09 Հուլիսի, Հինգշաբթի, 2020
KFC

Պատասխանատվությունը դնել միայն քաղաքացիների վրա՝ սեփական անկարողության ցուցադրում է. Մանե Թանդիլյան

B0DEC82D-C6E7-4E67-9203-773E0F917927

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի գնահատմամբ՝ Կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարն ուղղակիորեն ձախողել է:

«Այլ բառով այդ ամենը նկարագրել չի լինի, ինչո՞ւ, որովհետև յուրաքանչյուր միջոցառում  անհրաժեշտ էր անել պատեհ ժամանակ, այսինքն՝ ճիշտ այն պահին, երբ դրա կարիքը կար, սա այն հանգամանքն է, որտեղ մեկ կամ երկու օր ուշացումը կարող էր լինել ճակատագրական, և այդպես էլ եղավ: Այսինքն՝ այն միջոցառումները, որոնց մասին այսօր խոսում է Կառավարությունը, վարչապետը կամ Առողջապահության նախարարությունը, պետք է անեին ավելի վաղ ու ճիշտ ժամանակին: Հետևաբար՝ կորոնավիրուսի նկատմամբ անլուրջ վերաբերմունքը տարածվեց ժողովրդի մեջ, ուզում եմ ասել, որ այս վերաբերմունքը Կառավարությունից եկել և տարածվել է քաղաքացիների մեջ: Ուզում եմ հույս հայտնել, որ մեր քաղաքացիներն ավելի խոհեմ կգտնվեն, քան Կառավարությունը, որը ժամանակին հեգնում էր վիրուսի տարածումը, իսկ հիմա ակնհայտ է, որ խուճապի մեջ է»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մանե Թանդիլյանը:

Ըստ նրա՝ այս իրավիճակում մնում է միայն դիմել ժողովրդին և խնդրել, որ գուցե հարմար չէ դիմակ կրելը, ամեն վայրկյան ախտահանել ձեռքերը, սակայն պետք է հետևել այդ ցուցումներին, որը գուցե ամբողջությամբ վիրուսից չի ապահովագրում, սակայն նվազեցնում է դրա վտանգը:

 

«Եթե մենք այս ամենը չանենք, ավելի սարսափելի պատկեր կունենանք, հետևաբար՝ մեր սիրելի քաղաքացիները պետք է իմանան, որ խոսքն իրենց ու իրենց երեխաների մասին է, և այս ամենին ավելի լուրջ վերաբերվեն, քան վերաբերվել է Կառավարությունը։ Հիմա ես տեսնում եմ կառավարության անհանգստությունը, մտահոգությունը, բայց որևէ կերպ չեմ կարող արդարացնել ժամանակին այդ ահազանգը չխփելու և քաղաքացիների ուշադրությունը չգրավելու համար»,- հավելեց Մանե Թանդիլյանը:

Ինչ վերաբերում է վարչապետի ֆեյսբուքյան էջում տեղադրված լուսանկարներին ու տեսանյութերին, որոնցով  մատնանշում է  այն վայրերը, որտեղ մարդիկ չեն պահպանում կանոնները, Մանե Թանդիլյանն ասաց, որ, երբ կա որևէ կարգադրություն, ապա դրա կիրառման և կատարման համար պատասխանատու է Կառավարությունը:

«Իհարկե, հեշտ չէր լինելու, ո՞վ էր ասել, որ հենց հայտարարություն անեն, դրանից անմիջապես հետո բոլորը կանոններին հետևելու են, հետևաբար՝ դա բնական է, և պատասխանատվությունը չի կարելի գցել քաղաքացիների վրա: Պետք է բարձրացնել քաղաքացիների պատասխանատվությունը՝ տարբեր մոտեցումներ ցուցաբերելով: Այս պահին պատասխանատվությունը դնել միայն քաղաքացիների վրա ուղղակի անկարելի է, դա սեփական անկարողության ցուցադրում է: Այս պարագայում ով որոշում է ընդունել, պետք է ապահովի դրա կատարումը: Օրինակ՝ ֆաբրիկայի դեպքում, այդ քաղաքում կա՞ն բավարար չափի ավտոբուսներ, թե՞ ոչ, Կառավարությունը տեղյա՞կ է, որ այդ քաղաքում բավականաչափ քանակի ավտոբուսներ չկան, նման հարցերով հետաքրքրվո՞ւմ են, թե՞ միայն պարտադրելու են, որ պահեն հեռավորությունը: Բայց, երբ մենք միջոցներ ենք պարտադրում, մենք տեղյա՞կ ենք, հնարավո՞ր է դրա կիրառությունը, և դրանք կիրառելու մեխանիզմներ ունե՞նք, թե՞ ոչ։ Սա է խնդիրը, որտեղ ես տեսնում եմ Կառավարության անկարողությունը»,- ընդգծեց Մանե Թանդիլյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ