19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Ես խիստ կասկածում եմ, որ արտադրամասում մարդիկ միմյանց զանգահարում էին. Դավիթ Հարությունյան

420246A1-13D7-4A89-9DF8-938E0E803B01

Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցությունը երեկ՝ մարտի 31-ի ուշ երեկոյան գումարած արտահերթ նիստում հապճեպ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները,  համաձայն որոնց՝ արտակարգ դրության ժամանակահատվածում կֆիքսվեն քաղաքացիների տեղորոշումը և հեռախոսազանգերը։

Երեկվանից բուռն քննարկումների տեղիք տված վիճահարույց օրինագծի, պարետի կողմից կայացված որոշումների և այլ հարցերի շուրջ NEWS.am–ը զրուցել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի հետ։

Պարոն Հարությունյան,  որքանո՞վ են  իրավաչափ և համաչափ օրինագծում առկա դրույթները։ Ի՞նչ եք կարծում, նախատեսված գործիքներով հնարավո՞ր է նպաստել համաճարակի տարածումը կանխելուն։

Արտակարգ դրության պայմաններում անձնական տվյալների պաշտպանության և մասնավոր կյանքի անձեռնմխելիության  սահմանափակումներ կարող են նախատեսվել, և դրանք նախատեսված են մի շարք այլ երկրներում, սակայն էական տարբերություն կա, թե նման գործիքներ կիրառելիս ի՞նչ ճանապարհով են գնացել տարբեր երկրներ։   Չպետք է մոռանանք, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ պետություն է, մենք վավերացրել ենք մի շարք միջազգային փաստաթղթեր և մենք պետք է ղեկավարվենք նաև այդ փաստաթղթերով։ Ցավոք, բավարար ծավալով բացահայտված չէ, թե ինչպես են օգտագործվելու այդ տվյալները։ Այնուամենայնիվ, ես թերահավատորեն եմ վերաբերվում, որ դրանք արդյունավետ կլինեն։

Կարծիքներ կան, որ իշխանությունն այս օրենքով ցանկանում է տոտալ վերահսկողություն իրականացնել բոլոր քաղաքացիների նկատմամբ, մինչդեռ արդարադատության նախարարը պնդում է, որ օրենքով խոսքը միայն տեղակայման վայրը որոշելու եւ զանգելու փաստը ֆիքսելու մասին է, այսինքն՝ եթե լինի վարակակրի զանգի և տեղակայման վայրի համընկնում, այդ դեպքում միայն կապ կհաստատեն տվյալ անձի հետ։

Ես կարծում եմ, որ դա անարդյունավետ միջոց է։ Եթե այս մեթոդը կիրառվեր վարակի հայտնաբերման առաջին օրերին և դրա միջոցով բացահայտվեին շղթաները, միգուցե արդյունավետ լիներ։ Սակայն պետք է վերլուծել, թե այս մեխանիզմը կարո՞ղ էր օգնել, որ վարակն այսքան արագ չտարածվեր։ Եթե վերլուծեին և ասեին, որ արտադրամասում մարդիկ միմյանց զանգահարում էին և քանի որ նույն վայրում էին՝ հնարավոր կլիներ այդ մեթոդով տեղորոշել և կանխել արտադրամասում վարակի տարածումը, խելամիտ չէր լինի։ Ես խիստ կասկածում եմ, որ  արտադրամասում մարդիկ միմյանց զանգահարում էին։

Կամ պետք է դիտարկել, թե Հայաստանում գրանցված 500–ից ավելի վարակակիրների քանի՞ տոկոսի դեպքում այդ եղանակով հնարավոր կլիներ բացահայտել և կանխել վարակի տարածումը։ Նման վերլուծությունների պարագայում միայն կարող էին գնահատել կիրառվելիք մեթոդի արդյունավետությունը։ Այնպես որ ոչ թե պետք է տեսական մոդելներ կառուցել, այլ վերլուծել, և ես վստահ չեմ, որ  այս պահին դրա վրա ռեսուրսներ ծախսելն արդյունավետ է։

Իշխանությունները պատճառաբանում են, որ վարակի շղթաների բացահայտումը դժվարացել է, և իրենք ստիպված են գնալ այլ կոշտ մեթոդների եւս:

Լավ է, որ կոշտ մեթոդներ են ներդրվում, բայց ես ցավում եմ, որ այս մեթոդները չեն ներդրվել օր առաջ: Մենք կարծես թե վիրուսի հետևից ենք քայլում. վիրուսն իր ազդեցությունն է ունենում, ավելի լայն տարածում է ստանում, իսկ մենք փորձում ենք հետևից հասնել։ Կտրուկ միջոցները պետք է իրականացվեին հենց առաջին օրերից, այդ թվում հասարակական տրանսպորտի սահմանափակումները, միջմարզային տեղաշարժերը և այլն: Լավ է ուշ, քան ավելի ուշ:

Այս օրերին շատ է հնչում այն միտքը, որ վարակի արագ տարածման պատճառը մեր ժողովրդի ցածր ինքնագիտակցությունն է եւ անպատասխանատու վերաբերմունքը։ Մի՞թե այս իրավիճակում պետությունն ու իշխանությունները չունեն պատասխանատվության իրենց բաժինը։

Քաղաքացիների ցածր կարգապահությունն, անշուշտ, որոշակի դեր խաղում է հիվանդության տարածման հարցում։ Սակայն չմոռանանք, որ առաջին իսկ օրվանից մակերեսային գնահատական կար այս վտանգին. ավելին, արտակարգ դրությունը հայտարարելուց մի քանի օր անց պաշտոնական կարծիք հնչեց, որ հնարավոր է արտակարգ դրության ռեժիմն ավելի արագ ավարտվի, ինչը ևս թուլացրեց մարդկանց զգոնությունը։ Ես կարծում եմ՝ մարդիկ ոչ միայն պետք է զգոն լինեն, այլև պատասխանատու լինեն սեփական առողջության համար։ Այս իրավիճակում յուրաքանչյուրն իր անելիքն ունի. կառավարությունը՝ իր, շարքային քաղաքացին՝ իր, և այդ առումով ես համարում եմ, որ մինչև շարքային քաղաքացին չգիտակցի, որ իր առողջությունն ու հանրային առողջությունը մեծապես կախված է նաև իր գործողություններից, մենք լուրջ արդյունքներ չենք ունենա։ Հաջողության հասնում են այն երկրները, որտեղ քաղաքացիները սկսում են գիտակցել այդ վտանգը։

Ինչպե՞ս կգնահատեք պարետի կողմից մինչ օրս ընդունած որոշումներն ու իրականացված քայլերը։

Կարծում եմ որևէ մեկն այս պահին իրավունք չունի քննադատելու իրականացվող քայլերը։ իհարկե, կցանկանայի տեսնել ավելի արագ գործողություններ և այլն, սակայն այս պահին քննադատությունը լավագույն միջոցը չէ։  Մենք բոլորս գտնվում ենք մեկ նավակում, և այո, պարետը պետք է կարողանա ընդունել կոշտ որոշումներ և այդ որոշումները պետք է կյանքի կոչվեն։

Արտակարգ դրության ռեժիմի հաստատումից ի վեր լրատվամիջոցներն ահազանգում են, որ իշխանությունները կամայական վերաբերմունք են դրսևորում իրենց հրապարակումների նկատմամբ, երբեք հնարավոր չէ կանխատեսել, թե որ հոդվածի դեպքում վարույթ կհարուցվի և որի դեպքում ՝ոչ։ Արդյոք մամո՞ւլն է խանգարում իշխանություններին՝ պայքարելու վարակի դեմ տարածմանը։

Կարծում եմ, որ լրատվամիջոցների ազատությունն իրականում օգնում է պայքարին, այլ ոչ թե խանգարում։ Այս փուլում մենք ավելի լուրջ խնդիրների առջև ենք կանգնած, քան լրատվամիջոցների հրապարակումների հետևից գնալը։

news.am

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ