20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պետական կառավարման վերին օղակն իր անգործությամբ միացրել է մահվան հոսքագծերը․ Գեղամ Նազարյան

«Կորոնավիրուսից այսօր մահացել է ութ պացիենտ», «կորոնավիրուսից այսօր մահացել է հինգ պացիենտ», «ավտովթարից այսօր մահացել է երեք հոգի»: Մեր աչքը, մեր ականջը սովորում է այս լրահոսին, մենք դադարում ենք դիմադրել, դադարում ենք մտածել, հասկանալ պատճառները, փորձել փոխել իրավիճակը:

Կորոնավիրուսից զոհերի թիվը գերազանցում է հազարը, ավտովթարներից 2019-ին զոհվել է 341, իսկ այս տարվա առաջին կեսին 122 մարդ, և սա այն դեպքում, երբ կարանտինի հետևանքով երթևեկությունն անհամեմատ թեթև էր և քիչ ծանրաբեռնված:

Խաղաղ պայմաններում մեկուկես տարում կորոնավիրուսից մահացել է ավելի քան հազար, իսկ ավտովթարներից 463 մարդ: Սա այն դեպքում, երբ երկրի իրական բնակչությունը մոտ երեք միլիոն է:

Այս սարսափելի վիճակագրությանը եկավ լրացնելու մեկ այլ սարսափելի և Հայաստանի պատմության մեջ չտեսնված իրադարձություն. օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 20-ը մահվան ելքով: Աշխարհագրությունը լայն  է՝  29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 8-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 2 մահվան ելքով:

Փորփրեք արխիվները և կհամոզվեք, որ Հայաստանում ալկոհոլային նման սարսափելի թունավորում չի եղել անգամ իննսունականների սկզբներին, երբ գրեթե տասը հոգուց մեկը տանն օղու արտադրամաս էր հիմնել:

Ակնհայտ է, որ Հայաստանում ինչ-որ կարևոր մեխանիզմ խափանվել է. և այդ մեխանիզմը պետական կառավարման համակարգն է։ Երկու տարի խափանված լինելուց հետո, այն վերածվել է պարզապես մահաբեր մեքենայի: Այս կառավարությունում յուրաքանչյուրն իր սխալների, իր չարած աշխատանքի հետևանքով, իր կամքից անկախ միացրել է  մահերի հոսքագիծը։

Առողջապահության նախարարը տապալեց համավարակի դեմ պայքարը՝ մահերի թիվը կանգ չի առնում, ոստիկանությունը չի նկատում լկտի երթևեկությունը, փողոցային «բեսպրեդելշիկներին», ոստիկանությունն ուրիշ գործերով է զբաղված, վերահսկողական բազմաթիվ մարմինները չեն ֆիքսում մեթանոլի անարգել վաճառքը երկրով մեկ: Զավեշտ է, բայց մահերի առաջին դեպքերից հետո պետությունը չի կարողանում կանգնեցնել թունավոր սպիրտի շրջանառությունը և օգտագործումը։

Կարելի է ասել, որ արմավիրցի Աշոտն է մեղավոր, կամ չինական վիրուսը, կամ հարբած վարորդ եսիմ-ով, բայց դա ճշմարտությունը չէ:

Պետական կառավարման վերին օղակն իր անգործությամբ միացրել է մահվան հոսքագծերը:

Հանրությունը, քաղաքացիական հասարակությունը, քաղաքական ուժերը այս իրավիճակը պետք է լավ ընկալեն և փորձեն կանգնեցնել մեքենան: Անաշխատունակության գինը մարդկային կյանքերն են: Մահերի չդադարող վիճակագրությունը լրահոս չէ, որ կարդանք անցնենք։

Գեղամ Նազարյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ