով:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ