19 Հունվարի, Չորեքշաբթի, 2022
KFC

«Ես էլ լինեի Ալիևի տեղը, կասեի. «Վե՛րջ, մտա պատմության մեջ», բայց հակամարտությունն ավարտված չէ». Մարկեդոնով

mhm0144177.thumb

Հայ-ադրբեջանական հակամարտությունը, չնայած Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, ավարտված չէ, քանի առայժմ կան չլուծված բազմաթիվ հարցեր, և ոչ միայն հայկական կողմը, այլև Մինսկի խմբի համանախագահները շարունակում են խոսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման անհրաժեշտության մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Կովկասի ինստիտուտի կազմակերպած «Կովկասը XXI դարում» միջազգային գիտաժողովի ընթացքում ասել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ ներկայացնելով «Հայաստան. ազգային նախագծի փոխակերպման ուղիները» թեմայով իր զեկույցը:

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի՝ Եվրատլանտյան անվտանգության հարցերով կենտրոնի առաջատար գիտաշխատողը խոսում էր Հայաստանի անկախացման գործընթացի, Արցախյան շարժման և հետագա ներքաղաքական գործընթացներում Արցախի գործոնի ազդեցության մասին:

Քաղաքագետի խոսքով՝ իր զեկույցի նպատակը Հայաստանի ներքաղաքական կյանքում ղարաբաղյան գործոնի դերի և ազդեցության փոխակերպումը ցույց տալն է՝ սկսած 1988 թվականի Արցախյան շարժումից, որից սկսվեց Հայաստանի անկախացման գործընթացը:

«Իմ զեկույցի նպատակը ղարաբաղյան գործոնի փոխակերպումը ցույց տալն էր, թե ինչպես է այն սկսում հեռանալ հիմնական, ֆունդամենտալ սյուժեից՝ ինչ-որ տեղ ընկալվելով իբրև մարտահրավեր, ոչ միայն իբրև «բենեֆիթ», ինչ-որ տեղ՝ իբրև սպառնալիք: Թե ինչպես է փոխվում այդ հարաբերությունը», – «Արմենպրես»-ին ասաց քաղաքագետը:

Մարկեդոնովի գնահատմամբ՝ ղարաբաղյան գործոնի կենտրոնական, վճռորոշ ազդեցությունը հայկական քաղաքականության մեջ աստիճանաբար նվազելու է, սակայն զեկուցողը համաձայն չէ ադրբեջանական կողմի այն տեսակետի հետ, որ 2020 թվականի պատերազմից հետո Ղարաբաղյան հակամարտությունը ավարտվել է, և Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է:

Այս համատեքստում, ի դեպ, Սերգեյ Մարկեդոնովը շեշտում է, որ սխալ է տվյալ հակամարտությունը Ղարաբաղյան անվանելը: Մարկեդոնովի կարծիքով՝ այն պետք է կոչել հայ-ադրբեջանական հակամարտություն՝ հաշվի առնելով այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղից բացի՝ Ադրբեջանի հետ հակամարտության այլ թատերաբեմեր են եղել և այժմ էլ կան: Մասնավորապես՝ Շահումյանը, Խանլարը, Գետաշենը, Մարտունաշենը, այսօր էլ՝ Սյունիքի և Գեղարքունիքի սահմանամերձ տարածքները, նախիջևանյան ուղղությունը:

Ռուսաստանցի քաղաքագետի խոսքով՝ Ղարաբաղը պարզապես գլխավոր խորհրդանիշն էր:

«Ինչ վերաբերում է հակամարտության ավարտվելուն, ապա, որպես փորձագետ, կարծում եմ, որ հակամարտությունն ավարտված չէ: Ես այդպես եմ կարծում որպես մասնագետ, ոչ թե որովհետև ես Երևանում եմ կամ որովհետև ես հայամետ դիրքորոշում ունեմ, ինչպես որոշ մարդիկ են կարծում: Հակամարտության ավարտը խաղաղության համաձայնագիրն է»,- ընդգծեց Սերգեյ Մարկեդոնովը:

 

Քաղաքագետը շեշտեց, որ որևէ հակամարտության ավարտվելը մասնագիտական առումով ունենում է իր չափանիշները:

«Հակամարտության ավարտվելը երկու հասարակությունների համար քիչ թե շատ լեգիտիմ խաղաղության համաձայնագրի ստորագրումն է: Մենք այդ լեգիտիմությունը չենք տեսնում, ի դեպ, ոչ միայն Հայաստանում: Հայաստանում 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնությունից դժգոհ մարդիկ ելույթներ են ունենում, բողոքի ցույցեր են անում: Ադրբեջանում վիճակն այդ առումով ավելի բարդ է: Փառք Աստծո, սոցցանցերում կան բլոգներ, որտեղ կարդում ենք. «Գողացված հաղթանակ», «Մեզ թույլ չտվեցին վերցնել Ստեփանակերտը»,«Ի՞նչ են անում մեր տարածքում օտարերկրյա զինվորները»: Կարո՞ղ ենք ասել, որ ադրբեջանական հասարակությունը ամբողջությամբ ընդունել է պատերազմի արդյունքները: Իհարկե, ո՛չ: Ամբողջությամբ և մինչև վերջ չի ընդունել: Ես հասկանում եմ Իլհամ Ալիևի տրամաբանությունը: Եթե ես լինեի Իլհամ Ալիևի տեղը՝ ես էլ կասեի. «Վե՛րջ, ամեն ինչ ավարտված է, ես մտա պատմության մեջ, ես պատմության դասագրքի մեջ եմ»: Նրա տրամաբանությունը միանգամայն հասկանալի է, բայց չի կարելի ասել, թե հակամարտությունը դրանով ավարտվել է», – ընդգծեց Սերգեյ Մարկեդոնովը:

Քաղաքագետը շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, միևնույն է, խոսում են, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում:

«Իսկ Մինսկի խումբը չի՞ ասում, որ կարգավիճակը մինչև վերջ հստակեցված չէ: Ասո՛ւմ է: Քանի դեռ այդ հարցերը լուծված չեն՝ չենք կարող խոսել հակամարտության ավարտված լինելու մասին: Ես հենց այնպես չասացի, որ հակամարտությունը միայն ղարաբաղյան չէ: Այն, ինչ հիմա տեսնում ենք՝ կապված սահմանագծման և սահմանազատման հարցերի հետ, հենց դրա մասին է խոսում, որ կոնֆլիկտը հայ-ադրբեջանական է: Այնպես որ, չենք կարող ասել, որ ամեն ինչ ավարտված է: Բայց ղարաբաղյան կառուցվածքի կենտրոնական-առաջատար ազդեցությունը աստիճանաբար նվազելու է՝ այդ թվում սերնդափոխության պատճառով», – մեկնաբանեց Սերգեյ Մարկեդոնովը:

 
KFC

Արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ