20 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2021
KFC

Միամիտ հույսեր, ինքնախաբեություն ու պարզ իրականություն. «Փաստ»

08D40370-00A5-43E0-AC0D-B39F4D8B11A7

Ներկայումս աշխարհում ակտիվ աշխարհաքաղաքական տեղաշարժեր ու վայրիվերումներ են տեղի ունենում։ Ուժերի վերադասավորության փորձերը տեսանելի են ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում։ Մեր տարածաշրջանում հատկապես նկատելի է թուրք-ադրբեջանական տանդեմի ակտիվացումը, որի հիմքում նեոօսմանական և պանթուրքական ծրագրերն են։ Պատահական չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը Արցախի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայից հետո պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում։

Իսկ որոշ դեպքերում նրանց զորավարժություններին մասնակցում են նաև Պակիստանի զինվորականները։ Բնականաբար, թուրք-ադրբեջանական ակտիվացումը առաջացրել է տարածաշրջանային մյուս ուժերի անհանգստությունը։ Օրինակ՝ Իրանը, բնականաբար, շատ ծանր է տանում Թուրքիայի ակտիվացումը Հարավային Կովկասում։ Դրանով է պայմանավորված, որ իրանական կողմը կոշտ արձագանք տվեց հատկապես Կասպից ծովում թուրք-ադրբեջանական զորավարժություններին՝ հիշեցնելով ոչ կասպիական պետությունների զորքերի ներկայության պայմանագրային արգելքի մասին: Միևնույն ժամանակ, իրանական կողմին անհանգստացնում է Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցությունն Իսրայելի հետ։

Դրան ավելանում է Ադրբեջանի կողմից Սիսիան-Գորիս ավտոճանապարհով իրանական բեռնատարների երթևեկության խոչընդոտումը։ Թերևս այս տրամաբանության ներքո պետք է դիտարկել, որ վերջին շրջանում կտրուկ սրվել են Թեհրանի և Բաքվի հարաբերությունները։ Ադրբեջանում հակաիրանական հիստերիա է սկսվել, իսկ Իրանը, ըստ տարբեր տեղեկությունների, մեծ քանակությամբ ռազմական ուժեր և տեխնիկա է կուտակում Ադրբեջանի հետ սահմանին։

Սակայն այս իրադարձությունների ֆոնին հայկական տեղեկատվական դաշտում որոշ շրջանակներ արդեն սկսել են վերլուծություններ և կանխագուշակություններ անել, թե շուտով ռազմական բախում տեղի կունենա Իրանի ու Ադրբեջանի միջև, ուստի Իրանի հետ կապված չպետք է հույսներս կորցնենք, թե նրա միջոցով կկարողանանք դուրս գալ կապիտուլ յացիայի ենթարկված վիճակից։ Լարվածություն է նկատվում նաև ռուսթուրքական հարաբերություններում։

Պաշտոնական Անկարան կրկին անդրադարձել է Ղրիմի հարցին՝ հայտարարելով, որ չի ճանաչում այդ երկրամասում տեղի ունեցած ընտրությունները, քանի որ, իրենց կարծիքով, Ռուսաստանն այն բռնազավթել է։ Ռուսաստանի և Թուրքիայի շահերի բախումը տեսանելի է նաև Սիրիայում, Հարավային Կովկասում և Միջին Ասիայում։ Եվ այստեղ էլ հայկական տեղեկատվական հարթակներում շատերն արդեն կարծիքներ են հայտնում, թե ռուս-թուրքական բախումն անխուսափելի է, ու մենք կարող ենք օգտվել այդ հանգամանքից պատերազմի ընթացքում մեր ունեցած կորուստները հետ վերադարձնելու համար։ Հենց այսպիսի պաթետիկ, հաճախ անիրատեսական մոտեցումների արդյունքում է, որ մենք միայն պատրանքներով ենք առաջնորդվում և չենք կարողանում իրավիճակին սթափ գնահատական տալ։

Այնինչ, անհրաժեշտ է ոչ թե տեղի ունեցող իրադարձությունների գույները խտացնել, այլ պարզապես հմտորեն օգտվել այն հանգամանքից, որ ադրբեջանա-իրանական հարաբերությունները սրվել են և տարբեր ուղղություններով խորացնել համագործակցությունն Իրանի հետ։ Անհրաժեշտ է նաև, հաշվի առնելով ռուս-թուրքական շահերի բախումը, ավելի սերտացնել ու ընդլայնել մեր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների ողջ դիապազոնը։ Իսկ որոշ շրջանակների մոտ ձևավորված այն մտայնությունը, թե արտաքին ուժերը գալու են ու մեզ միանգամից հանեն այս ծանր վիճակից, ուղղակի պարզ միամտություն է։ Մեղմ ասած:

Հայաստանը պետք է իր մեջ պայքարի կամք գտնի, որպեսզի արտաքին ուժերն էլ տեսնեն, որ մենք մեզանից ուժ ենք ներկայացնում, ուստի և հաշվի նստեն հայկական գործոնի հետ և փորձեն ինչ-որ ձևով օգնել։ Այլապես ներկայիս վիճակում Հայաստանն, ընդհանուր առմամբ, կորցրել է իր սուբյեկտայնությունը և արտաքին սպառնալիքների ազդեցության տակ միայն զիջումներ կատարելով է զբաղված։ Մյուս կողմից՝ մեր պետության շահերը, կարելի է ասել, ընդհանրապես պաշտպանված չեն։ Իսկ այս պայմաններում ՀՀ իշխանությունները օրերն են հաշվում, թե երբ պետք է գնան սահմանների սահմանազատման ու սահմանագծման, ու այդ տրամաբանության ներքո էլ մարդկանց համոզում են, թե սահմանները կբացվեն, դրանից հետո խաղաղություն կտիրի ու բոլոր հարցերը կլուծվեն։ Չկա նման բան:

Պարզապես չկա: Իրականում իշխանությունների այս մոտեցումն ինքնախաբեություն է, քանի որ որևէ երաշխիք չկա, որ սահմանների սահմանազատումից ու սահմանագծումից հետո էլ թշնամին չի խախտի սահմանը, սադրանքների չի դիմի, կամ նոր լարվածության օջախ չի ստեղծի։ Էլ չենք խոսում տնտեսական և անվտանգային մտահոգիչ հեռանկարների մասին: Միակ ելքը մնում է այն, որ հայությունն իր հույսը միայն իր վրա դնի, հնարավորինս պայքարի յուրաքանչյուր փոքր հարցի շուրջ հաջողության հասնելու հարցում և թույլ չտա, որ թշնամին հասնի իր ուզածին, որովհետև վերջինս իր պահանջների բավարարումից հետո ավելին է ուզելու։ Ու այդպես էլ անում է… Սակայն, որքան էլ ցավալի է, ներկայումս գործող իշխանություններն ի զորու չեն պայքարի որևէ նշույլ ցույց տալ, նրանք միայն հարմարվողի դերում են հայտնվել, երբ անվերապահ համաձայնում են հակառակորդի կողմից ներկայացված պահանջներին։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ