19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Պուտինի հետ այսօր երկու անգամ խոսել եմ»-ը դարձել է գլուխ գովելու առարկա եւ իշխանությունը պահելու գրավական. Հովհաննես Սահակյան

«Աշխարհում աննախադեպ բան է`կապիտուլյացիայի ակտ ստորագրած իշխանությունը շարունակում է պաշտոնավարել, դեռ այդ ընթացքում էլ մեղադրում է ընդդիմությանը, բանակին, կամավորականներին`բոլորին, բացի իրենից, բացի իր մեղավորությունը եւ դրա հետեւանքները կրելուց»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանն`անդրադառնալով նոյեմբերի 10-ին ստորագրված համաձայնությանը եւ դրան հետեւած իշխանության կեցվածքին, որը շարունակվում է մինչ օրս: «Միայն բառերով են ասում`մեղավոր ենք: Եթե մեղավոր եք`թողեք ու գնացեք»,- սում է մեր զրուցակիցը`հիշելով գործող իշխանության քարոզչական բառամթերքի ոսկե ֆոնդից «աննախադեպ», «բացառիկ» եւ համանման այլ բառեր, որոնք այս ընթացքում, տարբեր առիթներով եւ հիմնականում անտեղի օգտագործվեցին, մինչդեռ վերջին շրջանում իշխանության պահվածքը հենց այդ բառամթերքով է բնութագրվում: Իշխանության հետ անհամաձայնությունը «աթոռակռիվ» կամ «իշխանության վերադառնալու հայտ» ներկայացնելը Հովհաննես Սահակյանը համարում է այս իշխանության բնութագրիչ`մանիպուլյացիա եւ բացատրում. «Քանի դեռ իրենք չեն գնացել, հնարավոր չի լինելու եղածը փրկել կամ չարաբաստիկ համաձայնագրի տողատակերում եղածները չեզոքացնել: Պետք է լինի թեկուզ ժամանակավոր իշխանություն, բայց լեգիտիմության մանդատով, որը երես ունենա`գնա եւ բանակցի: Չե՞ք տեսնում, որ այս իշխանությունը, Նիկոլ Փաշինյանն այլեւս չեն կարող դա անել: Սոթքի հետ կապված վերջին դրվագը ամենացայտունն է բացահայտում ասածիս ճշմարտությունը: Չեն գնում բանակցելու, թուրքն էլ ասում է`գնացեք, թող ռուսը գա, ՀՀ-ի դրած սահմանը հանում են, դարպասը կոտրում գալիս են առաջ, ձեզ հաշվի չեն առնում: Հանուն ՀՀ-ի, հանուն ժողովրդի, հանուն, գոնե մնացած Հայաստանի`կիսատ-պռատ, բարոյալքված, օր ու ժամ առաջ պետք է թողնեն հեռանան»: Հիշեցնելով հենց իշխանական տարբեր շրջանակներից`պատերազմի վտանգի առկայության մասին հայտարարությունները եւ դրանով հիմնավորելով ռազմական դրությունը երկարացնելու մասին որոշումը, Հովհաննես Սահակյանը շարունակում է. «Պարտված գերագույն գլխավոր  հրամանատարը նոր պատերազմ կարո՞ղ է վարել: Էլ չեն հավատում, վաղուց չեն հավատում, այն ժամանակ էլ չէին հավատում եւ իր համախմբման կոչին շատերը չհետեւեցին: Հանուն վաղվա պատերազմի հաղթանակի համար, թողեք`գնացեք: Պարտվածի, հուսալքվածի բեռը յուրաքանչյուր հայ կրում է: Դուք իշխանության ղեկին եք, տեղեկություններին ավելի լավ եք տիրապետում եւ ասում եք, որ կա պատերազմի վտանգը: Ապագան ավելի մշուշոտ մի դարձրեք: Թող ազգային իշխանություն գա եւ գնա բանակցի ռուսի հետ: Ասում էին`«ռուսի հպատակն եք», «մենք հայ ազգի ողնաշարն ուղղեցինք»: Ոչ միայն ողնաշարը չուղղեցիք, այլ դարձաք ոտքի տակի փալաս: Ցավով եմ ասում… Իշխանական պատգամավորների վերջին ելույթներն ԱԺ-ում խենթանալու են`«ռուսը մեզ ասեց…», «ռուսի հետ…»: «Պուտինի հետ այսօր երկու անգամ խոսել եմ», արտահայտությունն այսօր դարձել է իշխանություն պահելու գրավականը եւ գլուխ գովելու առարկա: Սա խարան է եւ ամոթ: Աճառյանի բառարանն էլ այլեւս չի հերիքում`իրավիճակը նկարագրելու համար»:

Հովհաննես Սահակյանը խնդրում եւ պահանջում է. «Օր առաջ թողեք իշխանությունն ազգային, պահպանողական այն կարող ուժերին, ովքեր կարող են նստել Պուտինի հետ, ում օրը երկու անգամ զանգելով ուրախանում եք, կարող են ոչ թե կապիտուլյացիայի ակտ ստորագրածի, «կզածի» կարգավիճակով գնալ եւ խոսել, այլ մեջքը ուղիղ  կնստեն եւ կկարգավորեն շատ հարցեր: Գոնե այդ ստորացումն անընդհատ չի շարունակվի: Սոթքը օրինակ. եթե գիտեիք, որ JPS-ով է սահմանը հստակեցվում, ինչո՞ւ նախապես դա չէիք արել, որ ձեր երեսի նորից չթքեին, ՀՀ-ի դրած սահմանը հաշվի չառնեին, քացով չխփեին ու գային առաջ ու խուճապ տարածեին այդ վայրերի բնակիչների մոտ: Սա ստորացման շարունակությունն է»: Մեր զրուցակիցը նույնիսկ զգուշանում է ասել, որ Սոթքը վերջին կետն էր «Վստահ եմ, որ էլի անակնկալներ կլինեն: Հայաստանի սահմանը թուրքը եւ ռուսն են գծում, ժողովուրդը պիտի գա հասնի էնտեղ, նո՞ր զինվորականները ուղիղ եթեր մտնեն`բացատրեն, թե ի՞նչ է կատարվում: Ու եթե մի տաս մետր էս կողմ են դնում սահմանը, դա նշանակում է, որ վաղը այդ տասը մետրը մենք կռվով ենք ետ բերելու»: Նրա գնահատմամբ, կատարվածը անդառնալի, անվերականգնելի հետեւանքներ է ունենալու մեր պետության, ժողովրդի համար, թե տնտեսական, թե գիտական, թե մշակութային եւ տարբեր այլ առումներով: Ու այս իրավիճակում`երբ հարյուրավոր ռազմագերիներ ունենք, հազարավոր վիրավորներ, բազմաթիվ դիակներ, որոնք դեռ գտնվում են այնտեղ, ըստ մեր զրուցակցի, իշխանությունը դեռ «աթոռը ճանկերով պահելու խնդիր է լուծում»: Իր գնահատմամբ, կատարվածի հետեւանքները մենք դեռ ամբողջությամբ չենք պատկերացնում: Ասում է`իշխանության միակ մխիթարանքն է`«ժողովուրդը փողոց դուրս չի գալիս» եւ հավելում. «Ոստիկանական ուժերը, որ քաղաքացիական ավտոբուսներով, սեւ պլյոնկաներով` բերում եք ԱԺ-ի մոտ եւ այլ վայրերում պահում եք, հանգիստ թողեք`դուրս եկեք Երեւանի փողոցներում քայլեք եւ կտեսնեք ժողովուրդն ինչ է մտածում ու ինչպես է վավում: Այս ամենն այլեւս քաղաքական եւ քաղաքակրթական գործընթացների տրամաբանությունից դուրս է: Այլեւս մենք սուվերեն պետություն չենք, որովհետեւ մեր ժողովուրդն այլեւս դիմում է ՌԴ դեսպանությանը, որպեսզի իր երեխաների հարցերը լուծի, որովհետեւ իր իշխանությունից ակնկալիք չունի, անզոր է, իր իշխանություն ի վիճակի չէ այդ հարցերը լուծելու, ինչը նաեւ հաստատում են իշխանական թեւից`ասելով, որ միայն մեզնից կախված չէ: Պուտինը Կրեմլում նստած հրամանագրեր է ստորագրում մեր վերաբերյալ, որոնց այստեղ տեղյակ էլ չեն: Մենք ընդամենը հիմա ցանկանում ենք ստորացման գործընթացը կանգնացնել: Ինչ-որ մի բանի տակ, որ ստորագրել ես, հուսով եմ`կարդացել ես ու հասկացել ես, ու եթե հասկացել ես`ընդամենը թող ու գնա: Կամ էլ ասա`ինչը-ո՞նց է, մարդիկ իմանան, թե չէ`մենք էսինչը ասել էինք, էնինչը ասել էինք, Բերձորն էլ պիտի դուրս գա, Լաչինն էլ, մինչեւ ամսի մեկը սա է լինելու, ամենացավոտ տեղն ենք հասել…մինչեւ ե՞րբ, չեք հասկանում, որ այս ազգն այլեւս չի մանիպուլացվում»: Հովհաննես Սահակյանի գնահատականներով, ֆեյքերից եւ «իշխանական թայֆայից» դուրս որեւէ մեկն իշխանությանն այլեւս չի հավատում. «Լավ, ասում ես`փրկել եմ կյանքերը…, փրկելով հանդերձ հրաժարական տուր: Քո, ձեր արժանապատվությունը պահեք: Ձեզ որ հանեցին`այլ գնահատականի է արժանանալու, երբ դուրս ես գալիս, այլ գնահատականի է արժանանում: Ասում են`«մենք հող չենք տվել»:  Շուշին գրավե՞լ են, Հադրութը գրավե՞լ են ու էլի շատ բաներ գրավե՞լ են. կարմիր բանտիկը կապած`նվիրեցիք: Ունե՞ք դրան հոդաբաշխ բացատրություն: Չունեք: Ուրեմն`գնացեք`քաղաքակիրթ գնացեք: Պարտված ղեկավար ես եւ այլեւս իրավունք չունես որեւէ բան ասելու: Հեռացիր»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

aravot.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ