08 Հուլիսի, Չորեքշաբթի, 2020
KFC

«Փաշինյանը սխալվում է, երբ անկյունաքարային համարում է ոչ թե Արցախի կարգավիճակը, այլ անվտանգության հարցերը». Էդուարդ Շարմազանով

«Նախ ուզում եմ արձանագրել, որ այսօր երկու նախագահների նկատմամբ այս դատավարությունները մեր պետության ամոթն են»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ իշխանությունները այս կերպ փորձում են շեղել հասարակության ուշադրությունը մի շարք կարևոր հարցերից՝ անվտանգություն, Արցախի հարց, ավանդական արժեքներ. «Իշխանությունները, ցանկանալով ստվեր նետել խնդիրների լուծման վրա, փորձում են շինծու քրեական մեղադրանքներով շեղել հասարակության ուշադրությունը, սակայն դա չի ստացվի: Նախագահներից մեկի վրա շինծու և ծիծաղելի դիզելի գործ են հարուցել, մյուսի վրա էլ, 1.5 տարի է, փորձում են, բայց որևէ լուրջ բան չկա: էլ չեմ ասում, որ ունենք շատ լուրջ վտանգներ՝ արցախյան հիմնահարցում»:

 

Էդուարդ Շարմազանովին խնդրեցինք մեկնաբանել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Արցախի հարցի և անվտանգության վերաբերյալ դատարանի հարակից տարածքում արված հայտարարությունը: Երրորդ նախագահը մասնավորապես ասել էր. «Ես աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ինձ ուղեկցելու է մինչև վերջ և ամենուր»:

Էդուարդ Շարմազանովը ասաց. «Մենք մշտապես խոսել ենք խնդրի փոխզիջման մասին, բայց ունեցել ենք հստակ կարմիր գծեր, և մեզ համար հարցերի հարցը եղել է Արցախի կարգավիճակը: Մեր գործունեության ընթացքում հասել ենք նրան, որ միջազգային փաստաթղթերում, այդ թվում՝ նաև ՀՀ-ԵՄ համաձայնագրում սևով սպիտակի վրա նշված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման մասին: Այսինքն՝ մենք հասել ենք նրան, որ ինքնորոշման իրավունքի սկզբունքը դարձել է գերակա, բոլոր կողմերը, այդ թվում՝ համանախագահները, ընդունում են, որ Արցախի ժողովուրդը պետք է հանրաքվեով որոշի իր ճակատագիրը: Մենք դրան հասել ենք և երբեք կողմ չենք արտահայտվել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» կամ «տարածքներ՝ անվտանգության դիմաց» թեզերին, այն, ինչ այսօր փորձում է անել Փաշինյանը: Խնդրի անկյունաքարը ոչ թե անվտանգությունն է, ինչպես հայտարարում է Փաշինյանը, այլ ինքնորոշման իրավունքն է: Սա է կոնցեպտուալ տարբերությունը մեր իշխանության և Նիկոլի ու իր քայլողների միջև»:

ՀՀԿ ԳՄ անդամի խոսքով՝ Մյունխենում Նիկոլ Փաշինյանը չօգտվեց Ալիևի խոցելի վիճակից. «Այն փոխանցումը, որ Ալիևն արել էր, որ Նիկոլ Փաշինյանը գոլ խփի Ադրբեջանի դարպասին, նա ինքնագոլ արեց: Հայաստանում տեղի ունեցած իշխանազավթման առանցքում եղել է Արցախը, և բոլոր զարգացումները ուղղակի կապված են արցախյան հիմնախնդրի հետ: Այս 2 տարվա ընթացքում բանակցային գործընթացը աշխատում է ի վնաս մեզ»:

Հարցին՝ այսօր մեծ քանակով մարդիկ էին հավաքվել դատարանի դիմաց, և լրագրողների հետ զրույցում ասացիք, որ դուք չեք նրանց մոբիլիզացրել, և եթե ՀՀԿ-ն մոբիլիզացիա աներ, տասնյակ-հազարներով մարդիկ կգային. որտե՞ղ էին այդ տասնյակ-հազարներով մարդիկ 2018թ. գարնանը, նա պատասխանեց. «Եթե ոմանց պետք են ուժեղ ցնցումներ, մենք դեմ ենք ցանկացած ցնցումների: Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած խայտառակ ընտրությունների արդյունքում արձանագրվել է 60 հազար քաղաքացի, ով ձայն է տվել ՀՀԿ-ին: Երկրորդ՝ այսօր ի աջակցություն Սերժ Սարգսյանի՝ փողոց դուրս եկավ այնքան մարդ, որքան երկու տարվա ընթացքում ՀՀ որևէ ընդդիմադիր ուժ չէր արել: Եվ հավատացեք, եթե մոբիլիզացիա լիներ, մի քանի տասնյակ հազար մարդ կլիներ»:

Դիմելով գործող իշխանությանը՝ նա ասաց. «Քաղաքական կոռուպցիոներները դուք եք, որ պետական բյուջեն սարքել եք ձեր դուքյանը՝ 350 հազար տրամադրում եք Լոս Անջելես թռչելուն, մոտ 1 մլն դոլար՝ տները վերանորոգելուն, միլիոնավոր դոլարներ՝ պարգևավճարներ գրելուն, և այդպես շարունակ: Հեղափոխական տեմպերով զարգացել է միայն իրենց ու իրենց շրջապատի ապրելակերպը: Նիկոլ Փաշինյանն իր ո՞ր խոստումն է կատարել. թող բարի լինի՝ իր խոստումները կատարի»:

Ինչ վերաբերում է ՍԴ հարցի շուրջ իշխանության այն գնահատականներին, թե ՍԴ գործող նախագահը դե ֆակտո հանրապետական է, նա հետևյալն ասաց. «Լիքը հանրապետականներ կան, որ այսօր Նիկոլ Փաշինյանի աջ ու ձախ գրպաններում են ֆռֆռում: Կառավարության կեսը մեզ հետ աշխատածներն են, որ իմ կաբինետի դիմաց հերթ էին կանգնած: Էդ ո՞նց եղավ, էլի: Ով գնում՝ իրենց կոշիկները համբուրում է, դըմփ-դըմփ-հու է անում և ծափահարում է, դարձան ոչ կոռուպցիոներ, ով սկզբունքային գործիչ է ու իր գաղափարներին է ծառայում, դարձան կոռուպցիոներներ: Օլիգարխների մեծ մասը այսօր իրենց հետ են, այսօր իրենց հիմնադրամներին են մուծվում, իրենք են ռեկետ անում այսօր օլիգարխներին: Այն օլիգարխները, որոնց Փաշինյանն առավոտից երեկո մրոտում էր, այսօր դարձել են իրենց ախպեր-ընկերները»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Ռազմիկ Մարտիրոսյան

168.am

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ