24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նախագահ Բակո Սահակյանին` ծննդյան օրվա առթիվ

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին` ծննդյան օրվա առթիվ: 
 
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
 
«Արցախի Հանրապետության մեծարգո՛ նախագահ, 
 
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան օրվա առթիվ:
 
Մեծագույն պատասխանատվությամբ, երկրի ղեկավարին բնորոշ լայնախոհությամբ, սթափ մտածողությամբ և հավասարակշիռ մոտեցումներով Դուք տարիներ շարունակ Ձեր ջանքն եք դրել հանուն Արցախի:
 
Ձեր կյանքի լավագույն տարիները անմնացորդ ծառայություն են Հայրենիքին և հայ ժողովրդին, արժանի` խորին հարգանքի և գնահատանքի:
 
Լինելով Արցախյան շարժման առաջամարտիկներից` Դուք ազատամարտի առաջին իսկ օրերից Ձեր անուրանալի ներդրումն եք ունեցել Արցախի սրբազան հողի ազատագրման, պաշտպանության, ապա նաև կանոնավոր բանակի ձևավորման, Արցախի Հանրապետության  կայացման և արցախցիների անվտանգության ու բարօրության ապահովման գործում: 
 
Այսօր էլ նույնպիսի պատվախնդրությամբ շարունակում եք Ձեր առաքելությունը` կարևորելով մեր ժողովրդի միասնականությունը, Արցախի հիմնախնդրի խաղաղ և արժանապատիվ լուծումը, Արցախի զարգացումն ու անցնցում ընթացքը  դեպի ապահով հանգրվան, որում ես Ձեզ անկեղծորեն հաջողություն եմ մաղթում: 
 
Հարգելի՛ պարոն Սահակյան,
 
Մենք երդվել ենք հերոսամարտում զոհված մեր ամեն ընկերոջ շիրիմի առջև` պաշտպանել հայոց հողը և շենացնել այն, չընկրկել փորձությունների ու դժվարությունների առջև: Հարատև խաղաղության հասնելու և զարգացած ու հզոր Արցախ ունենալու ճանապարհը անխոչընդոտ և դյուրին չէ, սակայն ինչպես մինչ այսօր, այսուհետ ևս  վստա՛հ եմ Ձեր նվիրվածությանը հայրենի հողին և ժողովրդին:  
 
Կրկին շնորհավորում եմ և մաղթում Ձեզ քաջառողջություն, Ձեր ամուր ու հայկական ավանդապաշտ գեղեցիկ ընտանիքին` երջանկություն, նոր հաջողություններ՝ ի շահ Արցախի և նրա արժանապատիվ քաղաքացիների»:
 
Ծննդյան օրվա առթիվ Սերժ Սարգսյանը նաև հեռախոսազրույց է ունեցել նախագահ Բակո Սահակյանի հետ` շնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցել Արցախի նախագահին:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ