20 Ապրիլի, Երեքշաբթի, 2021
KFC

Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ցուգցվանգային իրավիճակում. «168 ժամ»

83CBA30A-9A5D-40AA-B418-50D6C46DE115

Զինված ուժերի գլխավոր շտաբի և բանակի հրամկազմի՝ նախօրեին արված հայտարարությունը Հայաստանում ստեղծել է բոլորովին նոր քաղաքական իրավիճակ։

 

Նիկոլ Փաշինյանն առնվազն մասամբ կորցրել է իշխանությունը, նա այլևս չի տիրապետում պետության ամենաազդեցիկ ուժային կառույցին՝ բանակին։ Ընդ որում, ամենաազդեցիկը լինելով՝ բանակն իրականում նաև ամենալեգիտիմ կառույցն է՝ ինչպես հասարակության ունեցած անվերապահ վերաբերմունքի առումով, այնպես էլ՝ այն իմաստով, որ հանրությունն ամենաշատը կապված է հենց բանակի հետ․ հազարավոր ընտանիքների երեխաներ ծառայություն են անցկացնում բանակում։

Այս իմաստով Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների հղումներն «իշխանության լեգիտիմությանը», մեղմ ասած, հիմնավոր չեն, քանի որ, եթե Նիկոլ Փաշինյանն իրեն համարում է «լեգիտիմ իշխանություն», ապա իր հրաժարականը պահանջում է պետական կառավարման ու անվտանգային համակարգի ամենալեգիտիմ կառույցը՝ բանակը։

 

Ժամանակը, մեղմ ասած, չի աշխատում Նիկոլ Փաշինյանի օգտին, իսկ իրականում՝ աշխատում է նրա դեմ։ Նիկոլ Փաշինյանը չի կարող կտրուկ քայլերի դիմել բանակի դեմ, քանի որ այդպիսով բանակի ղեկավարությանն ու նաև միջին օղակներին էլ ավելի կհամախմբի իր դեմ։ Մյուս կողմից՝ նա չի կարող նաև ինչ-որ քայլերի չդիմել, քանի որ դրանով ցույց կտա, որ այլևս չի տիրապետում իրավիճակին։ Այս պայմաններում Նիկոլ Փաշինյանի ընտրությունը մեծ չէ․ լավագույն դեպքում նա կարող է հայտարարել արտահերթ ընտրությունների անցկացման մասին, սակայն խիստ կասկածելի է, թե ինչպես դա կընդունվի հրապարակի ու նաև խորհրդարանի քաղաքական ուժերի կողմից։

Ստեղծված խորը ճգնաժամը հաղթահարելու այլ քաղաքական գործիք Նիկոլ Փաշինյանը չունի․ բռնաճնշումներն է՛լ ավելի կարագացնեն նրա իշխանության կործանումը։ Լայն իմաստով՝ Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ցուգցվանգային իրավիճակում, երբ ցանկացած քայլ աշխատելու է իր ու իր իշխանության դեմ։

Դա նման է այն իրավիճակին, որում հայտնվել էր Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ 2018 թվականին, և որի մասին խոսեց հենց ինքը՝ վերջին հարցազրույցում՝ ասելով, որ հայտնվել էր ցուգցվանգի առաջ՝ կա՛մ պետք է ուժ կիրառելու հրաման արձակեր, կա՛մ պետք է որոշում կայացներ՝ անցնցում հեռանալու մասին։ Սերժ Սարգսյանն ընտրեց երկրորդ՝ անցնցում հեռանալու տարբերակը, ինչի արդյունքում Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության։ Եվ հիմա ամենագլխավոր հարցն այն է՝ արդյոք Նիկոլ Փաշինյանն ինքը՝ այս ցուգցվանգային իրավիճակում, կամք ու վճռականություն կցուցաբերի՞՝ անցնցում հեռանալու որոշում կայացնելով, թե՞ կարձակի հասարակությանը կրակելու հրաման։

Նիկոլ Փաշինյանի անձնական վերաբերմունքն այդ հարցին հայտնի չէ, սակայն իշխանության ամենանշանային ու, միևնույն ժամանակ, ամենաբեղավոր ներկայացուցիչներից Անդրանիկ Քոչարյանն արդեն իսկ հայտարարել է, որ իշխանությունը կարող է կրակել»,-գրում է թերթը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ