28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

«ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ»-ն կտուգանվի

capture-770x510

Ընդդեմ կանանց  նկատմամբ բռնության կոալիցիան վերջերս հանդես էր եկել հայտարարությամբ՝  վերստին անդրադառնալով մեդիադաշտում առկա գենդերային խտրականությանն ու բռնությանը։ Այդ հայտարարության առիթն էր հանդիսացել «Արմենիա» հեռուստաալիքի «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալը, որտեղ տղամարդը փորձում էր մկրատով կտրել կնոջ քիթը:

Հաշվի առնելով վերոնշյալ խնդրի կարևորությունն ու ազգեցությունը հանրության գիտակցության վրա, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան  հրավիրել էր ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ուշադրությունը։

Եվ այսպես,  Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ուսումնասիրելով  «Արմենիա Թի-Վի» հեռուստածրագրի կողմից հեռարձակված «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի 2019 թվականի օգոստոսի 22-ի եթերի ընթացքում ակնհայտ բռնության, կտտանքների ենթարկելու, ֆիզիկական և հոգևոր ցավ պատճառելու ցուցադրված տեսարանները, որոնք արգելված են «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով, օգոստոսի 23-ին  Ընկերության նկատմամբ հարուցել էր վարչական վարույթ, իսկ սեպտեմբերի 11-ին հրապարակել է որոշումը՝ «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության նկատմամբ կիրառել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

Իր որոշման մեջ Հանձնաժողովն ամրագրում է նաև, որ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածում տրված են հասկացությունների սահմանումները`

1) գենդեր, գենդերային` տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, կանանց և տղամարդկանց միջև հարաբերությունների սոցիալական հայեցակետ, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ` քաղաքականությունը, տնտեսությունը, իրավունքը, գաղափարախոսությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը.

2) գենդերային խտրականություն (ուղղակի, անուղղակի)` սեռի հատկանիշով անձանց իրավունքներն ու շահերը սահմանափակող ցանկացած տարբերակում, բացառում կամ նախապատվություն, որն ուղղված է կամ հանգեցնում է քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց և տղամարդկանց իրավահավասարության ճանաչման, օգտագործման կամ իրականացման սահմանափակմանը կամ վերացմանը։

Հանձնաժողովն ընդգծում է, որ առկա են բազմաթիվ հետազոտություններ, որոնք փաստում են, որ մեդիայում ևհատկապես սերիալներում արտացոլած կանանց նկատմամբ խտրականությունն ու բռնությունը անմիջականորեն ազդում են հանրային կյանքում բռնության օջախների բռնկման և դրանց քանակի, ինչպես նաև դաժանության աստիճանի վրա և սերիալներում բռնության տեսարանների ավելացմանը զուգահեռ, ավելացել են նաև իրական բռնության դեպքերը:

Դա մենք տեսնում ենք նաև հայաստանյան իրականության մեջ, երբ կնասպանության դեպքերը ավելանում են։ Ուստի, ավելորդ է ասել, որ սերիալում տեղ գտած այդպիսի բռնության տեսարաններն ազդում են հասարակական, հատկապես երեխաների տրամադրության և առհասարակ կերպի վրա:

Հանձնաժողովը գտնում է, որ ընտանեկան բռնության հանդեպ անհանդուրժողականության ձևավորման հիմնական խոչընդոտներից մեկն էլ հենց սա է՝ առնականության վերաբերյալ պատկերացումներում կնոջ հանդեպ իշխանության բռնի դրսևորումն ընդունելի համարելու հանգամանքը: Տղամարդու կողմից նման ընկալումն ու դրանից բխող վերաբերմունքը հանգեցնում են նոր բռնությունների՝ բռնարարի մոտ ստեղծելով իր վարքի ու արարքների անպատժելիության ընկալում:

Եվ այս ամենի հերթական օրինակը «Արմենիա Թի-ՎԻ» հեռուստածրագրի «Անհասցե ծնվածները» ամբողջ հեռուստասերիալն է, այլ ոչ թե միայն քննության առնված սերիան: «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 15-րդ մասը սահմանում է.

 «15. Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումները և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների եթեր հեռարձակումը ժամը 24.00-ից մինչև 6.00-ն ընկած ժամանակահատվածից դուրս, բացառությամբ բաժանորդային հեռարձակման` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով»:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի
22-րդ հոդվածի 2-րդ մասով, Հանձնաժողովի «էրոտիկ բնույթի, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող հեռուստառադիոհաղորդումների (ֆիլմերի), այլ տեսաձայնաշարային նյութերի որոշման չափորոշիչները» թիվ 91-Ա որոշմամբ և հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 15-րդմասը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշել է.

1․ «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության նկատմամբ կիրառել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի
հինգհարյուրապատիկի չափով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ««ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերությանը պատշաճ ձևով հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ