16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ է Փաշինյանն անընդհատ հայտնվում շքեղության շուրջ սկանդալների մեջ:ՀՀ վարչապետն ու Գերմանիայի կանցլերը. Antifake

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո ջանք չի խնայում ցույց տալու, որ շարունակում է մնալ «ժողովրդի մի մասնիկը»։ Վերջինս իր ընտանիքի հետ պարբերաբար ներկայանում է տարբեր հրապարակային միջոցառումների, քաղաքացու հետ պարում է հրապարակում, խորոված է անում փողոցում։ Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարման սկզբից փորձում է ներկայանալ նաև որպես «ժամանակակից եվրոպական համեստ» առաջնորդ՝ համապատասխան ցուցադրական քայլերով։

Եվրոպական առաջնորդների մոտ բավական տարածված է այն ավանդույթը, երբ, օրինակ, շատ ղեկավարներ աշխատանքի են գնում հեծանիվով՝ առանց թիկնազորի, կամ ապրում բավական համեստ պայմաններում:

Հիմա հասկանանք, թե ինչ պայմաններում են ապրում եվրոպական առաջնորդները, մասնավորապես` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, և ինչ պայմաններում է ապրում Նիկոլ Փաշինյանը։ Որքանո՞վ է իրական Նիկոլ Փաշինյանի «համեստ առաջնորդի» կերպարը։

Նիկոլ Փաշինյանի վարչապետության կարճ ժամանակահատվածում Փաշինյաններն արդեն հասցրել են մի քանի կառավարական առանձնատուն փոխել։ Երեկ` նոյեմբերի 2-ին, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ցուցադրում էր նոր վերանորոգված, օրենքով իրեն չպատկանող կառավարական առանձնատունը, որի հիմնանորոգման, վերանորոգման և կահավորման համար, ըստ մեր տեղեկությունների, ծախսվել է մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլար, մինչդեռ Փաշինյանը պնդում է, որ ծախսվել է մոտ 200.000 ԱՄՆ դոլար։

 

Հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է ապրում Եվրամիության տարածքում առաջատար տնտեսությունն ունեցող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

Գերմանիայի պես հզոր պետության ղեկավարին, որը համարվում է աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկը, և ում ղեկավարությամբ Գերմանիայի ՀՆԱ-ն 2018 թվականի համար արդեն իսկ հատել է 3.386 մլրդ եվրոյի սահմանը, Գերմանիայում կառավարական առանձնատներ և այլ շքեղություններ հարկավոր չեն:

Անգելա Մերկելը և նրա ամուսինը՝ Բեռլինի համալսարանի պրոֆեսոր Իոահիմ Զաուերը, նախընտրեցին մնալ Բեռլինի կենտրոնում գտնվող իրենց տանը, երբ 2005 թվականին Մերկելը կանցլերի պաշտոնում փոխարինեց Գերհարդ Շրյոդերին:

Այն շենքը, որտեղ ապրում է Անգելա Մերկելը, շատ հեշտ է գտնել, և դրա նկարները հասանելի են համացանցում: Նա ապրում է «Am Kupfergraben» («Ամ Կուֆերգրաբեն») հասցեում գտնվող շենքում՝ հանրահայտ Պերգամոն թանգարանի հարևանությամբ: Մերկելը չի զբաղեցնում ամբողջ շենքը, բնակարանը գտնվում է շենքի չորրորդ հարկում:

 

Տան մոտակայքում չկան հատուկ նշանակության զորքեր, դիպուկահարներ, և պահակախումբ: Այստեղ հերթապահում են մի քանի ոստիկան և մեկ ոստիկանական մեքենա: Եվ այս ամենը հնարավոր է նկարահանել:

 

Մերկելի տանը հարակից է տրամվայների անցուղին: Ի տարբերություն շատ առաջնորդների՝ Մերկելը, հանուն իր հանգստության և խաղաղ քնի, չի կարգադրել հեռացնել տրամվայների երթուղիները:

 

Ահա նման բնակարանային պայմաններում է բնակվում Անգելա Մերկելն իր ամուսնու հետ՝ ի հակադրություն Նիկոլ Փաշինյանի։ Սրանով նրանց միջև հետաքրքրական համեմատականները չեն ավարտվում։

Ինչպես արդեն նշեցինք, Նիկոլ Փաշինյանը իրականացնում է ցուցադրական քայլեր՝ ժողովրդին հնարավորինս մոտ երևալու համար։

Այս տարվա հուլիսին Նիկոլ Փաշինյանը ընտանեկան լուսանկար հրապարակեց իր արձակուրդից՝ ցույց տալով, որ արձակուրդի ընթացքում վայելում են իրենց «կյանքի հաճույքները» իրենց «հին և բարի» «Nissan Qashqai»-ով։

 

Որից հետո, սակայն, տեսանյութ տարածվեց, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Nissan Qashqai»-ին ուղեկցում պետական պահպանության 8 մեքենաները։

«Qashqai»-ի լուսանկարի հրապարակումից 2 ամիս անց էլ Նիկոլ Փաշինյանը պետական միջոցներով ձեռք բերեց յուրաքանչյուրը 550.000 ԱՄՆ դոլար արժողությամբ 2 «Mercedes-Benz» S դասի ամբողջությամբ զրահապատ մեքենաներ՝ փոխարինելով իրեն կցված «Mercedes-Benz» s600 w221 կառավարական մեքենան։ Նոր ձեռք բերված մեքենաներից մեկը սպասարկում է Փաշինյանին, իսկ 2-րդը կցվել է վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին։

Իսկ ահա Մերկելը իր համար ընտրել է ոչ Mercedes, ոչ էլ BMW, այլ Audi A8 L W12 Security մակնիշի մեքենան, որի արժեքը մոտ 125.000 ԱՄՆ դոլար է, այսինքն՝ Փաշինյանի մեքենայից 4,5 անգամ ավելի էժան։

 

Մերկելը համեստ է նաև գնումներ կատարելիս։ Լինելով աշխարհում ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը՝ Անգելա Մերկելին հաճախ կարելի է տեսնել Բեռլինի սուպերմարկետներում գնումներ կատարելիս, որտեղ նա, ինչպես մյուս բոլոր հաճախորդները, սպասում է իր հերթին և կանխիկով վճարում սեփական դրամապանակից:

 

2012 թվականի մայիսին Մերկելի աշխատավարձը առաջին անգամ բարձրացվեց: Այնուամենայնիվ, Գերմանիայի նախագահը, որի պաշտոնը, համաձայն Սահմանադրության, զուտ ներկայացուցչական է, 11 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ է ստանում, քան Անգելա Մերկելը:

Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շարունակ աշխատավարձային սկանդալների մեջ է։

Իսկ ահա Նիկոլ Փաշինյանը չի խնայում պետական միջոցները և աշխատանքային այցի է մեկնում չարթերային թռիչքով, որը պետբյուջեի վրա արժենում է 165 միլիոն դրամ։ Իսկ առաջիկայում, ինչպես օրեր առաջ տեղեկացրեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, նախատեսվում է ձեռք բերել նոր ինքնաթիռ։

Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման ընթացքում փորձեց տեղավորվել նաև «հեծանիվով աշխատանքի մեկնող եվրոպական առաջնորդի» կերպարի մեջ։ Նա այս ընթացքում 2-3 անգամ Կառավարական առանձնատնից հեծանիվով ուղևորվել է դեպի Կառավարության շենք աշխատանքի։ Բոլոր դեպքերում Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ի լուր համայն աշխարհի իրազեկել է, որ աշխատանքի է գնում հեծանվով։

Ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակումն ու նախապես պայմանավորվածությամբ ուղեկցող տեսախցիկները, սակայն, ֆիքսում են, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի հեծանիվի կողքով վազում նրա թիկնազորի պետը, իսկ հետևից՝ վարչապետին կցված թիկնազորի մեքենաները։ 2019 թ. մայիսի 9-ին կառավարական տեսախցիկներով նկարված տեսանյութը հայտնվեց նաև պաշտոնական լրահոսում՝ «Վարչապետն այսօր առավոտյան աշխատանքի է գնացել հեծանիվով»։

 

Եվրոպական առաջնորդներից մեկը՝ Նիդերլանդների վարչապետ Մարկ Րութը, ևս ամեն օր աշխատանքի է ուղևորվում հեծանիվով, սակայն՝ միայնակ, առանց թիկնազորի ուղեկցության։ Հոլանդացիներն իրենց վարչապետի՝ հեծանիվով աշխատանքի գնալու մասին իմացել էին պատահական անցորդներից մեկի կողմից արված լուսանկարից, որը մեծ աժիոտաժ էր առաջացրել հասարակության մեջ։

 

Ինչպես և կարող ենք համոզվել, այսպես են ապրում եվրոպացի հաջողակ առաջնորդները, առանց շքեղությունների, առանց կառավարական առանձնատների վերանորոգման և նոր զրահապատ մեքենաների ձեռքբերման համար պետբյուջեից միլիոնավոր դոլարներ ծախսելու և միաժամանակ զարգացնում են սեփական պետությունը՝ դարձնելով այն բարեկեցիկ և հզոր:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

antifake.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ