23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Այսօր Ամենայն հայոց որբերի հայրիկ Թումանյանի 151-ամյակն է

Թումանյանն այն եզակի գործիչներից է, ում գրական հարստությունը նույնքան անժխտելիորեն բացառիկ է ու մեծ, որքան նրա մարդկային կերպարը: Թումանյանի կյանքի բազմաթիվ դրվագներ կարծես մեկտեղվում, զուգահեռվում են հայ ժողովրդի ճակատագրի հետ: Բանաստեղծն ապրում էր իր ժողովրդի համար բարդ ու դաժան ժամանակներում եւ ամբողջովին կիսում էր հային բաժին հասած յուրաքանչյուր դառնություն: Կիսում էր ոչ միայն ինքը, այլեւ նրա ամբողջ ընտանիքը:

Նրա չորս որդիներն էլ զինվորներ էին, չորս դուստրերն էլ՝ գթության քույրեր:

Սրա լավագույն ապացույցը Անդրանիկին ուղղված Թումանյանի նամակն է, որտեղ նա հայտնում է, որ պատրաստ է նվիրաբերելու ամենակարեւորը, ինչ ունի կյանքում.

«Սիրելի՛ Անդրանիկ, ահավոր մոմենտի առջեւ ամեն մարդ պետք է ընդհանուրի սեղանին բերի ինչ որ ունի եւ կարող է` թե՛ վերահաս վտանգը կանխելու, թե՛ բաղձալի խաղաղության հասնելու համար: Ես չորս տղա ունեմ, չորսն էլ Երկրի կառավարության Ազգային խորհրդի եւ քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկներս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքներին, ինչի որ ընդունակ կլինեն»:

Իրեն հատուկ հեռատեսությամբ եւ զգայունությամբ բանաստեղծը դեռեւս 1913 թվականին կանխատեսել էր 1915 սարսափները՝ գրելով.

«Թուրքիան կդիմի ամենահրեշավոր միջոցներին` վերջ դնելու հայ ժողովրդին իր հարցի հետ միասին»:

Հովհաննես Թումանյանի արծաթյա նոթատետրը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այո, Թումանյանը լավ էր ճանաչում թուրքին: Ոտքով անցնելով ողջ Կովկասյան ռազմաճակատով՝ նա անձամբ էր ականատես եղել թուրքերի եւ քրդերի կատարած վայրագություններին՝ թողնելով այնպիսի սահմռկեցուցիչ գրառումներ իր նոթատետրում, որոնք մեկ դար անց անգամ անհնար է կարդալ առանց սարսափահար լինելու:

Զարկվա՜ծ հայրենիք,

Զըրկվա՜ծ հայրենիք։

Որբերի հայրիկը

Կովկասյան ռազմաճակատի անմարդկային տեսարանները դեռ աչքի առջեւ, ծանր ապրումների մեջ, կես մարդ դարձած Թումանյանը հասնում է Թիֆլիս, որտեղ բժիշկները նրան խորհուրդ են տալիս անմիջապես մեկնել որեւէ առողջարան կազդուրվելու: Առողջարանի գումար նա չուներ եւ այդ պատճառով ընկերոջ խորհրդով գնում է Թաբախմելա ամառանոց, որտեղ հույս ուներ մի փոքր հանգստանալու եւ ավարտին հասցնելու իր «Հազարան բլբուլ» գործը, ինչը չհաջողվեց անել, քանի որ ընդամենը երկու-երեք օր անց վրա հասավ Եղեռնի եւ ավերիչ գաղթի գույժը:

Հասարակություն | 2017-08-13 08:00:05

Վատառողջ բանաստեղծը մեկ վայրկյան անգամ չտատանվեց, անմիջապես վերադարձավ Թիֆլիս, գրեց «Հանգիստ ու լիքը հավատքով» հոդվածը, որում կոչ էր անում աշխարհասփյուռ հայությանը չհուսահատվել եւ համախմբվել գաղթականներին փրկելու հարցի շուրջ:

Բանաստեղծի բացառիկ լավատեսությունն ու հավատը մեկ անգամ չէ, որ փրկել էին հազարավոր կյանքեր: Ողբերգությունը՝ սրտում, անասելի ցավը՝ հոգում Թումանյանն առանց րոպե անգամ կորցնելու Թիֆլիսից շտապում է Էջմիածին, որտեղ հավաքել էին հազարավոր գաղթականներ՝ հատկապես որբեր՝ տարբեր տարիքի:

Հայ որբերը

Լուսանկարը` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Ժամանակակիցների վկայությամբ, այդ հավաքատեղին իրական դժոխքն էր երկրի վրա: Ցեղասպանության սարսափները տեսած, խեղված հոգիներով, ամենատարբեր հիվանդություններով վարակված, կեղտոտ ու սոված անթիվ-անհամար երեխաներ հավաքվել էին Էջմիածնում: Այդ առաջին օրերին որբերի կողքին էր միայն Թումանյանը: Անտեսելով բոլոր հնարավոր վտանգները՝ նա բերել էր նաեւ դստերը՝ Նվարդին: Էջմիածնի հավաքատեղին այդ ժամանակ ոչ միայն դժոխք էր, այլ մահ էր բառի լայն իմաստով: Տասնյակ հիվանդություններ, դրանցից ամեն վայրկյան մահացող որբեր եւ բուժքույրեր. սակայն Թումանյանի համար սեփական երեխայի կյանքն անգամ անկարեւոր էր, երբ հայրենակիցների լինելիության հարցն էր դրված:

Հենց այդտեղ է տեղի ունենում Թումանյանի եւ Կաթողիկոսի միջեւ եղած հայտնի երկխոսությունը, որի ժամանակ համեստագույն բանաստեղծն առաջին անգամ տալիս է իրեն թերեւս ամենաարժանի «Ամենայն հայոց բանաստեղծ» անվանումը: Կարճ ժամանակ անց նա դառնում է նաեւ «ամենայն հայոց հայրիկ» բոլոր որբերի համար: Այդպես կոչեցին նրան հենց որբերը: Թումանյանն անմիջապես սկսել էր իրականացնել որբերի տեղաբաշխման, սննդի, հագուստի, հիգիենայի հետ կապված բոլոր վարչական հարցերի համակարգումը: Սակայն նա գիտեր, որ բոլոր այդ հրատապ հարցերից շատ ավելի կարեւոր է որբերի հոգեկան աշխարհը:

Զգայուն բանաստեղծը շատ լավ հասկանում էր, որ ընդամենը մի քանի տարվա կյանք ապրած այդ երեխաները տեսել են անհավատալի, սարսափելի ոճիրներ, ականատես են եղել, թե ինչպես են ամենավայրագ ձեւով սպանվում իրենց ծնողներն ու ընտանիքի անդամները: Նրանց մանկական հոգին ու մարմինը կեղեքվել է ամենադաժան ձեւով, եւ այդ պահին աշխարհում ամենից շատ նրանք քնքշանքի ու մայրական սիրո կարիք ունեն: Եվ նա սկսում է կոչ անել բոլոր կանանց ու աղջիկներին լինելու որբերի կողքին: Շատ անգամ էլ բանաստեղծն ինքն էր տուն ուղարկում օգնության եկած աղջիկներին՝ հաշվի առնելով նրանց անչափահաս լինելը: Սակայն բանաստեղծի մարդասիրությունն ու նվիրումն այնքան մեծ էր, որ բոլորն էին անխտիր վարակվում նույն սիրով եւ չէին ուզում հեռանալ Էջմիածնից:

Այդպես նա տուն ուղարկեց Չարենցի հայտնի սերերից մեկին՝ Կարինե Քոթանջյանին, այդպես տուն էր ուզում ուղարկել ուսուցչուհի Սաթենիկ Օհանջյանին, որը չլսեց Թումանյանին, մնաց եւ մահացավ համաճարակից եւ որի մահը հատկապես ծանր տարավ բանաստեղծը:

Ինչքան էլ քույրերը նվիրումով կատարեին իրենց աշխատանքը, միեւնույն է, որբերի ամենասիրելին, միակ հույսն ու ապավենը Թումանյանն էր: Նրան էին դիմում իրենց բողոքներով, խնդրանքներով, նրան էին կանչում հիվանդ ժամանակ, խնդրում, որ իրենց ծամերը չկտրեն, որ իրենց համար կարմիր զգեստ կարեն. «..Հայրի՛կ, ինձ համար կարմիր հալավ կարեցե՛ք…»:

Ողբի՜ հայրենիք,

Որբի՜ հայրենիք

Նա գիտեր, որ պետք է հոգեպես լինի որբերի կողքին, պիտի փորձի ֆիզիկապես ամուր լինել, որպեսզի կարողանա համակարգել բոլոր վարչական գործերը:

Տեսնել Անդրանիկին

Էջմիածնում, Ալեքսանդրապոլում, Երեւանում, Բաքվում, Դիլիջանում, Թբիլիսիում բացվել էին մանկատներ, եւ դրանք բոլորը հաշվետու էին նրան, դրանց բոլորի հետ կապ էր պահպանում Թումանյանը: Այդ ամենին գումարած նա նաեւ բազմաթիվ հայանպաստ հասարակական կազմակերպությունների անդամ էր ու նախագահ:

Անդրանիկ Օզանյանը

Լուսանկարը` ՀՅԴ թանգարան

Որբերի առօրյան թեթեւացնելու եւ տխրությունը մի փոքր փարատելու համար նա հազար ու մի հնարք էր մտածում: Այդպես՝ երեխաներին քաջալերելու համար, բանաստեղծը նրանց հետ պայման էր կապել. ով լավ սովորի դասերը, նրան Թումանյանը կտանի իր տուն ծանոթացնելու Անդրանիկի հետ: Եվ այս պայմանն իրոք գործում էր: Երեխաները մոռացած իրենց վշտերն՝ ինքնամոռաց տրվում էին ուսմանը՝ Անդրանիկին գեթ մեկ անգամ տեսնելու համար: Այդ երեխաների մեջ էր նաեւ Արգենտինայի ամենահայտնի բանաստեղծուհու, լատինական Ամերիկայի ամենահայտնի հայուհու Ալիսա Կիրակոսյանի հայրը, որը ոգեւորված մեկ շաբաթ քրտնաջան սովորեց եւ հասավ երազանքին` ծանոթացավ Անդրանիկի հետ:

Որպեսզի մեռելներն անթաղ չմնան

Թումանյանը հոգ էր տանում ոչ միայն որբերի, այլեւ յուրաքանչյուրի մասին, ով իրեն շրջապատում էր: Այդքան ցավերի, հոգսերի մեջ գտնվող բանաստեղծը անհանգստանում, հետեւում էր, որպեսզի հանկարծ գթության քույրերը քաղցած չմնան: Թումանյանը հոգ էր տանում անգամ մահացածների մասին: Այդ օրերին մահերն այնքան շատ էին, որ դիակները սայլերով էին տանում թաղելու: Եվ այդպիսի հերթական մի օր սայլապանը հրաժարվում է կատարել իր աշխատանքը՝ պատճառաբանելով, թե քանի որ Էջմիածնի պաշտոնեությունը չի վճարել իր աշխատավարձը, ինքն այդ օրը չի թաղելու մահացածներին:

Հովհաննես Թումանյանը

Լուսանկարը` Հովհաննես Թումանյանի թանգարան

Հուսահատ Թումանյանը հավաքում է իր ունեցած վերջին դրամը, տալիս սայլապանին, որպեսզի հանկարծ մեռելներն անթաղ չմնան: Այդ նույն ընթացքում Գեւորգյան ճեմարանից դուրս էին թողնում Թումանյանի որդուն՝ վարձը չվճարելու պատճառով: Թումանյանը դարձել էր արդեն «Ամենայն Հայոց հայերի Հայրիկ»-ը՝ իր վրա վերցնելով մի ողջ որբացած ժողովրդի հոգս:

«Թումանյանը վազում էր կետից կետ, վրանից վրան… մի մեռնողից դեպի մի ուրիշ մեռնողը: Կարգադրում էր, հրամայում, կշտամբում, ժպտում, շոյում, զայրանում»:

Վահան Թոթովենց

Սարյանը չդիմացավ

Վիշտը համախմբել էր բոլորին, յուրաքանչյուրը փորձում էր օգնել ինչով կարող է: Այդ նույն մղումով Էջմիածին եկավ Մարտիրոս Սարյանը, սակայն չկարողացավ, չհասցրեց օգտակար լինել: Բակում եւ միջանցքներում իրար վրա դարսված դիակներ էին, շուրջբոլորը՝ սով, հյուծված եւ հիվանդ աչքեր, մահացողների ճիչեր:

Տեսնելով այդ իսկապես դժոխային տեսարանները՝ նկարիչն ուշագնաց եղավ: Եվ Թումանյանը թողած որբերին, հիմա էլ սկսեց ուշքի եւ խելքի բերել Սարյանին: Ուշքի գալուց հետո վատառողջ Սարյանը Թումանյանի հորդորով հեռացավ: Եթե Սարյանը չդիմացավ ընդամենը մի քանի ժամ, պատկերացրեք, թե ինչ էր կատարվում բանաստեղծի նուրբ ու զգայուն սրտի հետ, որն արդեն օրեր շարունակ այդ տեսարանների վկան ու լուռ կրողն էր: Հենց այդ պատճառով դեռ հիսունը չբոլորած երբեմնի կենսախինդ տղամարդն ընդամենը մի քանի ամսում անճանաչելիորեն ծերացավ:

Բայց չգիտես որտեղից հիվանդ բանաստեղծի վրա հզոր ուժեր էին իջել, եւ նա չէր ընկճվում: Այդ շրջանն ու Թումանյանի տոկունությունը լավագույնս նկարագրում է Լեոն.

«Հովհ. Թումանյանը այդ դժոխքի մեջ է, գործում է, բարեբախտաբար չի գժվում»:

Կորուստներ, կորուստներ, կորուստներ

Եվ երեւի թե Թումանյանն իսկապես խենթանար, եթե չզգար, թե այդ պահին ինչքան է զգացվում իր կարիքը: Նա գիտեր, որ հուսահատվելու իրավունք պարզապես չունի: Նա անգամ խեղդեց իր մեջ սեփական վիշտը: 1915 թվականին համագյուղացիները սպանել էին նրա եղբորը՝ Ռոստոմին: Մահացած Ռոստոմի գրպանում Թումանյանի նամակն էր, որում նա զգուշացնում էր եղբորը մոտալուտ վտանգի մասին: Մեկ տարի հետո մահացավ նաեւ մյուս երիտասարդ՝ երեսունը չբոլորած եղբայրը՝ Արտաշեսը: Երեք տարի հետո՝ 1918 թվականին, մահացավ նաեւ բանաստեղծի սիրելի տղան՝ Արտիկը՝ բացառիկ շնորհալի մի տղա: Որդու կորուստը հետագայում դառնում է Թումանյանի կյանքի մեծագույն հարվածը: Բայց, մեւնույն է, անգամ այդ կորստից հետո նա էլի մինչեւ կյանքի վերջ շարունակում է զբաղվել ազգային հարցերով:

Թումանյանի որդեգիր Կարեն Դեմիրճյանի մայրը

Գաղթական փոքրիկներին որբանոցներում տեղավորելուց բացի Թումանյանն ու մանկատների աշխատակիցներն ակտիվորեն զբաղվում էին նաեւ որբերի որդեգրման հարցերով: Երկրում սով էր ու աղքատություն, սակայն շատ ընտանիքներ միեւնույն է որդեգրում էին գաղթական երեխաներին: Թումանյանը «Հայ գրողների կովկասյան միության» նախագահն էր եւ, դեմ գնալով միության սահմանադրությանն ու վարչության անդամներին, ստիպեց, որպեսզի միությունը որդեգրի երեք շնորհալի երիտասարդների՝ Միհրան Թութունջյանին, Նորայր Դաբաղյանին եւ Վաղարշակ Նորենցին:

Հովհաննես Թումանյանը

Լուսանկարը` Հովհաննես Թումանյանի թանգարան

Բանաստեղծը նաեւ ֆոնդ ստեղծեց այդ երեքի համար, որպեսզի նրանք կարողանան ուսում ստանալ եւ ապրել: Նրանցից առաջինը, ցավոք, մահացավ, իսկ վերջինն ապրեց եւ հուշեր գրեց Թումանյանի մասին՝ լի սիրով եւ անսահման երախտիքով: Այդ երեք պատանիներին փրկելուց բացի, տասը զավակ ունեցող Թումանյանը նաեւ տասնյակից ավելի երեխաների որդեգրեց եւ տարավ Թիֆլիսի իր տուն:

Բոլոր այն մարդիկ, որոնք երեխա էին որդեգրում, հասարակական կազմակերպություններից որոշակի գումար էին ստանում, որպեսզի կարողանային հոգ տանել երեխաների մասին: Այդ օրերին բոլորն էին թշվառ վիճակում: Պարտքերի մեջ գտնվող Թումանյանն ինքն էլ դրամ չուներ, սակայն իր որդեգրած տասն երեխաների համար հրաժարվեց գումար վերցնել որեւէ կազմակերպությունից:

Այդ երեխաների մեջ էր նաեւ Խորհրդային Հայաստանի ապագա ղեկավար Կարեն Դեմիրճյանի մայրը՝ Լուսնթագը՝ սերված Վանի երեւելի ընտանիքներից մեկից: Լուսնթագի ողջ ընտանիքին սպանել էին իր աչքի առջեւ, փրկվել էին միայն ինքն ու քույրը: Արդեն մանկատանը Լուսնթագը կորցրեց նաեւ քրոջը: Նրա համար ծնող դարձավ Թումանյանը, ընտանիք՝ բանաստեղծի կինն ու երեխաները: Լուսնթագի հետագա ողջ կյանքում որպես ամենալուսավոր ու պայծառ հուշ մնաց Թումանյանը: Նա այդպիսին մնաց իրեն հանդիպած բոլոր որբերի, յուրաքանչյուր մարդու կյանքում:

Հույսի՜ հայրենիք,

Լույսի՜ հայրենիք…

Մարդն ամեն ինչ է… Ղոչա´ղ կացեք

Թումանյանի ծննդյան օրը հիշեցինք նրա կյանքի ամենաողբերգական շրջանի մասին, սակայն անգամ այդտեղ կար Թումանյանին հատուկ անսահման մարդասիրությունն ու լավատեսությունը: Եվ նա այդ հատկանիշները չկորցրեց անգամ մահվան մահիճում: Մեռնող բանաստեղծը բժշկին հարցնում է՝ ի՞նչ է մարդը: Իր առջեւ մահացող գրողին տեսնող բժիշկն ասում է. «Մարդը ոչինչ է»: Այդ պատասխանին Թումանյանը հակադարձում է. «Մարդն ամեն ինչ է»: Բժիշկն ապրողն էր, Թումանյանը՝ մահացողը, եւ հավանաբար հենց այս երկխոսության մեջ է ամփոփված Թումանյանի կյանքի բանաձեւն ու կարգախոսը. մարդն իսկապես նրա համար ամեն ինչ էր: Հենց այդ պատճառով էր նա պատրաստ անվերջ ինքնամոռաց զոհաբերվելու:

Հովհաննես Թումանյանը

Լուսանկարը` Հովհաննես Թումանյանի թանգարան

Կա մի դրվագ, որը հիանալի ձեւով բնորոշում է Թումանյանի անձնազոհությունը: Մի անգամ, երբ բանաստեղծը կառքով գնում է, հեռվում՝ ինչ-որ տեղ ծառերի տակ տեսնում է մի երեխայի: Կառքը կանգնեցնում է եւ գթության քույրերից մեկին խնդրում է գնալ ու բերել երեխային: Քույրը վերադառնում է եւ ասում, որ չի կարողանում փոքրիկին դիպչել: Որբն ամբողջովին կեղտոտ էր ու ցեխոտ, ոտքից գլուխ ոջիլներով պատված ու հիվանդ: Թումանյանն իջնում է կառքից, հանում է գրպանից այդ օրերին միշտ իր մոտ պահվող սափրիչը, խուզում երեխային, փաթաթում իր թիկնոցի մեջ եւ տանում հիվանդանոց: Երեխան փրկվում է:

Եվ, առհասարակ, էլ ի՞նչ կարելի է ասել մի մարդու մասին, որի մահից առաջ ասված վերջին խոսքն է եղել՝ ուղղված մեզ բոլորիս, ողջ հայ ժողովրդին․ «…Ղոչա´ղ կացեք»:

Իմ նո՜ր հայրենիք,

Հըզո՜ր հայրենիք․․․

Աղբյուրը՝ mediamax.am

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ