21 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2020
KFC

Օրվա հիստերիկ ժանրին համապատասխան՝ կառավարությունն ընդդեմ ներդրողների

990022

Ներդրումների թեմայով վարչապետական, պատգամավորական և սոցցանցային գրոտեսկը վերջացնելուց հետո տակը մնում է պարզ հետևանքը՝ ներդրումներ չկան։

Թեման ընդհանրապես հումորային չէ։ Եվ եթե վարչապետը, քաղաքապետը և իշխող ուժը շարունակեն նույն տեմպով քննարկել արաբ ներդրողների հագուստը, բոթասը, հեռախոսի մոդելը, ապա իմացեք, որ ընդհանրապես կարող ենք կորցնել արաբական աշխարհից որևէ ներդրման հնարավորություն։ Ընդամենը պետք է հասկանալ մեկ պարզ բան՝ այդ մարդկանց մշակույթը մեզնից տարբերվում է և այո, նրանք կարող են բանակցությունների գալ մեզ համար անսովոր դրես-կոդով։

«Բա իմացել եք, հայերը կիրակի օրով, իրենց canali –ները հագած, իրենց կիրակնօրյա զբաղմունքները թողած եկել են հանդիպման, իսկ արաբները ջինսով, բոթասով….»։ Շարունակել այդպես մտածել և շարունակեք այդպես պարզունակ խոսել, ու արաբական աշխարհից ներդրումների որևէ ակնկալիք այլևս չի լինի։

Հայաստանի ներդրումների աղբյուրները շատ չեն, և արաբական աշխարհը եզակի իրական հնարավորություններից է. այն չի կարելի վտանգել պրիմիտիվ պահվածքով։ Ծառուկյանին վատություն անելու, ցավացնելու համար չի կարելի վտանգել ներդրումների մի ողջ ուղղություն։ Մի կողմից վազում եք Ծառուկյանի բացած աշխատատեղերի ֆոնին նկարվեք, մյուս կողմից՝ ծաղրում եք նրա բերած ներդրողներին։

Հայաստանի համար ներդրումների մյուս իրական ուղղությունը ռուսական կապիտալն է, մասնավորապես՝ ռուսահայ կապիտալը։ Դրանք չկան, որովհետև կա ռուսական վերնախավի լուռ որոշումը. քանի դեռ Ռոբերտ Քոչարյանը անազատության մեջ է, այդ ներդրումները չեն լինելու։ Եվ սրա մասին Հայաստանի իշխանությունը շատ լավ գիտի։

Կա արևմտյան ներդրումների հնարավորությունը, մասնավորապես՝ սփյուռքից։ Բերեմ մեկ օրինակ. շաբաթներ առաջ դատախազությունը մի դարակազմիկ տեքստ էր հրապարակել Ծաղկաձորի մարզահամալիրի վերաբերյալ. գտել ենք, բացահայտել ենք, բռնել ենք և այլն՝ օրվա հիստերիկ ժանրին համապատասխան։ Շարունակություն, բնականաբար, չկա, որովհետև իրականում մեջը բան չկար՝ բացի աղմուկից, բայց եղավ կոնկրետ հետևանք՝ համալիրի սեփականատեր՝ ամերիկահայ խոշոր գործարար Ալբեր Բոյաջյանը վիրավորվեց ու որոշեց հայրենիքում որևէ բան չանել։

Ուզո՞ւմ եք փաստ. նայեք «Հայաստան» հիմնադրամի վերջին մարաթոնի տվյալները։ Ալբեր Բոյաջյանը միշտ մասնակցում էր, սովորաբար՝ մեկ միլիոն դոլարի կարգի գումարով։ Այս տարի նա չկա։ Ալբեր Բոյաջյանը սփյուռքի համակարգաստեղծ անհատներից է. նրա մասնակցությունը մարաթոնին ազդանշան էր մյուսների համար, որ միանան։ Եվ, համապատասխանաբար, նրա հետ քաշվելը շատերի համար ուղիղ ազդանշան է՝ անել նույնը։ Ամեն ինչից անկախ՝ Ալբեր Բոյաջյանն այնքան բան էր արել Հայաստանի և Արցախի համար, որ քրեական էժանագին շոուից նրան կարելի էր զերծ պահել։ Բայց ո՞ւմ սա ասես։

Ի վերջո՝ իշխանությունը պիտի սկսի հասկանալ իր քայլերի հետևանքները։ Օրվա ռեյտինգը կամ պողոսների րոպեական հիացմունքը չի կարող լինել իշխանության քայլի հիմնական մոտիվացիան։ Ներդրումների առումով Հայաստանի համար բոլոր իրական տարբերակներն այսօր վտանգված են։ Միայն ու միայն ՀՀ իշխանութան մեղքով։

Մարինե Սուքիասյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ